Երևան, 17.01.2021
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

29 Դեկտեմբեր, 2020

        ՇՆՈՐՀԱՎՈՐ 2021 ԹՎԱԿԱՆԸ

 

 Սովորաբար անցնող տարին ամփոփելիս նշվում են տարվա լավ ու վատ  կողմերը, ձեռքբերումներն ու կորուստները: Սակայն այս անգամ դժվար է արտահայտել մեր ազգին բաժին հասած անհաջողություններն ու անդառնալի կորստի ցավը:

 Ինչևէ, այժմ հարկավոր է թոթափել լարվածությունն ու հուսահատությունը, համատարած քայլեր ձեռնարկել հասարակության համախմբման, երկրի առաջ ծառացած բազմաշերտ խնդիրների լուծման համար: Այժմ մեզ մուրճերի զարկ է հարկավոր, այլ ոչ թե խառնաշփոթություն, բարություն, այլ ոչ թե չարություն և նախանձ, համախմբում, այլ ոչ թե հաշվեհարդար:

 Միայն հասարակության զգոնության ու համերաշխության շնորհիվ հնարավոր կլինի ամրապնդել մեր երկրի պետականության հիմքերը, քաղաքացու, աշխատողի մոտ վերականգնել վաղվա օրվա և երկրի ապագայի հանդեպ վստահություն և հավատ:

 Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում առողջություն և աշխատանքային նորանոր հաջողություններ: Թող գալիք 2021 թվականը լինի խաղաղության, պետության տնտեսական զարգացման ու հզորացման տարի:

 

 

Հայաստանի արհմիությունների

կոնֆեդերացիայի նախագահ՝                            ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ

28 Դեկտեմբեր, 2020

 «ՀՀ-ում կովիդ-19-ի բացասական հետևանքներից աշխատողների անվտանգության և առողջության պաշտպանության նպատակով հանրային իրազեկման արշավ» ծրագրի շրջանակներում ՀԱՄԿ-ի ուսումնական կենտրոնը ներկայացնում է նոր տեսահոլովակ:

 

25 Դեկտեմբեր, 2020

22 Դեկտեմբեր, 2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը
ԷՆԵՐԳԵՏԻԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է համակարգի աշխատողներին մասնագիտական տոնի՝ <Էներգետիկի օրվա> կապակցությամբ, մաղթում արժանապատիվ աշխատանք և բարեկեցիկ կյանք:
 Համակարգի աշխատողների շուրջօրյա դժվարին ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ այսօր Հայաստանի բոլոր անկյուններում, յուրաքանչյուր տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն:
 Ոլորտում իրականացվող սոցիալական խնդիրների լուծման ու բարեփոխումների արդյունքում է, որ նրանց աշխատանքի արդյունավետությունը շոշափելի է բոլորիս համար:


Լավագույն մաղթանքներով՝              ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ

25 Նոյեմբեր, 2020

ԿՈՎԻԴ 19-ի կանխարգելման միջոցառումների արդյունավետության գնահատման նպատակով «ՀՀ-ում կովիդ-19-ի բացասական հետևանքներից աշխատողների անվտանգության և առողջության պաշտպանության նպատակով հանրային իրազեկման արշավ» ծրագրի շրջանակներում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Մոսկվայի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ աշխատավայրում աշխատողների առողջության և անվտանգության պաշտպանության միջոցների ապահովման կապակցությամբ իրականացրել է աշխատանքի ոլորտում վարչարարության վերաբերյալ վերլուծություն:


Ստորև ներկայացված է վերլուծությունն ամբողջությամբ: Կարդալ այստեղ:

23 Նոյեմբեր, 2020

Ցավակցական ուղերձ

 

2020  թվականի նոյեմբերի 22-ին ծանր հիվանդությունից մահացել է ՀԱՄԿ-ի անդամ  Տրանսպորտի և հաղորդակցության  աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային  հանրապետական  միության  նախագահ Գագիկ Նիկոլայի Սահակյանը:

1986 թվականից Գագիկ Սահակյանը ղեկավարել է Տրանսպորտի և հաղորդակցության  աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային  հանրապետական  միությունը, նպաստել ոլորտի արհմիության անդամների սոցիալ-տնտեսական  խնդիրների լուծմանը: 

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Գագիկ Սահակյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին, կիսում կորստի վիշտը:

 

 

Հայաստանի արհմիությունների

կոնֆեդերացիայի նախագահ`                               ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ

30 Հոկտեմբեր, 2020

Հայաստանի ճյուղային արհմիությունների ուղերձը

միջազգային արհմիութենական հանրությանը

 

Հարգելի՛ գործընկերներ:

2020թ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկանների մասնակցությամբ լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ:

Այս հակամարտությունն ունի երկար պատմություն:

Դեռևս 1918թ. Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որի 95%-ը հայեր էին, հռչակեց իր անկախությունը, հրաժարվեց մտնել առաջին Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ և դիմակայեց թուրք-ադրբեջանական ջարդերին: 1921թ. հուլիսի 4-ին Հարավային Կովկասում Սովետական Հանրապետությունների ձևավորման ժամանակ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն դարձավ Հայկական ՍՍՀ մասը, սակայն հաջորդ իսկ օրը Ստալինի անմիջական միջամտությամբ Լեռնային Ղարաբաղը հարկադրաբար փոխանցվեց Ադրբեջանական ՍՍՀ-ին՝ ստանալով ինքնավար մարզի կարգավիճակ (ԼՂԻՄ):

Անգամ Խորհրդային Միության ժամանակաշրջանում Ադրբեջանական ՍՍՀ իշխանությունները հետևողականորեն խտրականություն էին դրսևորում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայկական ազգաբնակչության նկատմամբ:

1988թ-ին օգտվելով ինքնորոշման իրավունքից, ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների Մարզային Խորհուրդը ԽՍՀՄ և Ադրբեջանի ղեկավարություններին միջնորդություն հղեց Ղարաբաղը Հայաստանին փոխանցելու վերաբերյալ: Ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Սումգայիթ և Բաքու քաղաքներում ապրող հայերի զանգվածային ջարդեր և կոտորած:

1991թ. անցկացված հանրաքվեի արդյունքում Լեռնային ղարաբաղի ժողովուրդը հաստատեց Ադրբեջանի կազմից դուրս գալու իր ցանկությունը: Ի պատասխան դրան Ղարաբաղում սկսվեց պատերազմ, որը տևեց գրեթե 4 տարի և ավարտվեց 1994թ. մայիսի 12-ին՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի միջև կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ  համաձայնագրի կնքմամբ:

Չճանաչված Արցախի Հանրապետությունն ունի գրեթե 30-ամյա  գոյության պատմություն: Դա երկիր է իր սահմանադրությամբ, կառավարությամբ, ժողովրդավարական հանրապետության բոլոր տարրերով, քաղաքացիական հասարակության, այդ թվում և արհմիութենական զարգացած կառուցվածքներով: Այս տարիների ընթացքում թեև Արցախի արհմիությունները մեկուսացված են եղել միջազգային արհմիութենական շարժումից, այնուհանդերձ սոցիալական գործընկերության և աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերում  էական արդյունքներ են  գրանցել:

Ադրբեջանական կողմը տարիներ շարունակ կտրականապես  մերժել է փոխզիջումները՝  պահանջելով վերադարձնել Լեռնային Ղարաբաղն իր վերահսկողության ներքո, մերժելով Ղարաբաղի հայերի ինքնորոշման հիմնարար իրավունքը: Այդպիսի մոտեցումն առ ոչինչ դարձրեց միջազգային միջնորդների բոլոր ջանքերը:

Սա արդեն երրորդ պատերազմն է, որն Ադրբեջանը սանձազերծում է ժողովրդավարական զարգացման ուղի ընտրած անկախ Արցախի նկատմամբ:

Խախտելով միջազգային իրավունքը, Ադրբեջանի զինված ուժերը կիրառելով սպառազինության արգելված ձևեր, նպատակաուղղված հարձակում են գործում քաղաքացիական օբյեկտների՝ դպրոցների, հիվանդանոցների, մանկապարտեզների, մշակույթի հուշարձանների և հաստատությունների, եկեղեցիների ու տաճարների վրա, զոհվում են ծերեր, կանայք ու երեխաներ: Ավելի քան 90 հազար մարդ դարձել է  փախստական, 24 հազար երեխա զրկվել կրթություն ստանալու իրավունքից: Մենք դարձել ենք պատերազմական հանցագործությունների ականատես, երբ խաղաղ բնակիչները պարզապես գնդակահարվում են, հարձակվողների թիրախից զուրկ չեն մնում նաև բժիշկներն ու լրագրողները:

Այսօր ոչ միայն Արցախն ու Հայաստանը, այլև ողջ տարածաշրջանը կանգնած են  հումանիտար աղետի առջև:

Թուրքիան 100 տարի առաջ անպատժելիորեն իրականացնելով հայերի ցեղասպանությունն իրենց իսկ պատմական հայրենիքում, հայտարարում է հայ ժողովրդին բնաջնջելու իր մտադրության մասին:

Հայ հասարակությունն ինչպես երբեք համախմբվել է ագրեսորի դեմ պայքարում:

Հայաստանի արհմիությունները նույնպես անմասն չեն մնացել այս դժվարին պահին՝ ուղղելով իրենց ուժերն ու միջոցները Արցախի անօթևան բնակիչներին, արհմիություններին անդամակցող վիրավորների և զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հարցում:

Այս օրերին միջազգային շատ կազմակերպություններ, պետության ղեկավարներ, ինչպես նաև միջազգային արհմիություններ, պահպանելով չեզոքություն, դիմում են հակամարտող կողմերին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողություններն ու անցնել հակամարտության խաղաղ կարգավորման: Բայց այս պատերազմում կողմերը հավասար չեն. պաշտպանվող կողմը չի կարող դադարեցնել ինքնապաշտպանությունը, քանի դեռ հակառակորդն ի դեմս Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների շարունակում է հարձակումը:

Այն ամենն, ինչ կատարվում է Արցախում, ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի բնակիչների անվտանգության միակ երկարատև երաշխիքը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է: Ադրբեջանի կազմում վերջինիս շնորհված ցանկացած կարգավիճակի պարագայում Արցախի ժողովրդի կյանքն ու անվտանգությունը լինելու են սպառնալիքի տակ, պատմությունը  բազմիցս  ապացուցել է դա:

Դիմում ենք բոլոր արհմիություններին: Մեր առաքելությունն է՝ միշտ պաշտպանել մարդու իրավունքները, պայքարել հանուն արդարության: Խնդրում ենք, մի՛ լռեք, դիմե՛ք ձեր կառավարություններին: Ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից՝ հանուն այնտեղ ապրող մարդկանց փրկության: 

 

Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

«Էլեկտրաարհմիություն» արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Տեղեկատվական տեխնոլոգիաների, ավիացիայի և հեռահաղորդակցության աշխատողների «Միաբանություն» արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ