Հայաստանի արհմիությունների պատմությունից

Արհմիությունները աշխարհում կազմավորվել են դեռևս կապիտալիզմի դարաշրջանում աշխատանքի պայմանների և բանվորների դրության բարելավման նպատակով: Առաջին արհմիությունները ստեղծվել են Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: 17-րդ դարի կեսերին արհմիություններ ստեղծվեցին նաև Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում և այլուր: Արհմիությունների ծնունդն ու ձևավորումը տեղի է ունեցել բանվոր դասակարգի կուսակցությունների ստեղծումից շատ առաջ, այդ պատճառով էլ դրանց զարգացումը հիմնականում ընթացել է ռեֆորմիստական ուղիով: Ռուսաստանում արհմիությունները ստեղծվեցին 1905-1907թ.թ. հեղափոխության շրջանում: 
  Հայաստանում առաջին արհմիությունները կազմակերպվել են 1905–07թ.թ.-ին` Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ալավերդում: 1905-ին Երևանում ստեղծվել է տնային աշխատողների արհմիություն: 1906-ին կազմակերպվել են կաշեգործ բանվորների (Երևան), երկաթուղային բանվորների (Ալեքսանդրապոլ, Կարս), պղնձահանքերի բանվորների (Ալավերդի), տպագրիչների, հացթուխների, փոստ- հեռագրական ծառայողների (Երևան) արհմիությունները:
  Հայաստանում արհմիությունները մասսայական տարածում են ստացել 1921թ: 1921-ի փետրվարի 6-ին, Երևանում, արհմիութենական առաջին կոնֆերանսում ստեղծվել է Հայաստանի արհեստակցական միությունների խորհուրդը (ՀԱՄԽ), որի առաջին նախագահ է ընտրվել Հ. Ազատյանը, քարտուղար` Գ. Հանեսօղլյանը: 1921-ի ամռանը կազմակերպվել են Ալեքսանդրապոլի, Բայազետի, Դիլիջանի, Երևանի, Ղարաքիլիսայի գավառային արհեստակցական բյուրոները: Արհմիությունների շարքերում 1921-ին միավորված էր շուրջ 16 հազար բանվոր- ծառայող: 
  Հայաստանի արհմիությունների առաջին համագումարը տեղի է ունեցել 1921թ. օգոստոսի 22-ին, որին մասակցել են 206 պատվիրակներ: Արհմիությունների հիմնական խնդիրներն են եղել սոցիալիստական մրցության ծավալման միջոցով հանրապետության ժողովրդական տնտեսության պլանների կատարման համար աշխատավորների մոբիլիզացումը, աշխատավորության շահերի պաշտպանությունը, նրանց սոցիալական ապահովագրության, բուժման և թոշակավորման կարգավորումը:
  1922-ի վերջին հանրապետությունում իրենց վարչություններով վերջնականապես ձևավորվեց լուսաշխի, հողանտառի, ժողկապի, խորհառծառի, կաշեգործների, մետաղագործների, կոմունալնիկների, կառուցողների, սնունդ մատակարարողների, երկաթուղայինների, գրաշարների, կարուձևողների, ջուլհակների, տպագրիչների և բուժաշխատողների ճյուղային արհմիությունները: 1924-ին հանրապետության արհմիությունների ուժերը կենտրոնացրեց ծանր արդյունաբերության հիմնական ճյուղերի վերականգնման վրա:
  1939թ. տեղի ունեցան Հայաստանի մի շարք ճյուղային արհմիությունների պլենումները, որոնցում քննարկվում էին երկրի պաշտպանության գործի ծավալումը և արհմիությունների անելիքները:
  Մեծ էր Հայաստանի արհմիությունների գործունեությունը Հայրենական մեծ պատերազմի (1941-45) տարիներին: 1941-ի հունիսի 29-ին Համամիութենական Կոմունիստական բանվորական Կուսակցության Կենտկոմը և ՍՍՀՄ ժողովրդական կոմիսարիատի խորհուրդը դիրեկտիվ նամակով դիմեց կուսակցական, սովետական, արհմիութենական և կոմերիտական կազմակերպություններին` նրանցից պահանջելով վերակառուցել աշխատանքները ռազմական պայմաններին համապատասխան: "Պրավդա"-ի 1941-ի սեպտեմբերի 21-ի` "Պատերազմը և արհմիությունները" առաջնորդ հոդվածում սահմանվեցին արհմիությունների կոնկրետ խնդիրները պատերազմական իրադրության պայմաններում: Պատերազմի առաջին իսկ օրերից հանրապետության տարբեր քաղաքներում, շրջկենտրոններում և գյուղերում տեղի ունեցան միտինգներ ու ժողովներ: ՀԱՄԽ-ի ապարատի և արհմիությունների հանրապետական կոմիտեների բազմաթիվ ղեկավար աշխատողներ կամավոր մեկնեցին ռազմաճակատ: Հանրապետության արհմիութենական կազմակերպությունները մասնակցեցին երկրի ռազմապաշտպանական աշխատանքներին` մեծ օգնություն ցույց տալով ռազմաճակատին:
  Ետպատերազմյան տարիներին ավելացավ արհմիութենական կազմակերպությունների և ակտիվիստների թիվը: Եթե 1949թ. հանրապետությունում գործում էր 2576 սկզբնական արհմիութենական կազմակերպություն` 161200 անդամով, ապա 1951-ի հունվարին 3191 կազմակերպություն` 207118 անդամով: Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության աշխատանքային օրենսգրքով արհմիություններին էր վերապահված մի շարք իրավունքներ:
  Արհմիությունները ներկայացնում էին բանվորների ու ծառայողների շահերը արտադրության, աշխատանքի, կենցաղի և կուլտուրայի բնագավառում: Արհմիությունները մասնակցում էին տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլանների մշակմանն ու իրականացմանը, կազմակերպում էին սոցիալիստական մրցություն, մասսայական տեխնիկական ստեղծագործություն, աջակցում արտադրական ու աշխատանքային կարգապահության ամրապնդմանը: Հսկողություն և վերահսկողություն էին իրականացնում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման նկատմամբ, վերահսկում էին բանվորների ու ծառայողների բնակարանային, կենցաղային սպասարկումը, կառավարում էին սոցիալական ապահովագրությունը, առողջարանները, պրոֆիլակտորիումներն ու հանգստյան տները, կուլտուր- լուսավորական, տուրիստական, մարզական հիմնարկները, մանկական (պիոներական) ճամբարները:
  1974-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՍՍՀ-ում կար 1 միլիոն 20 հազար արհմիության անդամ, որոնք միավորված էին 20 ճյուղային հանրապետական կոմիտեներում և 8315 սկզբնական կազմակերպություններում:
  1980 թվականին արհմիությունները իրենց շարքերում ունեին ավելի քան1 միլիոն 380 հազար անդամ, այսինքն գործնականում միավորում էին արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ աշխատող գրեթե բոլոր աշխատավորներին: Այդ ժամանակ հանրապետության արհմիությունները ընդգրկում էին 24263 արհմիութենական խմբեր, 6617 արտադրամասային կոմիտեներ, 9563 ֆաբրիկա - գործարանային 242 շրջանային և քաղաքային և 21 ճյուղային հանրապետական կոմիտեներ:
  1988թ երկրաշարժը, որն ընդգրկեց հանրապետության տարածքի 40%-ը, շուրջ 1 միլիոն բնակչությամբ: Հողին հավասարվեց հանրապետության բնակարանային ֆոնդի 17%-ը, շուրջ 400 հազար մարդ դարձավ անօթևան: Այդ պայմաններում ՀԱՄԽ-ը անմիջապես ձեռնամուխ եղավ աղետի գոտուց տարհանելու բնակչությանը:
  Նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գրեթե բոլոր հանրապետությունների արհմիությունները օգնության ձեռք մեկնեցին Հայաստանի արհմիություններին, որի շնորհիվ շուրջ 120 հազար երեխաների, կանանց և ծերերի տեղավորեցին ՍՍՀՄ-ի տարբեր առողջարաններում, հանգստյան տներում և մանկական ճամբարներում, ապահովելով նրանց ամենօրյա հոգսերը:
  ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ծանր վիճակ ստեղծվեց հանրապետությունում, քանի որ հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների 90%-ը ունեին միութենական նշանակություն, որոնց և’ հումքը, և’ արտադրանքի շուկան, պատկանում էր գլխամասային միավորմանը: Շուրջ 120 հազար աշխատողներ զբաղված էին թեթև արդյունաբերության ձեռնարկություններում, ավելի քան 54 հազար մարդ աշխատում էր 253 գիտահետազոտական և նախագծային հիմնարկներում, որոնք նույնպես մաս էին կազմում համամիութենական նմանատիպ հիմնարկների:
  Հասարակության քաղաքական, տնտեսական և հոգևոր կյանքի բեկումնային փոխակերպումները 1990թ. սկզբին, այդ թվում պետական կառավարման համակարգի և սեփականության ձևերի փոփոխությունը` կապված պլանային տնտեսությունից շուկայականին անցնելու հետ, բախվեցին սոցիալ- տնտեսական ճգնաժամին, իր բոլոր հետևանքներով:
  Զանգվածային գործազրկությունը հանգեցրեց արտագաղթի աճին, հիմնականում բարձր որակավորում ունեցող գիտնականների և ճարտարագետների շրջանում: 1991-1996 թվականներին երկիրը լքեցին ոչ պակաս, քան 650000 մարդ: 2000թ. գործազուրկների թիվը կազմում էր 173000 մարդ: Երկրի սոցիալ- քաղաքական վիճակը պահանջում էր խորը փոփոխություններ արհմիութենական շարժման մեջ:
  Արհմիությունների 18-րդ համագումարը (1992թ.), որին մասնակցում էր 335 պատվիրակ, հատկապես ընդգծեց, որ դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը, ինչպես նաև կառավարման հրամանային մեթոդները, այլևս չեն համապատասխանում փոփոխված պայմաններին, նոր արտադրահարաբերություններին և ժողովրդավարության զարգացմանը: Այդ պատճառով էլ, նույն համագումարում արհմիությունների 24 ճյուղային հանրապետական միությունները ստորագրեցին hռչակագիր` Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա (այսուհետև ՀԱՄԿ) ստեղծելու մասին:

  1992թ. հունվարի 10-ին գումարվեց Հայաստանի արհմիությունների խորհրդի (ՀԱՄԽ) 18-րդ համագումարը, որտեղ քննարկվեց 17-րդ համագումարից հետո կատարած աշխատանքները և հանրապետության արհմիութենական շարժման արմատական նորացման խնդիրները: Նկատի ունենալով ժամանակի նոր պահանջները և գիտակցելով արհմիությունների պատասխանատվությունը ազատ շուկայական տնտեսության պայմաններում աշխատավորների աշխատանքային, սոցիալ- տնտեսական, արհեստակցական և այլ իրավունքների պաշտպանության գործում, համագումարը  որոշում է  լուծարել Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը: Նույն համագումարը ընդունեց որոշում`  Հայաստանի արհմիությունների 18 – րդ համագումարի  պատվիրակներին և աշխատանքային մարմիններն  թողնել որպես Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի առաջին համագումարի պատվիրակներ և աշխատող մարմիններ:

  24 ճյուղային հանրապետական արհեստակցական միությունների  նախագահներ  ստորագրեցին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի   կազմավորման մասին  հռչակագիրը: Համագումարը հաստատեց ՀԱՄԿ-ի կազմակերպման հիմնական սկզբունքները և գործունեության կարգը (կանոնադրւթյուն) և վերստուգիչ հանձնաժողովի կանոնակարգը:

  1997թ. ապրիլի 29-ին գումարվեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 2-րդ համագումարը, որը քննարկեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի խորհրդի հաշվետվությունը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի առաջին համագումարից հետո ընկած ժամանակաշրջանում կատարած աշխատանքների մասին:

  Այդ նույն համագումարը լրացումներ և փոփոխություններ կատարեց  կոնֆեդերացիայի կանոնադրության մեջ և վերստուգիչ հանձնաժողովի կանոնակարգում:

  Նոր Քաղաքացիական օրենսգիրքը 1999թ. հունվարի 1-ից  գործողության մեջ դրվելուց հետո, անհրաժեշտություն առաջացավ բոլոր հասարակական  միավորումների գրանցումը պետական ռեգիստրում, այդ թվում նաև արհեստակցական միությունները,  որպես  հասարակական  կազմակերպություններ:

  Այդ նպատակով 2000թ. դեկտեմբերի 26–ին հրավիրվեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի երրորդ (արտահերթ) համագումարը, որը քննարկեց և հաստատեց □Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիա□ իրավաբանական անձանց միության կանոնադրությունը:

  2000թ. դեկտեմբերի 5–ին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց ՀՀ օրենքը "Արհեստակցական միությունների մասին", ուստի անհրաժեշտություն էր ՀԱՄԿ իրավաբանական անձանց միության գործունեությունը համապատասխանեցնելու օրենքի պահանջներին: Այդ նպատակով  24 ճյուղային միություններ գումարեցին իրենց համագումարները, գրանցվեցին պետական ռեգիստրում, որպես արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություններ,  որից հետո միայն հնարավոր դարձավ 2002թ. նոյեմբերին գումարել «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» իրավաբանական անձանց միության երկրորդ (արտահերթ) և «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության առաջին (հիմնադիր)  համագումարը:

  Համագումարը ընդունեց հռչակագիր նոր  միություն հիմնադրելու և "Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա" արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության առաջին համագումար հրավիրելու մասին:

  Համագումարը այդ պահը համարեց պատմական, որովհետև առաջին անգամ արհմիությունների կոնֆեդերացիան պետք է գործեր «Արհեստակցական միությունների մասին» օրենքին համապատասխան, որով սահմանվում էր արհեստակցական միությունների հիմնադրման կարգը, նրանց գործունեության սկզբունքները և հարաբերությունները պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, ինչպես նաև կարգավորում է արհեստակցական միությունների և նրանց մասնակիցների  (անդամների) իրավունքների և շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները: Այդ  նույն համագումարում հաստատվում է «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության կանոնադրությունը, վերստուգիչ հանձնաժողովի կանոնակարգը և գործունեության ծրագիրը: 

  2002թ. Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում միավորված էին   24 ճյուղային հանրապետական միություններ, 6641 արհմիութենական սկզբնական կազմակերպություններ`  544182 արհմիության  անդամներով:

  Աշխատանքային շուկայի փոփոխությունները, որոնք նպաստեցին սեփականաշնորհման, մասնավոր սեկտորի արագ աճին չէին կարող չանդրադառնալ արհմիությունների գործառույթների վրա: Այդ իսկ պատճառով  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի համար առաջնային խնդիր համարվեց ապահովել ակտիվ մասնակցությունը աշխատանքային հարաբերությունների  ոլորտում օրենսդրական  բազայի ստեղծման ուղղությամբ:

  Արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեությունը ավելի հստակեցվեց  2004թ. ՀՀ  նոր  Աշխատանքային օրենսգրքի ընդունումից հետո, որը կարգավորում է  կոլեկտիվ և  անհատական աշխատանքային  հարաբերությունները և դրանց կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման պայմանները:

  2007թ. նոյեմբերի 26-ին կայացավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 2-րդ համագումարը, որին մասնակցում էին 119 պատվիրակ:

 Համագումարը քննարկեց «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության հաշվետվությունը 2002-2007թթ. ժամանակահատվածում կատարած աշխատանքների և ՀԱՄԿ-ի  2008-2012թթ.  գործունեության հիմնական ուղղությունների մասին հարցերը:

 Համագումարը փոփոխություններ կատարեց «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության կանոնադրության մեջ, հաստատեց ՀԱՄԿ-ի 2008-2012թթ. գործունեության ծրագիրը  և ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի կանոնակարգը:  

  Համագումարում ՀԱՄԿ-ի նախագահի պաշտոնի  համար առաջադրված 3 թեկնածուներից 2-րդ փուլի փակ-գաղտնի քվեարկության արդյունքում ՀԱՄԿ-ի նախագահ  ընտրվեց Էդուարդ Թումասյանը:

  2012թ. նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի 3-րդ համագումարը, որտեղ առաջադրված 2 թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ ՀԱՄԿ-ի նախագահ վերընտրվեց Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ վերընտրվեցին Բորիս Խարատյանը և Խաչիկ Առաքելյանը:
  2017թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի 4-րդ համագումարը, որտեղ ՀԱՄԿ-ի նախագահ վերընտրվեց Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ վերընտրվեցին Բորիս Խարատյանը և Խաչիկ Առաքելյանը:
  2022թ. հոկտեմբերի 6-ին կայացած ՀԱՄԿ-ի 5-րդ համագումարի ընթացքում ՀԱՄԿ-ի նոր նախագահ ընտրվեց Էլեն Մանասերյանը: ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ ընտրվեցին Տիրուհի Նազարեթյանը և Բորիս Խարատյանը:
 Համագումարը փոփոխություններ և լրացումներ կատարեց ՀԱՄԿ-ի կանոնադրությունում և ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի կանոնակարգում։
 2023թ. հունվարի 1-ի տվյալներով ՀԱՄԿ-ի կազմում գործում են 18 ճյուղային հանրապետական միություններ, որոնցում ընդգրկված են 585 արհմիութենական կազմակերպություններ 194279 անդամներով:

Վերջին նորություններ

Տեղեկույթ Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից ‹‹Թատրոնի միջազգային օր›› մասնագիտական տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելության մասին, 10.04.2024թ.

 Ս/թ. ապրիլի 10-ին ՀԱՄԿ-ի շենքի թ. 808 դահլիճում տեղի ունեցավ Մշակույթի աշխատողների ճյուղային արհմիությանն անդամակցող թատրոնների ոչ ստեղծագործական անձնակազ…
17/04/2024

ՏԵՂԵԿՈՒՅԹ

2024թ. մարտի 26-ին ՃՀՄ-ում /սենյակ-714/ տեղի ունեցավ Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական  միության գո…
03/04/2024

Խորհրդի նիստ

2024թ մարտի 29-ին   տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի խորհրդի նիստ, որին մասնակցում էին 53 խորհրդի անդամներից 43-ը…
30/03/2024

ԱՄԿ-ն պաշտոնապես համաձայնվել է կենսապահովման աշխատավարձի սահմանման հետ, որը Նոր սոցիալական պայմանագրի էական մասն է, որպեսզի վերաձևավորի համաշխարհային տնտեսությունը՝ ծառայելու աշխատավոր մարդկանց շահերին

Համաձայնագիրը, որը ձեռք է բերվել փետրվարին աշխատավարձային քաղաքականության հարցերով փորձագետների եռակողմ հանդիպման ժամանակ, հավանության է արժանացել ԱՄԿ-ի ղեկավար…
29/03/2024

Արհմիութենական սպորտ 2024

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մարտի 7-10-ը Ծաղկաձորում կազմակերպել էր "Արհմիութենական սպորտ 2024" խորագրով արհմիութենական-սպորտային միջոցառ…
26/03/2024
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ