Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և անվտանգ աշխատանք ունենալու իրավունքը։
Արժանապատիվ աշխատանքը միայն աշխատանք ունենալը չէ։ Այն ենթադրում է արդար վարձատրություն, անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններ, սոցիալական պաշտպանություն, հավասար հնարավորություններ և աշխատողների՝ իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորություն։
Այսօր աշխատանքի աշխարհը արագ փոփոխվում է։ Թվայնացումը, արհեստական բանականության զարգացումը, կանաչ և ժողովրդագրական փոփոխությունները նոր հնարավորությունների հետ մեկտեղ առաջ են բերում նաև նոր մարտահրավերներ աշխատողների համար։ Այս պայմաններում հատկապես կարևոր է, որ տեխնոլոգիական և տնտեսական փոփոխությունները չհանգեցնեն աշխատողների իրավունքների թուլացմանը, այլ ուղեկցվեն վերապատրաստման, վերաորակավորման, սոցիալական պաշտպանության և արժանապատիվ աշխատանքի նոր հնարավորություններով։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շարունակում է իր աշխատանքը՝ ուղղված աշխատողների իրազեկվածության և պաշտպանվածության բարձրացմանը, արհմիությունների կարողությունների զարգացմանը, սոցիալական երկխոսության ամրապնդմանը և աշխատանքի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին աշխատողների պատրաստվածության բարձրացմանը։
Արժանապատիվ աշխատանքը հիմնարար իրավունք է, իսկ դրա պաշտպանությունը՝ համատեղ պատասխանատվություն։