Արհմիությունների մասնակցությունը տարածաշրջանային կապակցվածության զարգացման քննարկմանը․ առանցքային է արժանապատիվ աշխատանքով ապահովված տնտեսական առաջընթացը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Աննա Բարիկյանը մասնակցել է Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային կապակցվածություն. տնտեսական և սոցիալական հեռանկարներ» խորագրով նախապատրաստական հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կապերի զարգացման տնտեսական և սոցիալական հնարավորությունները, մասնավորապես՝ դրանց դերը տնտեսական աճի խթանման, համագործակցության ամրապնդման, ինչպես նաև աշխատողների, բիզնեսի և տեղական համայնքների համար շոշափելի օգուտներ ապահովելու գործում։
Հանդիպումը նախագահել է Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Ստեֆանո Պալմիերին։ Ողջույնի և բովանդակային ելույթներով հանդես են եկել նաև Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն և Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ներկայացուցիչ Դեյվիդ Քալենը։
Իր ելույթում Աննա Բարիկյանն անդրադարձել է տարածաշրջանային կապակցվածության գործընթացների սոցիալական և աշխատանքային բաղադրիչին՝ ընդգծելով, որ տրանսպորտային և առևտրային կապերի զարգացումը կարող է նոր շուկաներ բացել, նպաստել ներդրումների ներգրավմանը և զբաղվածության նոր հնարավորություններ ստեղծել։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ենթակառուցվածքների և առևտրային ուղիների զարգացումն ինքնին դեռևս չի երաշխավորում աշխատողների համար ավելի լավ աշխատատեղեր և կենսապայմաններ։
Անդրադառնալով հնարավոր ռիսկերին՝ Աննա Բարիկյանը նշել է, որ տնտեսական օգուտները չպետք է սահմանափակվեն ենթակառուցվածքների օպերատորներով, ներդրողներով և խոշոր ընկերություններով, մինչդեռ աշխատողները մնան ցածր վարձատրվող, ժամանակավոր կամ անկայուն զբաղվածության պայմաններում։
Նրա ընդգծմամբ՝ տարածաշրջանային կապակցվածության արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ միայն ներգրավված ներդրումների ծավալով կամ ապրանքների տեղաշարժի արագությամբ, այլև այն հանգամանքով, թե ինչպիսի աշխատատեղեր են ստեղծվում այդ գործընթացների արդյունքում։ Առանցքային նշանակություն ունեն աշխատողների համար բավարար և արդարացի վարձատրության, անվտանգ աշխատանքային պայմանների, սոցիալական պաշտպանության և մասնագիտական զարգացման հնարավորությունների ապահովումը։
Աննա Բարիկյանը կարևորել է նաև սոցիալական և աշխատանքային չափորոշիչների ներառումը կապակցվածությանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման ամենավաղ փուլերից՝ ընդգծելով, որ դրանք պետք է լինեն նման նախաձեռնությունների անբաժանելի բաղադրիչը, այլ ոչ թե հետագայում լուծման ենթակա խնդիր։
«Կապը հաջողակ է, երբ այն ստեղծում է ոչ միայն նոր երթուղիներ, այլև արժանապատիվ և կայուն աշխատատեղեր», — ընդգծել է Աննա Բարիկյանը։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի համար կարևոր է, որ տարածաշրջանային համագործակցության և տնտեսական զարգացման նախաձեռնություններն ուղեկցվեն աշխատողների իրավունքների պաշտպանության, սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի սկզբունքների հետևողական կիրառմամբ։
 

Վերջին նորություններ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները մասնակցել են Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը

2026 թվականի նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդե…
17/11/2026

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ