Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները մասնակցել են Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը

2026 թվականի նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) նախագահ Էլեն Մանասերյանը, Աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Աննա Բարիկյանը և Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի պատասխանատու Արսեն Իգիթյանը։
Հանդիպման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի արտաքին կապերի բաժնի փոխնախագահ Տանյա Բուզեկը, իսկ տեսաուղերձով՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, արձանագրված առաջընթացը, առաջնահերթություններն ու չկատարված պարտավորությունները։ Ելույթներով հանդես են եկել Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության (DG ENEST) C.4 (Վրաստան, Հարավային Կովկաս, Արևելք) բաժնի ղեկավարի տեղակալ Իզաբել Ռիչարդը։
«Աշխատանքը փոխակերպվող աշխարհում՝ արժանապատիվ աշխատանք, սոցիալական երկխոսություն և իրավունքներ» խորագրով պանելային քննարկմանը ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանն ընդգծել է Հայաստանում սոցիալական երկխոսության, կոլեկտիվ բանակցությունների և աշխատողների իրավունքների պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությունը և առկա բացերը։
Նա նշել է, որ հետխորհրդային երկրներում արհմիությունները դեռևս բախվում են պատմականորեն ձևավորված մարտահրավերների և իրենց դերի վերաբերյալ հնացած պատկերացումների հետ։ Այս համատեքստում կարևորել է արհմիությունների՝ որպես աշխատողների շահերը պաշտպանող անկախ կառույցների ժամանակակից ընկալման ձևավորումը։
Անդրադառնալով աշխատանքի աշխարհի փոփոխություններին՝ թվայնացմանը, արհեստական բանականության զարգացմանը և կանաչ անցմանը՝ Էլեն Մանասերյանն ընդգծել է, որ աշխատողները պետք է ներգրավված լինեն իրենց զբաղվածությանն ու մասնագիտական ապագային վերաբերող որոշումների կայացման գործընթացներում։
Նա կարևորել է նաև կառավարության, գործատուների և արհմիությունների միջև եռակողմ համագործակցության զարգացումը։ Խոսելով երեք տարվա բանակցություններից հետո՝ 2026 թվականի հունվարին ստորագրված Հանրապետական կոլեկտիվ համաձայնագրի մասին՝ ՀԱՄԿ նախագահն այն գնահատել է որպես կարևոր ձեռքբերում՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով Եռակողմ հանձնաժողովի ոչ բավարար արդյունավետ գործունեության վերաբերյալ։ Նա ընդգծել է համաձայնագրի հետևողական իրականացման և սոցիալական գործընկերների միջև առավել արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։
ՀԱՄԿ Աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Աննա Բարիկյանը «Ոչ ֆորմալ տնտեսությունից ֆորմալ տնտեսությանն անցման խթանում» թեմայով պանելային քննարկմանը ընդգծել է, որ ֆորմալ տնտեսության անցումը պետք է երաշխավորի ոչ միայն աշխատանքային հարաբերությունների օրինականացում, այլև արժանապատիվ աշխատանք, աշխատողների իրավունքների պաշտպանություն և սոցիալական ապահովություն։
Նա անդրադարձել է չգրանված աշխատանքին, աշխատողների կարգավիճակի սխալ դասակարգմանը և քաղաքացիաիրավական պայմանագրերի կիրառմամբ աշխատանքային երաշխիքներից խուսափելու խնդրին։ Կարևորել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական լիազորությունների ընդլայնումը, աշխատանքային օրենսդրության արդյունավետ կիրառումը և խոցելի խմբերի աշխատողների իրավունքների պաշտպանությունը։
Եզրափակելով՝ Աննա Բարիկյանն ընդգծել է, որ ֆորմալացման արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ միայն կնքված պայմանագրերի թվով, այլև աշխատողների իրական պաշտպանվածությամբ, սոցիալական ապահովության հասանելիությամբ և անվտանգ աշխատանքային պայմաններով։
Հանդիպման ավարտին Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակն ընդունել է Հռչակագիր։

Վերջին նորություններ

Արհմիությունների մասնակցությունը տարածաշրջանային կապակցվածության զարգացման քննարկմանը․ առանցքային է արժանապատիվ աշխատանքով ապահովված տնտեսական առաջընթացը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Աննա Բարիկյանը մասնակցել է Եվրոպական տնտեսական և ս…
17/11/2026

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ