Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված թունաքիմիկատներից առաջացող ընդհանուր ռիսկի նվազեցման գործում արհմիությունների ռազմավարական դերին՝ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի 7-րդ նպատակին համահունչ։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին «Կայուն գյուղատնտեսություն և աշխատողների պաշտպանություն. թունաքիմիկատների արդյունավետ կառավարումը և խելամիտ կիրառությունը գյուղատնտեսությունում» արհմիութենական դիրքորոշման փաստաթղթի հիմքում ընկած ուսումնասիրության արդյունքները։
Ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչության և ՅՈՒՍՏՈՒՍ հետազոտական խորհրդատվական հիմնադրամի համագործակցությամբ։
Ելույթներով հանդես եկան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Բադալյանը և ՅՈՒՍՏՈՒՍ հիմնադրամի ներկայացուցիչ, դոկտոր Էմիլ Գևորգյանը։
Քննարկվեցին թունաքիմիկատների կիրառման հետ կապված մարտահրավերները, աշխատողների անվտանգության ու առողջության պաշտպանության ուղիները, ինչպես նաև գյուղատնտեսական ու բնապահպանական քաղաքականության մշակման գործընթացներում արհմիությունների մասնակցության հնարավորությունները։
Ուսումնասիրության արդյունքները ահազանգում են պեստիցիդների կիրառման չարաշահումների և արդեն իսկ գոյություն ունեցող ռիսկերի մասին։
Ուսումնասիրությանը ծանոթանալու համար` այստեղ