2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսուցչի օր›› և ‹‹Գրադարանավարի օր›› մասնագիտական տոները: Կազմակերպված ընդունելությանը, բացի ՃՀՄ-ի պատվոգրով պարգևատրվածներից / թվով 22 արհմիութենական ակտիվիստ ուսուցիչներ և գրադարանավարներ/ մասնակցում էին նաև ՃՀՄ-ի գործկոմի անդամներ, կազմակերպությունների արհկոմների նախագահներ և հյուրեր: Ընդունելության թվով 36 մասնակիցները ներկայաացնում էին հանրապետության 13 տարածքների / Արմավիր, Արտաշատ, Աբովյան, Գավառ, Գորիս, Դիլիջան, Երևան, Եղեգնաձոր, Թումանյան /Շնող/, Սպիտակ, Սևան, Վանաձոր, Վարդենիս/ ուսումնական հաստատությունների և գրադարանների տարվա լավագույն արհմիութենական ակտիվիստ մասնագետների:
Տոների կապակցությամբ ներկաներին շնորհավորեց և ողջույնի խոսք ասաց ՃՀՄ-ի նախագահ Է. Սիմոնյանը /կցվում է/, որից հետո տեղի ունեցավ ՃՀՄ-ի պատվոգրով պարգևատրման արարողությունը:
ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվեցին նաև ՃՀՄ-ի գործկոմի անդամ, Հայաստանի ազգային պատկերասրահի արհեստակցական կազմակերպության երկարամյա / 22 տարի/ նախագահ Ն. Մուրադխանյանը 70-ամյա հոբելյանի կապակցությամբ և պատկերասրահի արհկոմի անդամ Ա. Ավագյանը երկարամյա /43 տարի/ արհմիութենական ակտիվ աշխատանքի համար:
Արհմիության անդամներն իրենց երախտագիտությունն արտահայտեցին շնորհակալական խոսքերով, շնորհավորեցին միմյանց և առաջարկեցին հաջորդ տարվա տոնը կազմակերպելիս օգտագործել նաև իրենց երաժշտական կարողությունները:
Բարև′ ձեզ, հարգելի գործընկերներ և հյուրեր
Շատ ուրախ եմ, և շատ հաճելի է ձեզ տեսնել այսօր, այստեղ, այս կարևոր միջոցառմանը մասնակցելիս. հուսամ՝ տոնական բարձր տրամադրությամբ և լավագույն ակնկալիքների իրականացման տրամադրվածությամբ եք եկել…
Կաշխատենք ձեզ հուսախափ չանել:
Այսօրվա միջոցառումը նվիրված է ՛՛Ուսուցչի օր՛՛ և ՛՛Գրադարանավարի օր՛՛ մասնագիտական տոներին, որոնք նշվում են Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի հոկտեմբերի 5-ին և 7-ին: Ճյուղային հանրապետական միությունն էլ է նշում, բայց մի փոքր ուշացումով՝ չխանգարելու համար տեղերում անցկացվող միջոցառումներին, ու քանի որ այդ տոները ընդամենը 2 օրվա տարբերությամբ են պաշտոնապես նշվում և դրանց ՛՛մեղավորները՛՛ ծառայում են մի ընդհանուր վեհ նպատակի, այն է՝ մարդու և հասարակության կայացմանն ու կատարելագործմանը, մենք մեզ թույլ ենք տալիս դրանք նշել համատեղ:
Շնորհավորում ենք ձեզ և մեզ՝ բոլորիս այս տոների կապակցությամբ և ուզում եմ ասել հետևյալը. հաստատապես բոլորդ էլ տեղյակ եք, որ մեր հանրապետությունում շատ մասնագիտական տոներ են նշվում /՛՛Թատրոնի օր՛՛, ՛՛Թանգարանի օր՛՛, ՛՛Մամուլի օր՛՛/՝ բոլորն էլ կարևոր և բովանդակալից, բայց ՛՛Ուսուցչի օր՛՛-ը և գիր ու գրականության մունետիկի, մշակի, այն է՝ ՛՛Գրադարանավարի օր՛՛-ը մեր ժամանակներում բացառիկ նշանակություն են ձեռք բերում:
Թվում է, թե կարիք չկա խոսելու նրանց դերի, նշանակության և կատարած աշխատանքի մասին՝ հաշվի առնելով այն, որ նրանք շատ ավելի շատ և լավ գիտեն այդ ամենի մասին, բայց տոնական օրով առհասարակ չխոսելն էլ հնարավոր չէ, որքան էլ որ դժվար լինի, օրինակ, ուսուցչի ներկայությամբ խոսել նրանց կատարած աշխատանքի, նրանց առաքելության ճանապարհին դրված բազմաթիվ դժվարությունների և խոչընդոտների մասին, որոնք հետևանք են հասարակության և առանձին վերցրած մարդու կյանքում այսօր տեղի ունեցող արագընթաց փոփոխությունների և հասարակական նոր փոխհարաբերությունների, քաղաքական դաշտում կիրառվող պայքարի նաև նողկալի միջոցների՝բացահայտ և անամոթ ստի, ազնվության դեֆիցիտի, դավադրության տեսությունների, մանիպուլյացիաների, սոսկ անձնական շահի հետապնդման, երեսպաշտության: Եվ քանի որ այս ամենը կատարվում է թվացյալ գաղափարայնության կեղծ ու վտագավոր շղարշի տակ, առաջացնում է փոխադարձ վստահության, հույսի, հավատի և սիրո անվերադարձ կորուստ կամ դեֆիցիտ: Եվ եթե հաշվի առնենք, որ այս ամենին ակնդիր և ունկնդիր է լինում ողջ հանրությունը, դժար չէ պատկերացնել, թե որքան է մեծանում հասարակության բարոյական մաշվածությունը;
Մյուս կողմից՝ տեխնոլոգիաների առաջընթաց և սրընթաց զարգացում, արհեստական բանականության, ռոբոտացման և մարդկային գործոնի աստիճանական դուրս մղման վտանգ: Միանգամայն նոր և անորոշ ապագա…
Ակամայից հիշեցի Կոնֆուցիոսի ՛՛ Անիծեմ, որ փոփոխությունների ժամանակ ապրես՛՛ խոսքերը:
Ահա այս բարդ ժամանակներում մեր հասարակությանը նետված մարտահրավերները: Եվ այս պայմաններում աշխատող ուսուցիչը ի վերուստ իրեն շնորհված կոչումով և ներզգացողությամբ պարտավոր է և պետք է կարողանա մատը պահել մարդու և հասարակության կայացման, առողջացման և զարգացման զարկերակի վրա: Կարևոր չէ, թե ուսուցիչը ինչ առարկա է դասավանդում /լեզու, գրականություն, արվեստի պատմություն, երաժշտություն, գեղանկարչություն/: Կարևոր է, որ նա ունենա ուսուցչին անհրաժեշտ հատկություններ և կոչումով /ոչ միայն դիպլոմով/ ուսուցիչ լինի:
Բոլոր ժամանակներն էլ ունեցել են անհաղթահարելի թվացող դժվարությթւններ , բայց լավագույն և իսկական ուսուցիչներին /Սուխոմլինսկի, Մակարենկո, Խ. Աբովյան և այլք/, որքան էլ դժվար , բայց հաջողվել է գտնել մարդ կրթելու և դաստիարակելու հաջողության բանալին: Որպես եզրակացություն. երկիրը՝ պետությունն ամուր է և հզոր, եթե ունի հզոր ուսուցիչներ, ճշմարիտ ուսուցիչներ. փլուզված հասարակություններում չկան նրանք. կամ չկան այնքան, որ որակ կազմեն: Մեր քերթողահայր, պատմահայր /ինչպես կուզեք, անվանեք նրան/ Մովսես Խորենացու հանրաճանաչ ՛՛Ողբ՛՛-ի մեջ երկրի կորստյան, պետականության կորստյան լրջագույն պատճառներից մեկն էլ ուսուցիչների ձևախեղումն է, երբ նրանք դառնում են տգետ, մեծամիտ, ոսկեսեր… կործանվում է նաև հասարակությունը, երկիրը, հայրենիքը: Արտասահմանից /440թ./ վերադարձած Խորենացու դիտարկումներն ու գնահատականներն են տրված ժամանակի ուսուցիչներին, որոնց հակադրում է իրեն և իր աշակերտներին կրթած ուղիղ, շիտակ, ճշմարիտ իրական կոչումով ուսուցիչներին:
Իսկ մեր գիր ու գրականության պահապանների, մունետիկների, մշակների, այն է՝ գրադարանավարների մասին կասեմ հետևյալը. լուռ, համեստ, անտրտունջ, աննկատ, բայց անչափ կարևոր ամենօրյա աշխատանք կատարելով հանդերձ, նրանք ժողովրդի ամենահարուստ խավն են, մեր հոգևոր գանձարանի՝ գիր ու գրականության և մշակույթի տերն ու տիրակալը:
Նորից մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ու բոլորիս, որովհետև ձեր հաջողությունների կրողը մենք ենք, մեր ժողովուրդը:
Այս տարի ամեն տարվա պես դպրոցների և գրադարանների արհմիութենական կոմիտեները տնօրենների հետ համաձայնեցված Ճյուղային արհմիությանն են ներկայացրել տարվա լավագույն աշխատող արհմիութենական ակտիվիստներին, որոնք պարգևատրվել են ՃՀՄ-ի պատվոգրով և դրամական պարգևով /15-հազարական դրամ/: Ես ուզում եմ ձեզ հանձնել պատվոգրերը, ըստ այբենական կարգի, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի, որ ՃՀՄ տարբերակում է դնում ըստ բնակության վայրի: Բացի սրանից՝ գրադարանավարները ևս մեկ նվեր ունեն պատմաբան՝ Անժելա Տերյանի ՛՛Արատտա՛՛ հնագույն հայկական պետության մասին աշխատությունը: