Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածում առաջարկվող փոփոխության և լրացման վերաբերյալ

 Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և շրջանառվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:
 Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխել և լրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ առաջարկվում է 2-րդ մասից հանել «վարժական հավաքներ» բառերը և լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձը պահպանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով:»: 
 Նախագծով առաջարկվող փոփոխությամբ և լրացմամբ գործատուին հնարավորություն է տրվելու իր հայեցողությամբ չվճարել աշխատողին հայտարարված վարժական հավաքների ժամանակահատվածում, ինչպես նաև չներառել կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերում հայտարարված վարժական հավաքներին մասնակցող աշխատողին աշխատավարձի վճարման վերաբերյալ կետը:
 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) դեմ է Նախագծին, քանի որ Նախագծով առաջարկվող կարգավորումը չի համապատասխանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգավորմանը, ինչպես նաև առաջարկում է վարժական հավաքներին նեգրավված աշխատողի աշխատավարձի վճարման կարգը և չափը սահմանել վերոհիշյալ օրենքով՝ կարևորելով Հայաստանի Հանրապետությունում մարտունակ բանակ կառուցելու և Հայոց բանակը պատրաստված կադրերով ապահովելու անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական ապահովությունը:
 ՀԱՄԿ-ն առաջարկում է հայտարարված վարժական հավաքների ամբողջ ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգով պահպանել վարժական հավաքներին ներգրավված աշխատողի միջին աշխատավարձը, ինչպես նաև վճարել վարժական հավաքներին մասնակցող քաղաքացիներին նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված դրույքաչափով հաշվարկված աշխատավարձի և աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձի տարբերությունը:
 Հաշվի առնելով, որ գործատուների համար կարող է առաջանալ լրացուցիչ ֆինանսական բեռ՝ ՀԱՄԿ-ն առաջարկում է պետության կողմից փոխհատուցել գործատուին վարժական հավաքների ժամանակահատվածում աշխատողին վճարած աշխատավարձը կամ վարժական հավաքների ժամանակահատվածում աշխատողին վճարել հաշվարկված եկամտային հարկի հաշվին, ինչպես սահմանված է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի նիստի օրակարգում ներառվել է Նախագծի լիովին վերանայված տարբերակը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածում կատարվելու են միայն լրացումներ:
 Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի նիստում ներկայացված Նախագծի՝ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվելու են ոչ միայն օրենքով սահմանված կարգով, այլ նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածով: Ըստ վերոհիշյալ Նախագծի՝ առաջարկվում է նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1-ին մաս  հետևյալ բովանդակությամբ.
 «2.1. Աշխատողին մինչև 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգևատրման գումարների) և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:»:
 Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23 –ի N 385–Ա որոշմամբ հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և համարվել է անհետաձգելի, սահմանված կարգով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: ՀԱՄԿ-ը պահանջում է թե՛ մինչև 30 օրացուցային օր, թե՛ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքներին մասնակցող բոլոր աշխատողներին պետք է վճարել հիմնական աշխատավարձի և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը, որը սահմանված կլինի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:
 

Վերջին նորություններ

ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, հունիսի 4֊ին մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի ներկայացմանն ու քննարկմանը

Նախարարի տեղակալներն իրենց ելույթներում ներկայացրել են առաջիկա երեք տարիների համար նախատեսվող հիմնական նպատակները՝ ընդգծելով սոցիալական պաշտպանության համակարգի …
05/06/2026

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի «Իրավունքների համաշխարհային ինդեքս» զեկույցը. աշխատողների իրավունքների վիճակը շարունակում է վատթարանալ ամբողջ աշխարհում

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի «Իրավունքների համաշխարհային ինդեքս» զեկույցը, որը ներկայացնում է աշխատողների հիմ…
02/06/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանի շնորհավորական ուղերձը մայիսի 28ի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,   Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։   Այս օրը մե…
28/05/2026

Քննարկում տնային աշխատանք կատարողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ

Մայիսի 25-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցավ հանդիպում Աշխատանքի միջազգային կազմակերպության գենդերային հավասարության և խտրականության դե…
27/05/2026

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի հաստատումը, որ գործադուլի իրավունքը պաշտպանված է ԱՄԿ թիվ 87 կոնվենցիայով

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքը, որով հաստատվում է, որ գործադուլի իրավունքը պաշտ…
24/05/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ