ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կենսաբազմազանության համար արդար անցման վերաբերյալ» խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) նախագահ Էլեն Մանասերյանը։

Քննարկման առանցքում եղել են բնապահպանական կայունության, տնտեսական զարգացման, աշխատողների իրավունքների և սոցիալական արդարության փոխկապակցվածությունը, ինչպես նաև արդար անցման գործընթացում սոցիալական գործընկերության դերը։

Իր ելույթում ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանն ընդգծել է, որ արդար անցման հաջողության համար անհրաժեշտ է սոցիալական երկխոսությունը վերածել իրական և արդյունավետ մեխանիզմի՝ հատկապես սկզբնական՝ կազմակերպությունների մակարդակում։

«Առաջին հերթին մենք պետք է սոցիալական երկխոսությունը դարձնենք իրականություն, հատկապես՝ սկզբնական օղակի կազմակերպություններում։ Ուրախ եմ արձանագրել, որ այս տարի կառավարության մակարդակում մենք հաջողության ենք հասել, թեև արհմիությունները լիովին գոհ չեն Եռակողմ հանձնաժողովի աշխատանքներից։ Այնուամենայնիվ, այս փորձը կարող է օրինակ ծառայել ճյուղային սոցիալական երկխոսության համար», — նշել է Էլեն Մանասերյանը։

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական և բնապահպանական մարտահրավերներին՝ ՀԱՄԿ նախագահը շեշտել է, որ երկրի տնտեսության՝ հանքարդյունաբերությունից կախվածությունը և գյուղատնտեսական արտադրանքում թունաքիմիկատների օգտագործման կանոնների խախտումների վերաբերյալ վերջին զեկույցները վկայում են բնապահպանական և սոցիալ-տնտեսական հարցերը միասնական մոտեցմամբ դիտարկելու անհրաժեշտության մասին։

«Կա մի պարզ ճշմարտություն․ մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա։ Եվ չպետք է խոսենք կենսաբազմազանության մասին՝ այն դիտարկելով այլ խնդիրներից մեկուսացված», — ընդգծել է նա։

Էլեն Մանասերյանի խոսքով՝ սոցիալական երկխոսությունը պետք է ծառայի Հայաստանի եզակի էկոհամակարգերի պահպանությանը՝ միաժամանակ երաշխավորելով աշխատողների անվտանգությունն ու ապրուստի կայուն միջոցները։ Դրա համար անհրաժեշտ է, որ կառավարության և ոլորտների միջև երկխոսության հարթակները լինեն թափանցիկ և արդյունավետ, իսկ դրանց աշխատանքներին լիարժեք մասնակցություն ունենան նաև արհմիությունները։

ՀԱՄԿ նախագահը կարևորել է նաև աշխատողների դերը բնապահպանական անվտանգության ապահովման գործում՝ նշելով, որ աշխատավայրերում գործող մարդիկ հաճախ առաջինն են նկատում բնապահպանական և անվտանգության կանոնների խախտումները։ Սակայն նրանք պետք է վստահ լինեն, որ նման խնդիրների բարձրաձայնումը չի հանգեցնի իրենց աշխատանքը կորցնելուն։

«Աշխատողները պետք է վստահ լինեն, որ խնդիրների մասին բարձրաձայնելու պատճառով չեն զրկվի աշխատանքից։ Եռակողմ սոցիալական երկխոսությունը պետք է կամուրջ դառնա բնապահպանական օրենսդրության և իրականության միջև առկա անջրպետը հաղթահարելու համար», — նշել է Էլեն Մանասերյանը։

Անդրադառնալով աշխատողների առողջության և անվտանգության հարցերին՝ ՀԱՄԿ նախագահը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և աշխատանքի անվտանգության փոխկապակցվածության շուրջ երկխոսության ընդլայնումը։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կարևորում է արդար անցման գործընթացում աշխատողների շահերի պաշտպանությունը, սոցիալական գործընկերության ամրապնդումը և արհմիությունների լիարժեք մասնակցությունը որոշումների կայացմանը։ Արդար անցումը պետք է ապահովի ոչ միայն բնապահպանական նպատակների իրագործումը, այլև արժանապատիվ աշխատանքը, աշխատողների առողջության ու անվտանգության պաշտպանությունը և սոցիալական երաշխիքների պահպանումը՝ փոփոխությունների բոլոր փուլերում։

Վերջին նորություններ

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ