Պանելային քննարկում «Աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օր» խորագրով

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օրը՝ ապրիլի 28-ին, կազմակերպել էր պանելային քննարկում. «Աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օր» խորագրով։ Ապրիլի 28-ն Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից նշվում է որպես աշխատավայրում մահացած աշխատողների հիշատակի օր։
 Քննարկման բանախոսներն էին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրի համակարգող Նվեր Սարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի Աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լաուրա Դեմիրչյանը։ Քննարկումը վարեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։ 
 Հանդիպման ընթացքում քննարկվեցին առկա խնդիրները և օրենսդրական բացերը: Ներկայացվեց աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերի հետ կապված իրավիճակը։ Բանախոսները նշեցին, որ առողջ և անվտանգ աշխատանքային պայմանները բխում են ոչ միայն աշխատողների, այլ նաև գործատուների շահերից։ 
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ Նախարարության կողմից մեծ աշխատանք է տարվում աշխատանքային հարաբերությունների հետ կապված առկա խնդիրների լուծմանը միտված փոփոխությունների ուղղությամբ՝ Աշխատանքային օրենսգրքի շրջանակներում։ 
 ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանն իր խոսքում շեշտեց սոցիալական գործընկերության կարևորությունն առկա խնդիրների լուծման գործընթացում։
 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը, նրա կյանքն ու առողջությունը բարձրագույն արժեք են, և աշխատանքային օրենսդրության և այլ նորմեր պարունակող փաստաթղթերի միջոցով պետք է միջոցառումներ ձեռնարկվեն միտված մարդու աշխատանքային իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։ Իգիթ Հակոբյանը նաև նշեց, որ գործատուն կրում է դրա պատասխանատվությունը պետության կողմից սահմանված նորմերին համապատասխան։  
 Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրի համակարգող Նվեր Սարգսյանը հիշեցրեց մասնակիցներին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում Ռանա պլազայի փլուզման դեպքի մասին. «Մեծ զոհերի հանգեցրած այս դեպքը նույնպես կապված էր անվտանգության խնդիրների հետ»։ Նվեր Սարգսյանը նշեց նաև, որ տարեկան շուրջ 2.5 մլն մարդկանց մահվան պատճառ են դառնում հենց ոչ առողջ և անվտանգ աշխատանքային պայմանները, որին ի հավելում Էլեն Մանասերյանը հիշեցրեց 2022 թվականի Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքը, որի պատճառը ևս աշխատանքի վայրում տեխնիկական անվտանգության կանոնների չպահպանումն էր։
 Շարունակելով այս թեման՝ ՀԱՄԿ-ի աշխատակազմի Աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լաուրա Դեմիրչյանը ներկայացրեց տվյալներ, ըստ որոնց Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով տեղի է ունեցել 21 արտադրական դժբախտ դեպք՝ 4 մահացու ելքով։ 2022 թվականի դրությամբ աշխատանքային խեղման հետևանքով հաշվառված հաշմանդամների թիվը կազմել  է 1389 մարդ։
 Անդրադառնալով առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններին՝ Էլեն Մանասերյանը խոսեց գյուղատնտեսության ոլորտի խնդիրների մասին՝ համարելով ոլորտը ռազմավարական։ ՀԱՄԿ-ի նախագահը բարձրացրեց թունաքիմիկատների խնդիրը, որը վտանգում է ոչ միայն գյուղատնտեսությամբ զբաղվողների, այլ նաև մթերքը սպառողների առողջությունը։ Էլեն Մանասերյանը նաև խոսեց Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գոտիներում գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների խնդիրների մասին, որտեղ վտանգվում է վերջերինս կյանքի իրավունքը աշխատանքի կատարման ժամանակ։ 
 Քննարկումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով, որտեղ ևս մասնակիցների կողմից վերհանվեցին մի շարք խնդիրներ, կարևորվեց  նաև  աշխատանքի անվտագնության նորմատիվների վերանայման խնդիրը, հանրային իրազեկվածության մատչելիությունը, ինչպես նաև կանաչ աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ