Աշխատողների համար սահմանվելու է նոր հարկատեսակ՝ առողջության համապարփակ ապահովագրության վճար

  Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մշակել և 2023 թվականի ապրիլի 27-ին շրջանառել է «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի նպատակն է ներդնել Հայաստանի Հանրապետությունում առողջության պարտադիր ապահովագրության համակարգ, որի միջոցով կապահովվի անձանց համար միևնույն ապահովագրական ծածկույթ անկախ վճարունակությունից և սոցիալական կարգավիճակից:
Հաշվի առնելով Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված Նախագծի հիմնավորումը՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման փորձարկման փուլն իրականացվելու է 2024-2026 թվականներին, իսկ 2027 թվականից համակարգը կկիրարկվի ամբողջությամբ, մինչդեռ Նախագիծն անհրաժեշտ է առավել համակողմանիորեն ներկայացնել հանրությանը, մասնավորապես՝ աշխատողներին:
Նախագծով սահմանվում է, որ յուրանքաչյուր աշխատող առողջության համապարփակ ապահովագրության փաթեթ ունենալու համար պետք է վճարի տարեկան 164400 ՀՀ դրամ (ապահովագրավճարի միասնական տարեկան դրույքաչափ՝ մեկ անձի համար), սակայն հարկավոր է նշել, որ ապահովագրավճարի սահմանված այս չափի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակայնորեն չի ներկայացրել հիմնավորումներ (հաշվարկներ), թե ինչպես է ձևավորվել 164400 ՀՀ դրամը:
Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումից հետո ապահովագրված անձի կարգավիճակ ստանալու օրվան հաջորդող մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը աշխատանքային պայմանագրով, ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով աշխատող անձի աշխատանքի դիմաց ստացված եկատմից պետք է ամսական կտրվածքով պետական բյուջե փոխանցվի առողջության համապարփակ ապահովագրության վճարը: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում բացի եկամտային հարկից, կուտակային կենսաթոշակի վճարից, ինչպես նաև դրոշմանիշային վճարից ավելանալու է մեկ այլ պարտադիր վճար, որը գանձնվելու է կրկին աշխատողի աշխատավարձից (եկամտից):
Հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական իրավիճակից ելնելով, սահմանված ապահովագրավճարի չափը կարող է նպաստել սոցիալապես անապահով աշխատողների թվի ավելացմանը, քանի որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2021թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.5%: Աղքատների շրջանում կան նաև աշխատող աղքատներ, ովքեր անգամ աշխատանք ունենալով չեն կարողանում ապահովել իրենց և իրենց ընտանիքի անդամների նվազագույն պահանջմունքները։
Նախագծով սահմանվում է, որ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի (այդ թվում՝ գործատուի կողմից) վճարած ապահովագրավճարը որպես Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված սոցիալական ծախս փոխհատուցվում (վերադարձվում) է Կառավարության սահմանած կարգով՝ ՀՀ հարկային օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված հարկման բազայի նկատմամբ 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված կամ վճարված (այդ թվում՝ գործատուի կողմից) եկամտային հարկի գումարից՝
1)ապահովագրավճարի հարյուր տոկոսի չափով, եթե անձը ունի «Առողջության համապարփակ ապահովագրության» ՀՀ օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ից 10-րդ կետերով սահմանված կարգավիճակ.
2)ապահովագրավճարի վաթսուն տոկոսի չափով, եթե եկամտային հարկով հարկման ամսական բազան փոքր է նվազագույն ամսական աշխատավարձի կրկնապատիկից.
3)ապահովագրավճարի քառասուն տոկոսի չափով, եթե եկամտային հարկով հարկման ամսական բազան փոքր է նվազագույն ամսական աշխատավարձի քառապատիկից.
4)ապահովագրավճարի քսան տոկոսի չափով, եթե եկամտային հարկով հարկման ամսական բազան փոքր է նվազագույն ամսական աշխատավարձի վեցապատիկից.
5)ապահովագրավճարի քսան տոկոսի չափով` յուրաքանչյուր ապահովագրված անձին փոխկապակցված յուրաքանչյուր անձի համար։
Նախագծով քաղաքացիների համար սահմանվել է վերը նշված հնարավորությունը, սակայն Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, հատկապես երիտասարդներ, եկամտային հարկի հետ վերադարձմամբ արդեն իսկ մարում են կառուցապատողից գնված իրենց բնակարանների հիպոթեքային վարկի տոկոսագումարները: Ելնելով Նախագծից՝ ենթադրվում է, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ օգտվում են եկտամտային հարկի հետ վերադարձման իրավունքից, չեն կարողանալու հետ վերադարձնել առողջության համապարփակ ապահովագրության համար վճարված ապահովագրավճարը:
Անհրաժեշտ է նաև անդրադառնալ հետևյալ դեպքերին.
1. Գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ սոցիալական փաթեթի շահառու աշխատողներն օգտվում են ՀՀ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված առողջապահական փաթեթից, քանի որ առողջապահական փաթեթը սոցիալական փաթեթի բաղկացուցիչ մասն է: Նախագծում ուղիղ անդրադարձ չի կատարվել, թե ինչպես է գործելու այս կատեգորիայի աշխատողների համար առողջության համապարփակ ապահովագրությունը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պատասխանել է այս հարցին «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և հարակից օրենքների նախածերի ամփոփաթերթում (ամփոփաթերթը ներկայացվել է Նախագծի հետ Հանրապետական եռակողմ հանձնաժողովին), ըստ որի՝ Նախագծի ընդունման դեպքում սոցիալական փաթեթի շահառուների վրա տարածվելու է աշխատողների համար Նախագծով սահմանված դրույթները՝ ուժը կորցրած ճանաչելով Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման առողջապահական փաթեթի մասը:
2. Հայաստանի Հանրապետությունում մի շարք աշխատողներ արդեն իսկ ունեն առողջության ապահովագրություն, սակայն Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումից հետո նրանց վրա ևս տարածվելու է Նախագծով սահմանցված դրույթները: Համակարգի ներդրումից հետո Հայաստանի Հանրապետությունում գործելու է առողջության պարտադիր և կամավոր ապահովագրություն: Գործող ապահովագրությունը կարող է համարվել կամավոր ապահովագրական փաթեթ, որի միջոցով քաղաքացիները կօգտվեն առողջության համապարփակ ապահովագրության փաթեթում չներառված բժշկական ծառայություններից:
3. Ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների ամսական աշխատավարձի չափը եթե փոքր է ապահովագրական վճարի ամսեկան չափաքանակից, ապա այդ դեպքում այն պետք է լրացվի այլ աղբյուրներից, քանի որ Նախագծով սահմանվում է այլ աղբյուրներից ապահովագրավճարը վճարելու հնարավորությունը:
Առողջության համապարփակ ապահովագրության ծախսերի հաշվարկն իրականացվելու համար նախատեսված հիմքերից անհրաժեշտ է առանձնացնել սպառողական գների ինդեքսը և գնաճի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ կանխատեսվող փոփոխությունները:
Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս չի կիրառվում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջը՝ «Աշխատավարձի ինդեքսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Առողջության համապարփակ ապահովագրության ծախսերի հաշվարկի դեպքում հաշվի է առնվում գնաճը, իսկ գնաճի դեպքում աշխատավարձի ինդեքսավորում չի կատարվում:
Առաջարկվում է մինչև առողջության համապարփակ ապահովագրության համակարգի կիրարկումը, սահմանել Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 131 Կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել 2006 թվականի ապրիլի 29-ից) դրույթներին համապատասխան նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգ և ներդնել աշխատավարձի ինդեքսավորման կարգ:
Նախագծով սահմանվել է նաև, որ, եթե աշխատողները մի քանի աղբյուրներից են միաժամանակ ստանում աշխատավարձ, ապա ապահովագրավճարը փոխանցվում է յուրաքանչյուր աշխատավարձից: Գործատուների կողմից փոխանցվող ընդհանուր վճարները չեն կարող գերազանցել ապահովագրավճարի՝ օրենքով նախատեսված դրույքաչափը: Այն դեպքում, երբ գործատուների կողմից աշխատողի աշխատավարձից փոխանցված ապահովագրավճարն ավելի քիչ է, քան սահմանված դրույքաչափը, ապա աշխատողը պարտավորվում է լրավճարել, իսկ գերավճարի դեպքում՝ հետ ստանալ տարբերության չափով:
Ապահովագրավճարի վճարման այս մեխանիզմը մեծ դժվարություններ է առաջացնելու և՛ աշխատողների, և՛ գործատուների համար, ինչպես նաև առաջացնելու է պետական մարմինների համար լրացուցիչ վարչարարություն: Անհրաժեշտ է ապահովագրավճարի հավաքագրման համար սահմանել ֆինանսական մեկ աղբյուրից վճարելու հնարավորություն: Այդ հնարավորության սահմանման դեպքում ապահովագրված անձինք հնարավորություն կունենան ինքնուրույն որոշել ապահովագրավճարի վճարման ձևաչափը:
Հարկ է ընդգծել, որ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ամբողջ բեռը դրվում է միայն աշխատողների և պետական բյուջեի վրա, իսկ տնտեսվարողները՝ գործատուները, ամբողջությամբ ազատվում են առողջության համապարփակ ապահովագրության համակարգում ներդրումներից: Անհրաժեշտ է նշել, որ պետական բյուջեի մի մասը ձևավորվում է կրկին աշխատողների աշխատավարձերից գանձված եկամտային հարկի տոկոսների արդյունքում ստացված գումարներից:
Ամփոփելով կարելի է ընդգծել, որ ՀՀ քաղաքացիների առողջության համապարփակ ապահովագրությունը գրեթե ամբողջովին դրվում է ՀՀ-ում աշխատողների վրա:
Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը կարևորագույն քայլ է, քանի որ մարդկանց առողջության ապահովումը պարտադիր մասն է կազմում սոցիալական պետության ձևավորման և կայացման հարցում: Սակայն անհրաժեշտ է նշել, որ Նախագիծը պետք է վերանայել ու վերամշակել և ամենակարևորը ապահովագրավճարի վճարման բեռը չթողնել աշխատողների վրա:

Վերջին նորություններ

ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հաշվի առնելով միության անդամների առաջարկություններն ու ցանկությունները, օգտվելով Հայաստանի Տուրիզմի զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությունից, ՃՀՄ նախ…
05/07/2025

Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը՝ մեր պետության իրավական հիմքի օրը։

Սահմանադրությունը ոչ միայն օրենքների ժողովածու է, այլ նաև յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պահապանի հենարանը։ Իրավունք ապրելու, աշխատելու, արժանապատվորեն վ…
05/07/2025

ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը հյուրընկալեց ԱՄԿ գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսին

Քննարկվեցին գործադուլի իրավունքի իրացման, առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններին վերաբերող օրենսդրության բացերը, ԱՄԿ 135, 122 և 81 Կոնվենցիաները, ինչպես նաև Հ…
21/06/2025
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ