Երևան, 23.01.2022

Կայքի հին տարբերակը

Տեղի ունեցավ Կազմակերպաուսումնական կենտրոնի 2021 թվականի ամփոփիչ հիբրիդային սեմինարը

Տեղի ունեցավ Կազմակերպաուսումնական կենտրոնի 2021 թվականի ամփոփիչ հիբրիդային սեմինարը

 Դեկտեմբերի 14-16-ը Ծաղկաձորում Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրի շրջանակում և նրա աջակցությամբ տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոնի /ԿՈՒԿ/ 2021 թվականի ամփոփիչ հիբրիդային սեմինարը, որին մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բորիս Խարատյանը, Խաչիկ Առաքելյանը, ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային միության նախագահներ:
Սեմինարին տեսակապով մասնակցում էին նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի համակարգող Սերգեյուս Գլովացկասը և ԱՄԿ-ի Մոսկվայի գրասենյակի աշխատավորների  գործունեության  հարցերով մասնագետ Գոչա Ալեքսանդրիան:
Միջոցառումը վարում էր ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը:
ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Աշխատանքի  միջազգային կազմակերպությանը համավարակի ընթացքում ՀԱՄԿ-ին և ԿՈՒԿ-ին ցուցաբերած  աջակցության  համար:
Սերգեյուս Գլովացկասը և Գոչա Ալեքսանդրիան իրենց  խոսքում անդրադառնալով  համավարակի և պատերազմի պատճառով Հայաստանի առջև  ծառացած  մարտահրավերներին, տնտեսական  ճգնաժամի հետևանքներին նշեցին, որ Հայաստանի արհմիությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը շարունակում է մնալ ի շահ աշխատողի կառավարության  և գործատուների հետ համագործակցությունը: Գ. Ալեքսանդրիան իր  խոսքում  կարևորեց  նաև COVID-19 ճգնաժամից մարդակենտրոն  և վերականգնման  համար հնչող Գործողությունների համաշխարհային  կոչը:
Կոչը թարգմանվել է հայերեն և տեղադրվել ՀԱՄԿ-ի պաշտոնական  կայքում:
Էլեն Մանասերյանն իր ելույթում ներկայացրեց ընթացիկ տարում ԱՄԿ-ի աջակցությամբ Կենտրոնի  իրականացրած ծրագրերն ու կատարած աշխատանքները, ինչի արդյունքում արհմիության  շարքերում էապես ավելացել է երիտասարդների թվաքանակը:
2020  թվականի ընթացքում աշխատողների  վրա ճգնաժամերի սոցիալ-տնտեսական ազդեցությունը  և այդ  ընթացքում արհմիությունների գործունեության  գնահատման  և  հեռանկարներին վերաբերող վերլուծության արդյունքները ներկայացրեց փորձագետ Արսեն Իգիթյանը: Նա իր ելույթում անդրադարձավ զբաղվածության, աշխատաշուկայի և տնտեսական գործունեության ոլորտներում  ճգնաժամի հետևանքներին, միաժամանակ նշելով, որ արհմիությունները, որպես աշխատողների աշխատանքային, սոցիալական, տնտեսական և իրավական շահերը ներկայացնող միավորումներ նույնպես կրեցին համավարակի ազդեցությունը և կարիք ունեն փոխակերպումների։
Վերլուծության  վերաբերյալ կարծիք  հայտնեց Բորիս Խարատյանը: Իր խոսքում նա հույս հայտնեց, որ  վերլուծության արդյունքները հիմք կհանդիսանան <Քովիդ-19 համաճարակից և այլ ճգնաժամային  իրավիճակներից բխող մարտահրավերները հաղթահարելու համար ՀԱՄԿ-ի ռազմավարությունը>  քննարկելու  ընթացքում:  
Սեմինարի  մասնակիցները փորձագետին ուղղեցին  թեմային առնչվող  հարցեր:
Միջոցառմանը ելույթ ունեցան ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միությունների նախագահները: