Երևան, 19.09.2019

Կայքի հին տարբերակը

Աշխատողների պահանջը լուծվեց օրենքի շրջանակներում

  <Երևանի էլեկտրաշարժիչներ գործարան> ԲԲԸ-ի մի խումբ նախկին աշխատողներ, ովքեր աշխատելու ընթացքում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդության պատճառով կորցրել են աշխատունակությունը դիմել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության ակնկալիքով: 
  Խնդիրն այն է, որ գործարանի տնօրինությունը հրաժարվել է նրանց վճարել փոխհատուցում այն հիմնավորմամբ, որ աշխատողների կենսաթոշակի իրավունքը նրանց զրկում է վնասի փոխհատուցում ստանալու հնարավորությունից: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն <Կորցրած աշխատավարձը /եկամուտը/ սահմանելիս տուժողին՝ հաշմության կամ առողջության այլ վնասի հետ կապված, նշանակված հաշմանդամության կենսաթոշակը, ինչպես նաև այլ կենսաթոշակներն ու նպաստները և այլ նմանօրինակ վճարները, որոնք նշանակվել են առողջության քայքայումից առաջ կամ հետո, հաշվի չեն առնվում ու չեն հանգեցնում վնասի հատուցման չափի նվազեցման / հաշվի չեն առնվում ի հաշիվ վնասի հատուցման/: Վնասը հատուցելիս հաշվի չի առնվում նաև տուժողի կողմից առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը /եկամուտը/:
  ՀԱՄԿ-ի աշխատակազմի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի աջակցությամբ տուժած աշխատողները վնասի փոխհատուցման պահանջով դիմել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որն էլ բավարարել է նրանց հայցը: 
  <Երևանի էլեկտրաշարժիչներ գործարան> ԲԲԸ-ն Քաղաքացիական վերաքննիչ դատարանում բողոքարկել է ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, սակայն վերաքննիչ դատարանը մերժելով բողոքը օրինական ուժի մեջ է թողել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: