Երևան, 19.09.2019

Կայքի հին տարբերակը

Որպեսզի բավարարի ապրելու համար.
հարցազրույց Հայաստանի արհմիությունների հետ

Որպեսզի բավարարի ապրելու համար.<br>հարցազրույց Հայաստանի արհմիությունների հետ

Ստանալ այնքան, որպեսզի բավարարի ապրելու համար…

Սա ամենեւին էլ ամանորյա մաղթանք չէ, այլ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը: Ընդ որում, անկախ այն հանգամանքից, որտեղ ենք մենք աշխատում. պետակա՞ն, թե՞ մասնավոր հատվածում: Այս եւ այլ հարցերի NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատասխանել է Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը:

 

2015 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը հերթական անգամ կբարձրանա՝ այս անգամ հասնելով 55 հազար դրամի: Սակայն նվազագույն կենսամակարդակի հետ որեւէ կապ այն առայժմ չունի…

Այդպես էլ կա: Ոչ ոք չի ասում, որ բարձրացում պետք չէ: Բայց, ցավոք, պետությունը դեռեւս իրավական հիմքեր չի ստեղծել աշխատավարձերի իր քաղաքականության համար: Չնայած Սահմանադրության 34 հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բավարար կենսամակարդակի իր եւ իր ընտանիքի համար: <…> Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում այդ իրավունքի իրականացման համար»: Ցավոք, պետությունը դեռեւս չի սահմանել, թե որն է այդ մակարդակը՝ նվազագույն կենսամակարդակը կամ նվազագույն սպառողական զամբյուղը: Մենք կանոնավոր կերպով բարձրացնում ենք այդ հարցը, բայց, ցավոք, պետությունն այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր չի ձեռնարկում:

Չնայած, ինչպես հիշում եք, դեռեւս 2004թ. ապրիլին «Նվազագույն սպառողական զամբյուղի եւ նվազագույն կենսապահովման բյուջեի մասին» օրենք ընդունվեց: Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը պետք է կառավարությունը հաշվարկի:

Ներկայում նվազագույն զամբյուղը հաշվարկում է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ երկու մեթոդով. Հայաստանի Առողջապահության նախարարության եւ Համաշխարհային բանկի: Բայց դրանցից ոչ մեկն իրավական ուժ չունի: Իսկ այդ մասին տվյալները, չգիտես ինչու, տեղակայված են «Հետաքրքիր վիճակագրություն» բաժնում…

 

Այդ նույն՝ 2004 թվականին, Աշխատանքի նախարարությունը փորձեց հաշվարկել զամբյուղը, բայց վերջնական թիվն աչք ծակեց…

Այո՛: Եթե չեմ սխալվում, արդեն պատրաստ էր զամբյուղի կազմի եւ դրա հաշվարկման մասին կառավարության որոշումը, բայց հետո այն հանեցին օրակարգից եւ մինչեւ հիմա, ինչպես տեսնում եք, չեն վերադարձրել:

Բայց զամբյուղի այն նախագիծը կազմքով բավական համեստ, 70 հազար դրամ՝ մեկ անձի համար: Եվ դա դեռ նախկին գներով: Իսկ հիմա…

 

Ո՞ր կառավարությունը կվճռի այն ապահովել:

Մի «բայց» կա: Չեմ ժխտում, դժվար կլինի հենց հաջորդ տարվանից նվազագույն աշխատավարձը հավասարեցնել զամբյուղին: Բայց միանշանակ հնարավոր է նպատակին հասնելու ժամանակացույց կազմել: Այսինքն՝ հայտարարել. «Թանկագին քաղաքացիներ, Հայաստանում կյանքն այսքան արժե: Մենք երաշխավորում ենք կենսապահովման այդ նվազագույնն աստիճանաբար, 10 կամ 15 տարվա ընթացքում»: Այդ ժամանակ մարդիկ կտեսնեն, որ երկրում հեռանկար, կայունություն կա: Իսկ հիմա մեզ մոտ ամեն ինչ իր գինն ունի, բացի ամենակարեւորից. կյանքի եւ աշխատանքի արժեքից:

 

Իսկ պետությունը պետական ծառայողների աշխատավարձերի ինդեքսավորման պարտավորություն ունի՞:

Ինչո՞ւ միայն պետական ծառայողների: Բացենք ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, 182 հոդվածը: Ինդեքսավորում բոլորին է հասնում: Իհարկե, հարկավոր է դրա կարգը հաստատել օրենսդրությամբ, իսկ անհրաժեշտ իրավական դաշտ դեռեւս ստեղծված չէ: Չնայած Աշխատանքային օրենսգիրքն ընդունվել է 2004 թվականին:

 

Համեմատության համար, նվազագույն կենսամակարդակի մասին  նման իրավական ակտ Ռուսաստանում կա՞:

Կա, ընդ որում՝ տարածաշրջանների սանդղակով: Մոսկվայի համար նվազագույն կենսամակարդակը մեկն է, Հեռավոր Արեւելքի համար՝ մեկ այլ: Եվ, որ ամենակարեւորն է, այն հիմք է ծառայում կենսաթոշակների եւ աշխատավարձերի ինդեքսավորման հաշվարկի համար: Եվ նաեւ մասնավոր հատվածում: Իսկ ո՞վ ասաց, որ ինդեքսավորումը միայն պետական հատվածի համար է: Չէ՞ որ հարկ բոլորն են վճարում: Եվ օրենքը հավասար պետք է լինի բոլորի համար ոչ միայն պարտականության, այլեւ իրավունքների առումով:

 

Այո, պետությունն արդեն մի քանի անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացրել է 5 հազար դրամով: Բայց որտե՞ղ է կարգը, որից պարզ կդառնա, բավարա՞ր է այդ 45, 50, 55 հազար դրամը՝ արժանապատիվ կյանք ունենալու համար: Եվ եթե բավարար չէ, ապա ե՞րբ բավարար կլինի:

Երբ խոսքը վերաբերում էր կենսաթոշակների ինդեքսավորմանը, ասում էին, որ գոյություն ունեցող համակարգի դեպքում դա հնարավոր չէ անել. «1 թոշակառու՝ 3 գործունակի դիմաց» հարաբերակցությունն արդեն գերազանցված է…

Ճիշտ է, բայց ոչ ոք չի խոսում ստվերային տնտեսության մասին: Որքա՞ն է այն մեզ մոտ: Չեմ կարող դատել տնտեսության մասին ընդհանրապես, բայց աշխատանքային հարաբերություններում այն կեսից պակաս չէ, ավելի շուտ՝ կեսից ավելին: Պետք չէ մոռանալ, որ ամեն ինչ փոխկապակցված է: Եթե աշխատանքի համար արժանապատիվ պայմաններ չկան, պետք չէ զարմանալ, որ ամեն ինչ կարգին չէ կենսաթոշակների պարագայում: Իսկ ամեն ինչ սկսվում է նվազագույն կենսամակարդակից: Դրա համար էլ այն նվազագույն է, որ բարեմաղթանք չէ, այլ մեզանից յուրաքանչյուրի իրավունքը:

 

Արամ Գարեգինյան

 

Սկզբնաղբյուրը՝  news.am