Երևան, 15.12.2019

Կայքի հին տարբերակը

Անհիմն հարստացման տարբերակներ

  Աշխատանքի վայրում դժբախտ դեպքից տուժած կամ աշխատողի առողջությանը պատճառված վնասի դեպքերը, միանշանակ, ենթակա են փոխհատուցման: Սա աքսիոմա է: Սակայն ոչ մեզ համար: Այսօր Հայաստանում մոտ 800-1000 մարդ կա, որոնք պետք է ստանան այդ փոխհատուցումը, բայց իրականում չեն ստանում: Այդ մարդիկ հիմնականում աշխատել եւ առողջական տրավմա են ստացել խորհրդային տարիների գործարան-ձեռնարկություններում: Այլ կերպ ասած՝ երիտասարդ մարդիկ չեն: Շատերը նույնիսկ գլուխ էլ չեն հանում նոր իրողություններից ու օրենքներից: Թեպետ բարձր մակարդակի իրավագիտություն ունեցող մարդու համար էլ դա հեշտ չէ` գլուխ հանել մեր որոշ հնարամիտ օրենքներից… Էլ ինչ խոսք ոչ երիտասարդ, ողջ կյանքը հաստոցի առջեւ կամ շինարարության վրա աշխատած բանվոր մարդու մասին: Այդ մարդիկ, բնականաբար, ունակ չեն ինքնուրույն պաշտպանել իրենց օրինական շահերը:   Եթե այսօր կա մի կառույց, որ կանգնած է այդ մարդկանց կողքին ու հետամուտ է խնդրի լուծմանը, դա Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան է, որն օգնություն եւ ուղղություն է ցույց տալիս արդարությանը հասնելու դժվարին ճանապարհին: ՀԱՄԿ-ի սոցիալ-տնտեսական եւ աշխատանքի պաշտպանության բաժնի պետ Կարինե Մադոյանը մանրամասն ներկայացրեց խնդրի էությունը:   Այն հիմնականում կապված է լուծարված հիմնարկ-ձեռնարկությունների հետ: Նախ ասենք, որ բացարձակապես կապ չունի` աշխատող հիմնարկ է, թե լուծարված: Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների հետեւանքով խեղված անձինք, միանշանակ, պարտավոր են ստանալ իրենց փոխհատուցումը: Դա ոչ միայն միջազգային, այլեւ ՀՀ օրենքներով ամրագրված նորմ է: Մինչեւ 2004 թ. այդ մարդիկ իրենց փոխհատուցումն (դեռ մի կողմ դնենք դրանց չափերը, որ, «բնականաբար», առոչինչ են` դա առանձին թեմա է…) ստանում էին պետբյուջեից: Հետո, 2004 թ. հուլիսի 22-ի թիվ 1094-Ն որոշմամբ, որ ուժի մեջ է մտել նույն թվականի օգոստոսի 26-ին, նախկին կարգը (պետբյուջեից փոխհատուցում ստանալը) ճանաչվել է ուժը կորցրած, ու, բնականաբար, գումարների վճարումը պետբյուջեից դադարեցվել է…   Բանն այն է, որ մինչ այդ ընդունվել էր նոր Քաղաքացիական օրենսգիրքը, ըստ որի՝ նման դեպքերում (լուծարված կազմակերպության դեպքում, երբ բացակայում է այդ կազմակերպության իրավահաջորդը) օրենսդիրը նախատեսել էր փոխհատուցման վճարի այլ կարգ: Այն է. «Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում համապատասխան վճարներն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոններով կապիտալացվում են` դրանք տուժողին վճարելու համար: Օրենքով կամ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վճարները կապիտալացնելու այլ դեպքեր» (ՔՕ, հ. 1086, 2-րդ կետ):   Իսկ թե ինչ է այդ «կապիտալացում» ասվածը, ոչ ոք չգիտի։ Խոսքն ընդհանրապես տերմինի մասին չէ (որ մի քանի նշանակություն ունի), այլ տվյալ համատեքստում… Նորմալ երկրներում այդ «կապիտալացում» ասվածը, կոպիտ ասած, նշանակում է, որ լուծարված հիմնարկի հիմնական միջոցները վաճառվում ու բաժանվում են պարտատերերին (այդ կազմակերպությունում խեղում ստացած մարդիկ նույն պարտատերերն են, ի դեպ` առաջնահերթ): Բայց մեր դեպքում, մեր հնարամիտ ու «շուստրի» շատ գործատուների դեպքում ամեն ինչ արվում է, որպեսզի շրջանցվի ամեն մի փողային պարտավորություն, մանավանդ աշխատավոր մարդու հանդեպ: Ինչպես ասաց տիկին Մադոյանը, որոշ մեր գործատուներ շատ «խելացի» են վարվում` վաճառում են իրենց կազմակերպությունները ընկեր-բարեկամներին, թողնում իրենց մի փոքր կազմակերպություն, որն արժեք գրեթե չունի, բանկից գումար են վերցնում՝ այդ կազմակերպությունն իբր «առողջացնելու» համար, բնականաբար, այդ գումարը չեն կարողանում վերադարձնել եւ իրենց սնանկ են հայտարարում` առանց ոչ մի կոպեկ ունենալու: Մինչդեռ վնասի հատուցման ցմահ իրավունք ստացած մարդիկ պարտավոր են ստանալ իրենց փոխհատուցումը` մինչեւ իրենց կյանքի վերջը… Տիկին Մադոյանը, որպես օրինակ, նշեց դպրոցական կահույքի ֆաբրիկան, որում տուժած աշխատողների համար ՀԱՄԿ-ն հայցադիմում է կազմել ու դիմել դատարան: Պատասխանն այն է եղել, որ այդ ֆաբրիկան լուծարված է, իսկ փոխհատուցում ստացողները համարվում են «փայատեր»… Ինչի՞ց փայատեր` զրոյի՞ց։   Նման դեպքերը շատ են՝ ասում է Մադոյանը: Օրինակ, Հայէլեկտրաշարժիչ գործարանը եւ այլն:   Գործատուների մյուս հնարամտությունն այն է, որ կենսաթոշակի անցած մարդկանց զրկում են փոխհատուցումից: «Փաստարկն» այն է, որ աշխատողը եւ կենսաթոշակ է ստանում, եւ փոխհատուցո՞ւմ պետք է ստանա։ Շատ չեղա՞վ... Սա օրենքի ոչ միայն կոպիտ, այլեւ լկտի խախտում է` անկախ այն բանից՝ վնաս ստացած մարդն անցել է թոշակի, թե ոչ, պարտավոր է ստանալ փոխհատուցման իր գումարը։   ՀԱՄԿ-ն օգնել է վնաս ստացած, բայց փոխհատուցումից փաստացի զրկված մարդկանց բողոք-դիմումներ կազմելու հարցում: Ուր ասես՝ չեն դիմել, սկսած գործատուներից, վերջացրած այլ ատյաններով. աշխատանքի տեսչություն, օմբուդսմեն, տարբեր վարչապետեր (տարբեր ժամանակահատվածներում), երկրի նախագահ, դատարաններ… Բոլորը, բացառությամբ գործատուի, ասում են` հասնում է փոխհատուցումը, այդ թվում նաեւ առաջին ատյանի դատարանը… Օմբուդսմենն էլ իր տարեկան հաշվետվությունում նույնիսկ նշել է, որ Հայաստանում կա այդ խնդիրը։   Մինչդեռ մարդիկ դրանից ոչ մի օգուտ չունեն` մնացել են առանց փոխհատուցման, ու դա մեծ բանակ է, մոտ հազար հոգի: Այս ժամանակահատվածում (արդեն մի քանի տարի է՝ շարունակվում է այս քաշքշուկը) այդ մարդկանցից մի քանիսն արդեն չկան` մահացել են։ Նաեւ այդ մեծ բանակը, ինչպես նշեց տիկին Մադոյանը, աճման միտում ունի, այդ թվում՝ նաեւ շնորհիվ վերոհիշյալ «սխեմայի» (սուտ սնանկություն ու «լուծարում»): Այսպիսի մի բան կա, որ հատուկ է մեր շատ օրենքներին: Հաճախ այս կամ այն օրենքում իրավաբանորեն ամրագրվում են ինչ-ինչ առաջադեմ դրույթներ, բայց իրականում դրանց կյանքի կոչելն անհնարին է։ Օրինակ, ՔՕ վերոհիշյալ հոդվածի (1086) երկրորդ կետը, որ վերաբերում է լուծարված ձեռնարկության վնասը հատուցելու պարտավորությանը: Թեեւ օրենսդիրը նախատեսել է «կապիտալացում», սակայն դրանից ոչ մի օգուտ չկա: Հատկանշական է, որ այդ 1086-րդ հոդվածը տեղադրված է ՔՕ մի շատ «ինտրիգային» վերնագրով բաժնում: Դա իներորդ բաժինն է, որը կոչվում է՝ «Վնաս պատճառելու եւ անհիմն հարստացման հետեւանքով ծագած պարտավորություններ»: «Ճշտով» էլ վերնագիր է` «անհիմն հարստացման հետեւանքով»:

 

 Վագա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ «Հակաստվեր» ՀԿ

 Նյութի աղբյուրը ` hraparak.am

16:43 - 9 / Օգոստոս / 2014