Երևան, 15.12.2019

Կայքի հին տարբերակը

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

  ՀԱՄԿ-ը 27 հունիսի 2014 թվականի գործադիր կոմիտեի  նիստում քննարկեց <ՀԱՄԿ-ի  դիրքորոշումը <Կուտակային  կենսաթոշակների մասին> ՀՀ օրենքի վերաբերյալ> հարցը, որտեղ որոշում  ընդունվեց դիմել ՀՀ Ազգային  ժողովին և ՀՀ կառավարությանը:

  10.07.2014 թ-ին ՀԱՄԿ-ը նամակով  դիմեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին և ՀՀ  վարչապետին, որում մանսավորապես նշված էր.

  Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմանները աշխատողների զգալի մասի համար չեն ապահովում արժանավայել կյանք: Բացակայում է այն հստակ պատկերացումը, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված աշխատանքային ու դրա հետ կապված իրավունքները իրականում գործում են, քանի որ, անտեսելով հազարավոր երիտասարդների բողոքը,  ընդունվեց պարտադիր կուտակային կենսաթոշակի բաղադրիչը:

  Նշված օրենքը գործողության մեջ դնելիս հաշվի չեն առնվել բնակչության կենսաապահովնման նվազագույն պահանջները:

  1. Չեն իրականացվում ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի պահանջները, որի համաձայն` <Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար>: Oրենսդրական որևէ ակտով սահմանված չէ բավարար կենսամակարդակի հասկացությունը և այդ իրավունքի իրականացման մեխանիզմները:  

  2. <Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին> ՀՀ օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը, սկսած 2004թ.-ից պետք է հաշվարկվեր ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և մեթոդական հանձնարարականների հիման վրա, որոնք մինչ օրս հաստատված չեն:

  Նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, ինչպես նաև նպաստների, սոցիալական այլ վճարների չափերի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի պետք է արտացոլվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում:

  3. Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականին վավերացնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության □Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին□ թիվ 131 Կոնվենցիան, պարտավորվել է նվազագույն աշխատավարձ սահմանելիս իրականացնել տվյալ կոնվենցիայի պահանջը` նվազագույն աշխատավարձը սահմանելիս պետք է հաշվի առնվեն աշխատողների և նրանց ընտանիքների պահանջները` հաշվի առնելով երկրում ընդունված աշխատավարձի ընդհանուր մակարդակն ու կենսաապահովման նվազագույն ծախսերը: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում սահմանված չէ նվազագույն աշխատավարձի որոշման մեխանիզմը:

  4. Նշենք, որ չի իրականացվել նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջը` <Աշխատավարձի ինդեքսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով>:

  Հիշյալ խնդիրների մասին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան բազմիցս բարձրաձայնել է տարբեր ատյաններում, գրություն է գրվել  նաև ՀՀ վարչապետին, սակայն մինչ օրս դրանց լուծում չի տրվել:

  Տեղեկցնում ենք նաև, որ 2009թ. ապրիլի  27-ին կնքվել է Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր ՀՀ կառավարության, Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև,  որը գործում է մինչև 2015 թվականը:

   Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով կողմերը  պայմանավորվել են, <…որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային նորմեր պարունակող, գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ներկայացվում են Հանրապետական եռակողմ հանձնաժողովի կարծիքի` մինչև համապատասխան մարմնի կողմից դրանց ընդունումը>:

  Մինչդեռ, 2009 թվականից հետո ընդունված  <Նվազագույն աշխատավարձի մասին> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հինգ ՀՀ օրենքները, <Կուտակային կենսաթոշակների մասին> ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, ինչպես նաև ՀՀ աշխատանքի պետական տեսչության վերակազմակերպման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը  ընդունվել են առանց Հանրապետական եռակողմ հանձնաողովի քննարկման:

  Ելնելով վերը շարադրվածից, ակնկալում ենք ՀՀ կառավարության կողմից համապատասխան գործողությունները` նվազագույն աշխատավարձի հասկացությունը և որոշման մեխանիզմը սահմանելու, <Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները կիրառելու, ինչպես  նաև բավարար կենսամակարդակի և աշխատավարձի ինդեքսավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մշակման գործում, ինչը էապես կնպաստի Հայաստանի Հանրապետության իրավական և սոցիալական պետության կայացմանը: