Երևան, 21.08.2019

Կայքի հին տարբերակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր անդամ 20 Ճյուղային հանրապետական միությունների 700 արհեստակցական կազմակերություններում ընդգրկված շուրջ 200 հազարից ավելի արհմիության անդամների անունից մտահոգություն է  հայտնում էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացման կապակցությամբ:
    Սոցիալական ճգնաժամի խորացումն անխուսափելի է առհասարակ բոլոր տեսակի թանկացումների դեպքում, որին հաջորդում է աշխատողների,  նրանց ընտանիքների անդամների և բնակչության զգալի հատվածի կենսամակարդակի անկումն ու անապահով ընտանիքների քանակի աճը: 
Անցած տարվա գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը դեռ չմարսած՝  առաջիկայում սպասվում են  նոր թանկացումներ:
   Ինչպես արդեն հայտնի է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով  «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: 
   Թանկացումներ եղել են նաև գազի սակագնի քանիցս բարձրացման առիթով,  որին հաջորդած լայն սպառման ապրանքների և  ծառայությունների գնաճը կարելի էր կանխել անհրաժեշտ մեխանիզմների կիրառման դեպքում,  ինչպիսին է,  օրինակ "Աշխատավարձի ինդեքսավորման մասին" ՀՀ օրենքի ընդունումը, որով կկանոնակարգվեր նաև աշխատավարձի գնողունակությունը: Եթե այս ամենին հավելենք առ այսօր չսահմանված կենսաապահովման նվազագույն սպառողական զամբյուղի կազմն ու կառուցվածքը, որի հիման վրա պետք է որոշվի նվազագույն աշխատավարձի,  կենսաթոշակների, նպաստների, սոցիալական այլ վճարների չափերը, ապա այս  և  հետագա տարիներին դժվար թե հնարավոր լինի հաղթահարել  սպառնացող սոցիալական մարտահրավերները: Մի քանի հազար դրամով բարձրացված նվազագույն աշխատավարձը, որը հիմքում չունի ոչ մի հաշվարկ,  անկարող է ապահովել բավարար կենսամակարդակ և  գնողունակություն:
  Գների շղթայական բարձրացման հետևանքով ծանր իրավիճակում կհայտնվի ոչ միայն աշխատավորությունը, այլև հանրապետության շուրջ 500 հազարից ավելի կենսաթոշակառուներն ու աղքատության ընտանեկան նպաստ ստացող  ավելի քան 100 հազար ընտանիքները:  
   Փաստորեն, ամբողջ բեռը տեղափոխվում է աշխատողների և նրանց ընտանիքների անդամների ուսերի վրա: Արդյոք մարդիկ ի վիճակի են դիմագրավել այդ բոլոր թանկացումներին,  հատկապես ձմռան ամիսներին, երբ հարկադրված կլինեն եկամուտների առյուծի բաժինը հատկացնել ջեռուցմանն ու բնակարանային մյուս վարձավճարներին: 
  Առկա սոցիալական ծանր պայմաններում ՀԱՄԿ-ը անթույլատրելի է համարում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:


Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի
գործադիր կոմիտե

 

Սույն  հայտարարությունը  հուլիսի 1-ին տպագրվել է
 «Առավոտ», «Հրապարակ»  օրաթերթերում  և Noratert.am կայքում:


27 հունիսի 2014թ.