Երևան, 22.10.2017

Իրադարձային օրացույց

«ՀԱՄԿ-ը կանգնած է լուրջ բարեփոխումների շեմին, և մենք էլ կանգնած ենք աշխատավոր մարդու կողքին»

«ՀԱՄԿ-ը կանգնած է լուրջ բարեփոխումների շեմին, և մենք էլ կանգնած ենք աշխատավոր մարդու կողքին»

06.05.2014 | 00:38

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՀԱՄԿ-ի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ:

 

-Պարոն Թումասյան, արհմիությունների նկատմամբ հանրային սպասելիքներն առկա են և գնալով մեծանալու են։ Հետևաբար իրազեկեք, թե Հայաստանի անկախացմամբ ի՞նչ փոփոխությունների ենթարկվեց ՀՀ արհմիութենական համակարգը:
-Խորհրդային տարիներին կոնֆեդերացիան գործում էր ՀԱՄԿԽ-ի կազմում: Հայաստանի արհմիությունների խորհուրդը ¥ՀԱՄԽ¤, Հայաստանի առողջարանների և տուրիզմի հանրապետական խորհուրդները միասին դիմավորեցին ԽՍՀՄ-ի փլուզումը: Հայաստանում գործող արհմիությունների գույքն անցավ վերոհիշյալ կազմակերպություններին: 2000-ից ՀՀ կառավարության և ՀԱՄԿ-ի համատեղ որոշմամբ ստեղծվեցին «Տուրիզմի զարգացման» և «Հայաստանի կուրորտներ» հիմնադրամները: Դրանք այսօր ղեկավարում են հոգաբարձուների խորհուրդները, որոնցում ընդգրկված են կառավարության և արհմիության հնգական ներկայացուցիչներ: Նշեմ, որ հիմնադրամներն ունեն իրենց գլխավոր տնօրենները և միանգամայն ինքնուրույն կառույցներ են:
Ինչ վերաբերում է ՀԱՄԿ-ի սեփականությանը, ապա մեզ մնացին Արզնու ձորում գտնվող կիսակառույց առողջարանն ու Վանաձորի կիսակառույց տուրիստական հանգրվանը: Որպես ՀԱՄԿ-ի նախագահ, ես ի պաշտոնե ղեկավարում եմ հոգաբարձուների խորհուրդները: Հիմնադրամների գույքի օտարումները կատարվել են կոլեգիալ մարմինների, հոգաբարձուների խորհուրդների կողմից` համաձայն իրենց կանոնադրության: 
-ՀԱՄԿ-ը որպես սեփականություն ի՞նչ ունի այսօր, ինչի՞ վրա եք հենվում։
-Թաքցնելու ոչինչ չունենք, մեր ունեցածը այս ութհարկանի շենքն է, կիսակառույց առողջարանը` Արզնու ձորում, և տուրիստական կիսակառույց հանգրվանը` Վանաձորում: Դրանք վերականգնել չենք կարող, քանի որ հսկայական գումարներ են հարկավոր: 
-Բարի, ինչո՞վ է զբաղվում կոնֆեդերացիան, ինչպե՞ս է սկսվում ու ավարտվում Ձեր օրը:
-Կոնֆեդերացիան, որպես կառույց, միավորում է 20 ճյուղային միություն, որոնք իրավաբանական անձ են, յուրաքանչյուրն ազատորեն կարող է դուրս գալ ՀԱՄԿ-ի կազմից: Ներկայումս նրանց զբաղեցրած տարածքները կոնֆեդերացիայի սեփականությունն են, որն օգտագործվում է ճյուղային միությունների կողմից անվարձահատույց հիմունքներով: Առհասարակ, մեր գործունեության աշխուժացումը պետք է սկսվի ճյուղայիններից, որոնք էլ ցանկության դեպքում կոնֆեդերացիայից ստանում են ակնկալվող աջակցությունը: Այսինքն, կոնֆեդերացիան գաղափարակիցների դաշնություն է։
-Անկեղծ լինենք, անկախացումից հետո արհմիությունները կարողացա՞ն պահպանել իրենց իրավունքներն ու ազդեցության լծակները:
-Եթե խորհրդային համակարգում արհմիություններին պարտադրված սոցիալական բնույթի «պարտավորությունները» հանրության շարքերում առաջացրին թերահավատություն արհմիությունների գործունեության հանդեպ, ապա Հայաստանի անկախացումից հետո այդ կառույցները թոթափվեցին վերոհիշյալ «պարտավորություններից» և լծվեցին միջազգայնորեն իրենց վերապահված գործառույթների իրականացմանը: Գաղտնիք չէ, որ անկախացման տարիներին աշխատավորների մեծ մասը լիարժեք տեղեկացված չէ աշխատանքային օրենսգրքին, աշխատող-գործատու փոխհարաբերությունները պարզաբանող հոդվածներին, ինչի պատճառով նրանց մշտապես ուղեկցում է աշխատանքը կորցնելու վտանգը: Թեև աշխատողները երբեմն խուսափում են մեր միջամտությունից ու աջակցությունից, այնուամենայնիվ, ՀԱՄԿ-ն անհաղորդ չի մնում նրանց հոգսերին, իսկ կառույցի իրավաբանական բաժինն իր պարտքն է համարում զբաղվել արհմիության յուրաքանչյուր անդամին մտահոգող խնդրով (և ոչ միայն արհմիության անդամին), լինի այն դատարանում, թե գործատուի հետ: 
Ինչ վերաբերում է նախկին և ներկա արհմիությունների գործառույթների տարբերությանը, ապա եթե նախկինում օրենսդրորեն արհմիությունների վրա դրված էին սոցիալական ապահովության հարցերը, աշխատանքի պետական տեսչության գործառույթները, ինչպես նաև լայն սպառման ու բնակարանների բաշխման իրավունքը, ապա այսօր վերոհիշյալ երկու գործառույթներն իրականացնում է պետությունը: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան սոցիալական գործընկերության շրջանակներում ակտիվորեն մասնակցում է մի շարք սոցիալական ուղղվածություն ունեցող օրենքների նախագծերի քննարկմանը, կառավարությանը ներկայացնում աշխատավորների շահերին առնչվող ամենատարբեր առաջարկություններ: 
Հավելեմ նաև, որ 2009-ին Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի (ԱՄԿ-ի¤ քարտուղարությունը մեր կառույցին շնորհեց ԱՄԿ-ի ասոցիատիվ անդամի կարգավիճակ, իսկ 2013-ի նոյեմբերից ԱՄԿ-ի, եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ ենք, ուր ընդգրկված են 155 երկրների արհմիություններ։
-Արհմիություններն ինչպե՞ս են գործնականում արձագանքում աշխատավորության առջև ծառացած բազմաթիվ և բազմաբնույթ սոցիալական խնդիրներին:
-Դեռ 2009-ին մետալուրգների ճյուղային միությունը դիմեց մեզ Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ի աշխատողների շահերի պաշտպանության խնդրով: Այնտեղ բավական բարդ իրավիճակ էր: Համաշխարհային շուկայում պղնձի գնանկումը սպառնում էր վերոհիշյալ ձեռնարկության աշխատողների կրճատմամբ: Ձեռնարկության ղեկավարության և 3 նախարարներից ձևավորված խմբի հետ ՀՀ էներգետիկայի այն ժամանակվա նախարարի ղեկավարությամբ, մասնակցությամբ սոցապի և բնապահպանության նախարարների, երկարատև բանակցություններ վարեցինք, և արդյունքում հաջողվեց պահպանել շուրջ 400 աշխատատեղ: Այնուհետև գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման առնչությամբ բազմիցս հանդես եկանք մամուլում, եղանք բողոքի ակցիայի մասնակիցների կողքին: 
-Կարելի է ենթադրել, որ ՀԱՄԿ-ը կանգնած է լուրջ բարեփոխումների շեմին: Հիմնավորեք։
-ՀԱՄԿ-ում կառուցվածքային փոփոխություններն արդեն իսկ սկսվել են: ՀԱՄԿ-ի 3-րդ համագումարում ընդունված 2012-2017 թթ. ծրագրով նախատեսված է ընդլայնել ՀԱՄԿ-ի և անդամ ճյուղային հանրապետական միությունների գործունեությունը սոցիալական գործընկերության, աշխատողների աշխատանքային իրավունքների ու շահերի պաշտպանության, առողջ ու անվտանգ աշխատանքի, ներարհմիութենական և միջազգային համագործակցության շրջանակներում: Իսկ համագործակցության արդյունավետության գրավականը ՃՀՄ-ների խոշորացումն է: Վերջին ամիսներին 24 ճյուղային միություններից երեքը միավորվել են, այսօր ՀԱՄԿ-ին անդամակցում են 20 ՃՀՄ-ներ: 
-Ինչքա՞ն է ճիշտ և նպատակային կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը Հայաստանում: 
-Տասը տարի առաջ կառավարությունը պատրաստվում էր ներդնելու պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգը, որի նախագիծը քննարկվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նիստերից մեկում, սկզբունքորեն հավանության չի արժանացել: Երբ 2013-ին կառավարությունը որոշեց կիրառել սույն օրենքը, ՀԱՄԿ-ը օրենքի կիրառումը կասեցնելու առաջարկով դիմեց Ազգային ժողովի նախագահին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, իսկ նոյեմբեր ամսին` նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նշելով, որ օրենքի կիրառմամբ խախտվում են ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթներ, հատկապես անձի` սեփականության տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքները: ՈՒ թեև ՍԴ-ի որոշմամբ կասեցվել է 76-րդ և 86-րդ հոդվածների կիրառումը, այնուհանդերձ, կատարելով պարտադիր կուտակային վճարների գանձում` գործատուները խախտում են նաև ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, ինչն էլ աշխատողների շրջանում առաջացրել է դժգոհություն: Իմ համոզմամբ, «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի ընդունումը ժամանակավրեպ է, որովհետև հանրապետությունում առկա սոցիալական լարվածության այս պայմաններում, երբ ապրուստի նվազագույն զամբյուղը 57 հազար դրամ է, երբ չի ընդունվել «Ինդեքսավորման մասին» այնքան անհրաժեշտ օրենքը, անարդար է 60 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացուց գանձել պարտադիր կենսաթոշակի կուտակային բաղադրիչը, ինչը, ի դեպ, նա պետք է ստանա 30 տարի անց: Եթե նա այսօր արդեն դժվարանում է լուծել հանապազօրյա հացի խնդիրը, ապա ի՞նչ երաշխիք, որ գնաճի և ինֆլյացիայի պայմաններում տասնյակ տարիների կուտակված գումարը 30 տարի անց որևէ արժեք կունենա: Ահա թե ինչու եմ օրենքի ընդունումը համարում ժամանակավրեպ: Սա ընդունեք որպես ՀԱՄԿ-ի պաշտոնական դիրքորոշում:
-Ասացիք, որ նամակով դիմել եք նաև ՀՀ նախագահին, պատասխանը գոհացրե՞լ է Ձեզ:
-Նամակին պատասխանել է ՀՀ սոցիալական հարցերի նախարարությունը, որի պատասխանը մեզ չի գոհացրել, և քանի որ ՀԱՄԿ-ն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, ուստի մարդու իրավունքների պաշտպանին հղած նամակում հիշատակելով ՀՀ Սահմանադրության խախտված նորմերը, խնդրել ենք, որ այդ հարցերը բարձրաձայնվեն իրենց կողմից ՍԴ-ին ուղղված համապատասխան նամակում:
-Աշխատողների աշխատավարձից գործատուներն անվրդով գանձում են կուտակային բաղադրիչը։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, չէ՞ որ սպասելիքները արհմիություններից բավականին մեծ են։
-Հունվարի 1-ից կիրառվող օրենքի պահանջով գործատուները հարկադրված գանձում են կուտակային բաղադրիչը, թեև մինչ ՍԴ-ի վերջնական որոշում կայացնելը կարելի է հարկային մարմիններին ուղարկվող անձնավորված էլեկտրոնային հաշվետվության մեջ կատարել որոշ փոփոխություններ: Արհմիությունները, ինչպես ողջ աշխարհում է, գործատուների վրա ազդելու լծակներ չունեն: ՍԴ որոշումը հստակ սահմանում է, որ վճարում չկատարելը չի առաջացնում որևէ բացասական հետևանք թե՛ գործատուի, թե՛ աշխատողի համար: Նման պայմաններում մենք շատ ենք կարևորում, որ գործատուները վճարման հարցը քննարկեն և համաձայնության գան իրենց աշխատողների հետ: Կուզենայի, որ մարդիկ վստահ լինեն` մենք կանգնած ենք աշխատող մարդու կողքին։


Հարցազրույցը` 
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

հղում ՝ http://www.irates.am/hy/1399322513