Երևան, 26.10.2020

Կայքի հին տարբերակը

Արհմիությունները ևս պիտի ունենան դատական ներկայացուցչության իրավունք՝ աշխատողի խախտված իրավունքները վերականգնելու համար․ Էլեն Մանասերյան

Արհմիությունները ևս պիտի ունենան դատական ներկայացուցչության իրավունք՝ աշխատողի խախտված իրավունքները վերականգնելու համար․ Էլեն Մանասերյան

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ ամիսներ առաջ ձևավորվել է փորձագետներից կազմված աշխատանքային խումբ, որը փետրվարին պատրաստել է «Արհեստակցական միությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ։ Փաստաթուղթը դեռևս չի ներկայացվել հանրային քննարկման։ Իրականացված աշխատանքների և օրենքում նախատեսվող փոփոխությունների մասին զրուցել ենք աշխատանքային խմբի անդամ, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ուսումնական  կենտրոնի ղեկավար, իրավաբան Էլեն Մանասերյանի հետ:

- Տիկի՛ն Մանասերյան, Աշխատողների իրավունքները պաշտպանելու, աշխատանքային պայմանները բարելավելու հարցերում արհմիությունների հիմնական գործիքն է համարվում կոլեկտիվ պայմանագիրը։ Մինչդեռ գործատուն կարող է պարզապես չկնքել այդպիսի պայմանագիր․ օրենդրական որևէ պահանջ չկա, կնքելու դեպքում էլ այդ պայմանագրերը հաճախ առանձնապես չեն բարելավում աշխատանքային պայմանները։ Սրա վերաբերյալ ի՞նչ է առաջարկում փոփոխությունների նախագիծը։

Մինչև կոլեկտիվ պայմանագրերին հասնելը՝ արհմիությունը պետք է կայացած լինի սկզբնական կազմակերպության ներսում, և անդամներն էլ պետք է գիտակցեն իրենց միության կարևորությունը: Այո՛, այժմ շատ կազմակերպություններում կոլեկտիվ պայմանագիրն ուղղակի ֆիկտիվ բնույթի է։ Մի կարևոր հանգամանք էլ․ կոլեկտիվ բանակցությունը չի կարող բոլոր կազմակերպություններում լինել, որովհետև ոչ բոլոր կազմակերպություններում կան գործող արհմիություններ, իսկ սկզբնական կազմակերպության դեպքում կոլեկտիվ պայմանագրի մի կողմն արհմիությունն է, մյուսը՝ գործատուն՝ իրենց ներկայացուցիչներով։ Ինչպես օրենսդրությամբ և միջազգային իրավական ակտերով է սահմանված՝ կոլեկտիվ պայմանագիրը աշխատողների համար պետք է սահմանի առավել բարենպաստ դրույթներ, քան նախատեսված է Աշխատանքային օրենսգրքով։ Մինչդեռ մեր իրականությունում, ցավոք, շատ կոլեկտիվ պայմանագրեր պարզապես արտագրություն են Աշխատանքային օրենսգրքից։ Այդպիսի պայմանագիրը, բնականաբար, գործատուի հետ բանակցություններ վարելիս չի կարող արդյունավետ գործիք լինել: Այսինքն՝ արհմիությունն այնքան կայացած պետք է լինի տվյալ կազմակերպության ներսում, որ կարողանա կնքել իր անդամների համար բարենպաստ պայմաններ ստեղծող կոլեկտիվ պայմանագիր։ Եվ եթե տվյալ կազմակերպության աշխատողների հիսուն տոկոսից ավելին են արհմիության անդամ, ապա կոլեկտիվ պայմանագիրը կտարածվի ամբողջ անձնակազմի վրա։

Աշխատանքային խմբում քննարկել ենք հարցերը, թե ինչ է պետք անել, որ կոլեկտիվ պայմանագիրն ավելի աշխատող գործիք դառնա, նաև «կոլեկտիվ վեճ» հասկացությունն ենք ավելի բացել և փոձել գործարար շրջանառությանը համահունչ դարձնել։ Փորձել ենք ավելի ընդլայնել այն, որպեսզի բոլոր դեպքերում, երբ տեսնում ենք, որ կա կոլեկտիվ վեճ, օրենսդրորեն ևս այն կոլեկտիվ վեճ համարվի։

- Արհմիությունների մյուս կարևոր գործիքն էլ գործադուլ իրականացնելու իրավունքն է։ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքը սահմանում է այդ իրավունքը, սակայն Աշխատանքային օրենսգրքի դրույթները գործնականում անհնար են դարձնում օրինական գործադուլ իրականացնելը։ Նախագծով սրա վերաբերյալ ի՞նչ փոփոխություններ են նախատեսվել։

- Գործադուլն արհմիությունների համար շատ կարևոր գործիք է, և, հաշվի առնելով աշխատանքի միջազգային կազմակերպության՝ ժամանակ առ ժամանակ Հայաստանի Հանրապետությանն արած դիտարկումները՝ գործադուլների վերաբերյալ ևս նախագծում որոշակի փոփոխություններ ենք առաջարկել։ Ասեմ ավելին՝ բացի «Արհմիությունների մասին» օրենքը՝ մեր Սահմանադրությունը ևս սահմանում է գործադուլի իրավունքը, բայց դա իրականացնելու բոլոր գործքիները սահմանվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, որտեղ արհեստականորեն այնպես է բարդացվել գործադուլ իրականացնելու օրինական ճանապարհը, որ Հայաստանում երբևէ օրինական գործադուլ չլինի։

Մասնավորապես, Օրենսգիրքը սահմանում  է, որ գործադուլ իրականացնելու համար պետք է նախևառաջ նախազգուշական գործադուլ անեն, դրա համար համապատասխան գրավոր ծանուցում ուղարկեն գործատուին, ապա որոշ ժամանակ անց նոր կողմերը կարողանան հարցը քննարկել վեճեր քննող հանձնաժողովի նիստում, հետագայում՝ համաձայնություն ձեռք չբերելուց հետո յոթ օրվա ընթացքում հանդիպեն և այլն։ Բացի դա՝ օրենսդրությամբ սահմանված է, որ գործադուլ իրականացնելու համար արհմիությունը պարտավոր է ունենալ կազմակերպությունում աշխատողների ⅔-ի՝ փակ քվեարկության միջոցով տված համաձայնությունը, ինչը չափազանց մեծ շեմ է, և գործնականում անհնար է դա ապահովել։ Շեշտենք, որ ⅔-ը վերաբերում է ոչ թե այն մարդկանց, որոնք արհմիության անդամ են, այլ ընդհանրապես կազմակերպության աշխատողների ⅔-ի համաձայնության պահանջ է դրված: Այդ պատճառով էլ ՀՀ-ում եղել են միայն ինքնաբուխ հավաքներ կամ բոյկոտներ, որոնք ուղղակի աշխատանքի ժամանակավոր դադար կարող ենք համարել, և եթե գործատուները դիմեին դատարան, այդ «գործադուլն» անմիջապես կարող էր համարվել անօրինական, և դրա կազմակերպիչնեը կարող էին պատասխանատվության ենթարկվել։ Օրենսդրության այս բոլոր պահանջներն արհեստականորեն բարդացված գործընթացներ են, որովհետև երբ որևէ հարց չի լուծվում, մարդիկ այս գործիքին ուզում են դիմել միանգամից, իսկ եթե ստեղծում ենք այսպիսի բարիկադներ, գործադուլ ասվածը դադարում է լինել աշխատող մեխանիզմ։

Նախագծի փաթեթով այս բոլոր հարցերին անդրադարձ կատարել ենք, մասնավորապես, ծանուցման օրերի ժամկետներն ենք նվազեցրել, նաև ⅔-ի շեմն առաջարկել ենք իջեցնել՝ դարձնելով ⅓: 

- Ձեր առաջարկած ⅓ թիվը և՞ս վերաբերում է կազմակերպության բոլոր աշխատողներին։

-  Այո՛, վերաբերում է բոլորին, բայց, բնականաբար, միջազգային փորձն ուսումնասիրելուց հետո ենք առաջարկել այս թիվը, Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետների կոմիտեն ևս այսպիսի թիվ է առաջարկում։ Սա արդեն գործնականում օրինական գործադուլ կազմակերպելու հնարավորություն է տալիս։

- Եվ կարո՞ղ ենք համարել, որ արհեստական խոչընդոտ հանդիսացող նախնական փուլերը, ինչպես Դուք նշեցիք, նվազեցվել են այնքան, որ ժամկետներն իսկապես ողջամիտ լինեն։

- Այո՛, իհարկե։ Նվազեցրել ենք այնքան, որ, ժողովրդական լեզվով ասած, խելքին մոտ են։

- Արհմիություններին ավելի մեծ լիազորություններով օժտելու, մասնավորապես՝ աշխատանքի ընդունման կամ հատկապես ազատման գործընթացներում գործուն մասնակցություն ունենալու փոփոխություն նախատեսվո՞ւմ է։

- Աշխատանքի ընդունվելու կամ ազատվելու դեպքում, եթե չենք խոսում արհմիության անդամի մասին, արհմիությունն անելիք չի կարող ունենալ, բայց եթե խոսքը վերաբերում է արհմիության անդամի հետ ունեցած աշխատանքային վեճի, արհմիությունը, բնականաբար, մասնակցություն պետք է ունենա։ Այս նախագծում մի ամբողջ գլուխ է նվիրված աշխատանքային վեճեր լուծող հանձնաժողովին։ Սա նորություն է, մինչ այժմ Աշխատանքային օրենսգրքում չկա այսպիսի բան։ Աշխատանքային խումբն առաջարկել է ունենալ աշխատանքային վեճեր լուծող հանձնաժողովի ինստիտուտ, որտեղ, իհարկե, կլինեն նաև արհմիության ներկայացուցիչները։ Այն հնարավորություն կտա, որ վեճը լուծվի հենց տեղում՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ։

Ինչ վերաբերում է այսօր արհմկոմի անդամին կամ արհմիության նախագահին ազատելուն, ապա Աշխատանքային օրենսգրքի 119 հոդվածը սահմանում է, որ չի կարելի միանգամից լուծել նրանց աշխատանքային պայմանագիրը։ Այդ դեպքում պետք է աշխատանքի պետական տեսուչի համաձայնությունը, սակայն այսօր Աշխատանքի պետական տեսչությունն այլևս չի գործում, և խոսքը վերաբերում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ Աշխատանքային վեճեր լուծող հանձնաժողովը կտա այս տեսակ հարցերի լուծումը, ինչպես նաև կբեռնաթափի դատական համակարգում աշխատանքային վեճերին վերաբերող հայցերը։ Սա կնպաստի նաև արհմիությունների դերի բարձրացմանը։

- Արհմիություններն իրենց անդամների իրավունքների պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունք էլ չունեն։ Սրա վերաբերյալ փոփոխություն առաջարկվո՞ւմ է։

- Այո՛, մինչև այժմ արհմիությունները չունեն դատական ներկայացուցչություն ապահովելու իրավունք։ Դա կարող են անել միայն արտոնագիր ունեցող փաստաբանները, որոնք Փաստաբանների պալատի անդամ են։ Այս փաթեթով առաջարկում ենք, որ արհմիությունները ևս ունենան դատական ներկայացուցչության իրավունք՝ իրենց անդամի խախտված իրավունքները վերականգնելու համար։ Սա, բացի արհմիությունների դերը բարձրացնելուց, կթեթևացնի նաև աշխատողի բեռը։ Ճիշտ է, աշխատանքային վեճերի դեպքում աշխատողը պետտուրք չի վճարում, բայց պետք է վճարի փաստաբանի ծառայությունների համար, իսկ այս պարագայում կունենա անվճար դատական ներկայացուցչության հնարավորություն։ 

- Գործող օրենսդրությամբ՝ արհմիությունները հաշվետու ու թափանցիկ են կամ պետք է լինեն միայն իրենց անդամների նկատմամբ, իսկ մյուսների համար արհմիությունների գործունեության, անդամավճարների ծավալի ու ծախսերի մասին հասանելի տվյալներ չկան։ Արհմիությունները սա համարում են իրենց անկախությանը նպաստող գործոն։ Դուք սրա վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք, այս մասով քննարկումներ եղե՞լ են աշխատանքային խմբում, ի՞նչ է որոշվել։

- Այո՛, քննարկումներ եղել են, ասեմ ավելին՝ բուռն են եղել այդ քննարկումները։ Ընդ որում՝ սրա վերաբերյալ քննարկումներ ունեցել ենք ոչ միայն աշխատանքային խմբի ներսում, այլև՝ արհմիությունների, մասնավորապես ճյուղային հանրապետական միությունների հետ։

Ես ինքս, ամենևին դեմ չլինելով թափանցիկությանը և հաշվետվություններին, կարծում եմ, որ արհմիությունները պետք է հաշվետու լինեն այն մարդկանց առջև, որոնք իրենց այդ գումարը տալիս են։ Մյուսներին ինչո՞ւ պետք է հաշվետու լինեն։ Եթե խոսքն առհասարակ հաշվետվություններին է վերաբերում, ապա արհմիությունները տարին մեկ անգամ խորհրդի անդամներին տալիս են հաշվետվություն: Այն բոլոր մարդիկ, որոնք վճարում են արհմիության գումարը, ունեն հնարավորություն տեսնելու, թե ուր է գնում գումարը։

Թափանցիկության և հաշվետվողականության ամբողջ խնդիրը ծագում է այն ժամանակ, երբ խոսում ենք սկզբնական կազմակերպություններում տեղի ունեցող արհմիութենական գումարների ծախսման մասին, որովհետև ոչ բոլոր սկզբնական կազմակերպությունների արհմիություններն են հաշվետու ու թափանցիկ գործում։ Որոշ դեպքերում համաձայն եմ արհմիությունների այն անդամների հետ, որոնք ասում են, թե չգիտեն՝ իրենց անդամավճարն ինչ է եղել, բայց դրա համար ուղղակի պետք է արհմիության նախագահից հաշվետվություն պահանջել։

Եթե մի քիչ ավելի գլոբալ օրինակ բերեմ, մեր կառավարությունը միայն մեր քաղաքացիներին է տալիս հաշվետվություն, որովհետև մենք ենք հարկ վճարում, և դրանից է գոյանում պետբյուջեն։ Այդպես էլ արհմիության դեպքում է: Քննարկումների ժամանակ արհմիությունների ճյուղային միությունները տեսակետներ հնչեցրին, որ այդ անդամավճարներից գոյանում է նաև գործադուլի ֆոնդը, և, իհարկե, ցանկալի չէ, որ գործատուն տեղյակ լինի, թե որքան գումար կա այնտեղ: Եթե տեղյակ է, ապա նախօրոք գիտի, թե գործադուլը քանի օր կկարողանա երկարաձգվել, և գումարը երբ կավարտվի: Չէ՞ որ գործադուլի օրերին այդ ֆոնդից արհմիությունը ֆինանսապես ապահովում է բոլոր մասնակիցներին: Եվ գործատուն, իմանալով գործադուլի ֆոնդի չափը, հանգիստ կարող է հաշվարկել, թե երբ է մարելու գործադուլը։ Այսինքն՝ այս պարագայում արհմիությունների հաշվետվողականությունն ու թափանցիկությունը դառնում է կոնկրետ սպառնալիք։

- Ի վերջո նախագծում այս հարցի վերաբերյալ ի՞նչ ամրագրվեց։

 

- Նախագծում այս պահի դրությամբ մոտավերապես այնպես է թողնված, ինչպես որ գործող օրենքում է:

 

- Որևէ փոփոխություն նախատեսվու՞մ է արհմիություններում երիտասարդների ներգրավվածությունը մեծացնելու համար: Իսկ կանանց անդամակցության առումով իրավիճակն ինչպիսի՞ն է:

- Կանանց ու երիտասարդներին արհմիություն ներգարվելու համար, կարծում եմ, օրենսդրական փոփոխություն պետք չէ, որովհետև «Արհմիությունների մասին» օրենքով սահմանված կարգով՝ անդամակցությունը կամավոր է, ցանկացածը՝ կին, տղամարդ, կենսաթոշակառու, սեռական, կրոնական կամ ցանկացած այլ խմբի պատկանող մարդ կարող է լինել արհմիության անդամ: Հայաստանի արhմիությունների կոնֆեդերացիայի ուսումնական կենտրոնը մինչև համավարակը կազմակերպում էր երիտասարդների ներգրավվածությունը արհմիություններում մեծացնելուն միտված սեմինարներ: Կոնֆեդերացիայում կա երիտասարդների հարցերով գործող մշտական հանձնաժողով, կա նաև կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների հարցերով գործող մշտական հանձնաժողով։ Համենայնդեպս, արհմիության շարքերում կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ, դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ շատ են ցածր աշխատավարձ ստացող կանայք, որոնք ավելի շատ ներգրավված են կրթական համակարգում, որտեղ էլ արհմիություններին անդամակցությունը բարձր է։ Մյուս պատճառն էլ, իմ կարծիքով, այն է, որ արհմիություններում աշխատանքը շատ է, շնորհակալությունը՝ քիչ։ Եվ կանայք երևի ավելի հանդուրժող են այս առումով։ 

-Աշխատանքային խմբում ի՞նչ այլ խնդրահարույց և կարևոր հարցեր են քննարկվել:

- Արհմիությունները ժամանակ առ ժամանակ ունենում են խնդիր, երբ պետք է գրանցվեն որպես իրավաբանական անձ, կանոնադրության կամ ղեկավարի փոփոխություն անեն: Երբ ստեղծվում է արհեստակցական նոր միությունը, դա որպես իրավաբանական անձ գրանցելու համար անհրաժեշտ է պետռեգիստրում վճարել 10000 դրամ։ Առաջարկել ենք գումարի շեմը նվազեցնել մինչև 5000 դրամի: Այս խնդիրն առաջանում է փոքր, նոր ստեղծված կամ մարզերում գործող կազմակերպություններում: Սա կարևոր եմ համարում, քանի որ շատ արձագանքներ ստացել ենք գումարի բարձր շեմի վերաբերյալ։

Կարևոր առաջարկներից էր նաև այն, որ Աշխատանքային օրենսգրքում «հարկադիր աշխատանք» հասկացությունն անպայման նշված լինի, որովհետև դա օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված սկզբունքներով արգելված է, բայց հասկացությունը սահմանված չէ։ Առաջարկել ենք, որ մեկնաբանվի, թե որ դեպքերում է աշխատանքը համարվում հարկադիր, որովհետև շատ են դեպքերը, երբ աշխատողները փաստացի հարկադիր աշխատանք են կատարում, որը քրեորեն պատժելի է,  բայց նույնիսկ իրենք չեն գիտակցում դա։

- Ձեր կարծիքով՝ եթե նախագիծն ընդունվի, և այս բոլոր փոփոխություններն ուժի մեջ մտնեն, որքանո՞վ կունենանք արհմիությունների դերի բարձրացում՝ հաշվի առնելով, որ խնդիրները ոչ միայն օրենսդրական են, այլ նախևառաջ՝ մշակութային

- Անկախ նրանից, թե օրենքը ինչքանով լավը կլինի կամ ինչքանով կլինի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, կաշխատի միայն այն դեպքում, երբ օրենքն աշխատեցնեն դրա կիրառողները՝ արհմիության անդամները։ Մեզ մոտ սովետական մտածելակերպը ոչ մի կերպ չի կոտրվում, նույնիսկ երբ երիտասարդներին հարցնում եմ, թե ի՞նչ է արհմիությունը, ինչո՞վ պետք է զբաղվի, նույնիսկ նրանք, որոնք Սովետական Հայաստանի օրոք չեն ծնվել, խոսում են արհմիությունների հատկացրած օգնություններից, հանգստյան տների ուղեգրերից և այլն։ Արհմիության անդամն ինքը պետք է հասկանա միության իրական դերը, հակառակ դեպքում ոչ մի օրենք այդ արհմիությանը կայացած չի դարձնի։ Մարդիկ պետք է հետևողական ու պահանջատեր լինեն իրենց վճարած մեկ տոկոս անդամավճարին համապատասխան՝ արհմիության ունեցած պարտավորությանը։ Արհմիության նախագահն էլ, օրինակ, պիտի վստահ լինի, որ առաջին զանգի դեպքում բոլոր անդամները ոտքի կկանգնեն ու համատեղ կպաշտպանեն իրենց իրավունքները։ Բոլոր հարցերը, որ քննարկել ենք աշխատանքային խմբում, տեղ են գտել նախագծում, և կարծում եմ՝ հաջողություն կունենանք։

Աստղիկ Քեշիշյան

Սկզբնաղբյուրը՝  https://infocom.am