Երևան, 17.10.2018

Կայքի հին տարբերակը

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի աշխատավորներ

Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիան շնորհավորում է  ձեզ Աշխատանքի օրվա  առթիվ:

Հանրության կյանքում աշխատանքը մշտապես կարևորվել է, իսկ արժանապատիվ աշխատանքն՝ առավել ևս, քանզի այն ոչ միայն օջախի ու երկրի ամրապնդման, այլև լիարժեք կյանքի ապահովման միակ  գրավականն է: Աշխատող մարդը  պետք է զգա, որ անկախ սոցիալական դրությունից, ընտանեկան  վիճակից  կամ  տարիքից,  իր աշխատանքն   անհրաժեշտ է պետության կայացման  համար, ուստի   իրավացիորեն ակնկալում է իր կենսական ուժերի, գործադրած ջանքերի արժանի գնահատում և արդարացի  վարձատրություն:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի համոզմամբ աշխատավորների սոցիալական խնդիրների լուծման ուղին սոցիալական գործընկերության, կոլեկտիվ բանակցությունների արդյունքում արձանագրված,  կոլեկտիվ պայմանագրերի  հենքի  վրա ձևավորված համագործակցությունն է:

ՀԱՄԿ-ը ձգտում է, որպեսզի աշխատավարձի նվազագայուն չափը սահմանվի` հաշվի առնելով աշխատավորի  և  նրա ընտանիքի անդամների իրական  պահանջները, կասեցվի պարտադիր կուտակային վճարների գանձումը, քանի որ հանրապետությունում առկա սոցիալական լարվածության այս  պայմաններում, երբ  սահմանված չէ բավարար կենսամակարդակն ապահովող նվազագույն  զամբյուղի չափը, երբ չի իրականացվում աշխատավարձի  ինդեքսավորումը, ապա  նման  պայմաններում ժամանակավրեպ է <Կուտակային  կենսաթոշակների մասին> ՀՀ օրենքում պարտադիր  բաղադրիչի կիրառումը:

ՀԱՄԿ-ը շնորհավորում է  նաև  արհմիութենական  բոլոր կազմակերպություններին և մաղթում նրանց հաջողություն  արհմիության անդամների իրավունքների պաշտպանության, սոցիալական երկխոսության մեխանիզմների կիրառման,  սոցիալական  արդարության հաստատման գործում և կոչ անում մայիսի 1-ին  մասնակցել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կազմակերպած մայիսմեկյան  երթին, որը  կուղեկցվի <Արժանապատիվ աշխատանք, արդարացի աշխատավարձ>, <Սոցիալական արդարություն> կոչերով:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Աշխատանքի օրվա առթիվ` մաղթում ենք բարեկեցիկ կյանք ապահովող արժանապատիվ աշխատանք` հանուն մեր ընտանիքների բարեկեցության և երկրի բարգավաճման:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ 

2014թ. մայիսի 1