Երևան, 07.07.2020

Կայքի հին տարբերակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿԻ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

2020 թվականի մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը: Մեծ հաղթանակի ամենամյա տոնակատարությունն ԱՊՀ երկրներում կրում է համազգային բնույթ, հաղթանակ, որի գլխավոր հերոսները եղել և մնում են պատերազմին մասնակցած, իրենց սխրանքով անմահացած միլիոնավոր մարդիկ, ում առաջ մենք անհատուցելի պարտք ունենք։ Հենց նրանք են մեր ընդհանուր պատմության արդեն հեռու, բայց հերոսական էջերի այն գործող անձիք, ովքեր պարգևեցին մեզ այդ փառավոր հաղթանակը։ Ամբողջ առաջադեմ մարդկության համար նրանք պետք է լինեն բարոյական ուղեցույց և շարժիչ ուժ՝ խաղաղության  համար մղվող  պայքարում:

Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում իր արժանի ավանդն ունեցավ նաև հայ ժողովուրդը, որն Ավարայրից սկսած մինչև  Սարդարապատ, Սարդարապատից Մեծ հայրենական ու  բերդաքաղաք Շուշիի ազատագրումը  իր քաջարի  ռազմիկների անձնուրաց նվիրվածության ու աննախադեպ  հաղթանակների շնորհիվ  ստեղծեց  ամուր ու հզոր  երկիր:

Մայիսը մեզ պարգևել է ամենաթանկ հաղթանակները, նաև այն անխախտ համոզմունքը, որ օրհասական պահերին հայը կարող է համախմբվել, բռունցք դառնալ ու պաշտպանել հող հայրենին: Հաղթել ենք, քանի որ արդար է եղել մեր կռիվը, իսկ խիղճը` մաքուր:

Այսօր գնահատանքի ու երախտագիտության զգացումով գլուխ ենք խոնարհում այն քաջորդիների հիշատակի առաջ, ովքեր Մեծ հայրենականի և Արցախյան հերոսամարտի   ժամանակ  զոհաբերեցին իրենց կյանքը` հանուն ազատ և անկախ երկրում արժանապատիվ ապրելու իրավունքի: Մայիսյան հաղթանակները հայ ժողովրդի համար խաղաղություն և ազատություն բերող հաղթանակներ էին: Եվ այսօր, այս տեսանկյունից իմաստավորելով մեր պատմական հաղթանակները, այնքան թանկ գնով ձեռք բերված խաղաղությունը հնարավոր է պահպանել միայն մեր միասնությամբ ու համախմբվածությամբ:

Մայիսի 9-ը սրբազան ու պարտավորեցնող տոն է, սերունդների պատմական հաղթանակների միասնական տոն: Գլուխ խոնարհելով մեր հաղթանակների ճանապարհին հերոսաբար ընկածների անմար հիշատակի ու նաև  այդ  հերոսական  իրադարձությունների վկա  մեր վետերաների  առաջ՝ պարտավոր ենք իրականություն դարձնել մեր երկրի ու ժողովրդի համար  ապահով ու բարեկեցիկ  ապագա ստեղծելու  նրանց դարավոր երազանքը:

Շնորհավորելով Հաղթանակի տոնի առթիվ` բոլորին մաղթում եմ քաջառողջություն, թող մեր նախնիների սխրանքի շնորհիվ ձեռք բերած փառապանծ հաղթանակները զորավիգ լինեն մեզ՝ մեր խաղաղ և հուսալի վաղվա օրը կերտելու գործում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ                                       ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ