Երևան, 31.05.2020

Կայքի հին տարբերակը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի

ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

 

 Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև ամբողջ աշխարհում այս օրերին տիրող իրավիճակը, որը ստեղծվել է COVID -19 համաճարակի տարածման կանխարգելման հետևանքով, աներևակայելի վնասներ է հասցրել աշխատաշուկային:  

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան համոզված է, որ համերաշխությամբ և սոցիալական համագործակցությամբ հնարավոր է հաղթահարել ծագած խնդիրները և ստեղծել նոր հնարավորություններ` կիրառելով սոցիալական գործընկերության սկզբունքները: 

 Միահամուռ ուժերով և հաստատուն քայլերով պետք է գնալ առաջ` միաժամանակ պատրաստվելով համաճարակի հնարավոր գալիք անակնկալներին:

 Այս ճգնաժամի պայմաններում, երբ կյանքը մասնակիորեն դադարեց, ոմանք  կորցրեցին աշխատանքը և եկամուտները նվազեցին, հատկապես տուժեցին միջին խավը, ցածր, օրավարձով վարձատրվող անպաշտպան աշխատողները:

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է այն գործատուներին, որոնք կարողացան տնտեսական այս ծանր ճգնաժամին պահպանել աշխատողների  աշխատատեղերն ու աշխատավարձերը:  

 Հատկապես համաճարակի տարածման կանխարգելման օրերին յուրաքանչյուր աշխատող պետք է աշխատի իր առողջության համար անվտանգ միջավայրում` ապահովված լինելով համաճարակի կանխարգելման կանոններով ամրագրված պայմաններով, ինչպես նաև բոլոր աշխատողների համար պետք է պահպանվի կոլեկտիվ բանակցություններ իրականացնելու հնարավորությունը, արժանապատիվ աշխատանքը և բացառվի աշխատավայրերում կին և տղամարդ աշխատողների  միջև  խտրականությունը:

 Այսօր՝ մայիսմեկյան այս տոնական օրը, որքան էլ շատ լինեն մեր առջև ծառացած  խնդիրները, մենք հավատում ենք մեր աշխատողների անկոտրում կամքին և աշխատասիրությանը, ապագայի նկատմամբ ունեցած լավատեսությանը:

 Աշխատանքի օրվա առթիվ ողջունում ենք բոլոր աշխատողներին, հատկապես նրանց, ովքեր ներգրավված են համաճարակի կանխարգելման աշխատանքներին և  գտնվում են պայքարի առաջին գծում:

 

 

Հայաստանի արհմիությունների

կոնֆեդերացիայի նախագահ                                   ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ