Երևան, 23.09.2020

Կայքի հին տարբերակը

Ագարակի պղնձամոլիբդենայինի վեցժամյա դադարը՝ անցանկալի հետևանքներով

Ագարակի պղնձամոլիբդենայինի վեցժամյա դադարը՝ անցանկալի հետևանքներով

ՀՀ պարետի որոշմամբ ապրիլի 13-ին վեց ժամով դադարեցվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը։ Որոշումը կայացվել է կոմբինատում մոնիտորինգ  իրականացրած առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի առաջարկի հիման վրա։ Կոմբինատի աշխատակիցների  շահերի պաշտպանը նման որոշումը համարում  է անհամաչափ։

ՀՀ պարետի ապրիլի  11-ի համապատասխան որոշմամբ վեց ժամով դադարեցվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը։ ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների  արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային հանրապետական միության նախագահ  Էդուարդ Փահլևանյանը դիմել էր «Ռադիոլուր»- ին՝ նման որոշումը անթույլատրելի համարելով։

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը ներառվել է մի ցանկում, որտեղ մթերային խանութներ են, բայց հանքարդյունաբերության ոլորտի  կոմբինատը խանութ չէ, որ վեց կամ երեք ժամով  դադարեցնես աշխատանքը։ Միայն դադարեցնելը վեց ժամ է պահանջում, իսկ որպեսզի կոմբինատը այսօրվանից նորից աշխատի, պահանջվելու է 12 ժամ»,- ասում է Էդուարդ Փահլևանյանը։

Վեցժամյա դադարը կազմակերպելու և  իրականացնելու համար կոմբինատը փաստացի  ենթարկվում է  18-ժամյա պարապուրդի, իսկ դադարի հետևանքով   կոմբինատի կորուստները  կազմում են շուրջ  33 միլիոն դրամ։ Ստեղծված իրավիճակի պատճառով  զգալի կնվազեն նաև պետական բյուջե վճարվող  գումարները։ Տուժելու են հատկապես կոմբինատի աշխատողները»,-նշում է Փահլևանյանը։

«Դա միանշանակ անդրադառնալու է կոմբինատի 1100 աշխատողի աշխատավարձի վրա, այն էլ այս ճգնաժամային պայամններում։ Մենք ամեն ինչ համաչափ պիտի անենք, որպեսզի չտանք էլ ավելի մեծ կորուստ և պետությունը դիմադրողականություն ունենա և կարողանա դիմակայել»,- հավելում է մեր զրուցակիցը։

Վերոնշյալ փաստարկներով ու մտահոգություններով նամակը արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային միության նախագահն արդեն պատրաստել ու հասցեագրել է հանրապետության վարչապետին ու պարետ Տիգրան Ավինյանին։ Նպատակն, ասում  է,  մեկն է՝ որպեսզի հետագայում որոշումներ կայացնելիս անպայման հաշվի առնեն հնարավոր հետևանքները։

 «Պահանջում ենք այսուհետ  առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից նմանատիպ անհամաչափ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ  առաջարկների դեպքում մինչև սահմանափակումներ կիրառելը որպես հիմնավորում ունենալ  նաև ոլորտի տնտեսական մասնագիտական եզրակացությունը, քանի որ ցանկացած դեպքում, թե՛ տնտեսվարողի, թե՛ աշխատողի կրած վնասները կրելու է նաև պետությունը»,-նշված է վերոնշյալ նամակում։

Այդուամենայնիվ, ինչու է տեսչական մարմինը կոմբինատի աշխատանքը դադրեցնելու առաջարկ ներկայացրել։ Ըստ Էդուարդ Փահլևանյանի՝  հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելուց հետո կոմբինատը ձեռնարկել ու իրականացրել է  համավարակի կանխարգելման հնարավոր բոլոր միջոցառումները։ Թերևս մեկ հարցում են թերացել․

«25 կետ է եղել, որից ասենք՝ աղբամաններ չեն եղել։ Կապ չունի՝ աղբաման է, թե մեկ այլ խախտում, իրենք պիտի ժամկետ տային և ասեին՝ այս ժամկետում պիտի վերացնեք այդ  խախտումները»,- նշում է Փահլևանյանը։

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ոչ թե մեկ, այլ մի քանի մշտադիտարկում է իրականացվել` «Ռադիոլուրին» հայտնեց ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ աշխատանքի բաժնի պետ Լիանա Եղիազարյանը։

Կառույցի Արևելյան տարածքային կենտրոնի կողմից  այլ խախտումներ եւ արձանագրվել են` ասում է․

«Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են պարտադիր պահանջների կատարման որոշ խախտումներ, մասնավորապես, ոչ բոլոր աշխատակիցներն են կրել դիմակներ եւ ձեռնոցներ։ Արտադրամասերում, տեղամասերում, վարչական շենքի հարկաբաժիններում առկա չեն փակվող աղբամաններ։ Աշխատակիցների ջերմաչափում չի կատարվել, բացակայել են գրանցամատյանները։ Մշտադիտարկման արդյունքը հիմք ընդունելով պարետի որոշմամբ վեց ժամով կասեցվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը»,- ասում է Եղիազարյանը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչն ընդգծում  է․ հաշվի առնելով հանքարդյունաբերական այս ձեռնարկության առանձնահատկությունը՝ դրա գործունեությունը ողջ ծավալով չի կասեցվել, որպեսզի վերագործարկումը խնդրահարույց չլինի եւ տեխնիկական խնդիրներ չառաջանան։ Ինչ վերաբերում է արհմիության արձագանքին, հարկ է համարում շեշտել՝  առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը գործատուինն  է։

Միաժամանակ շեշտում` տեսչական մարմինը շարունակելու է դիտարկումները, խախտումներ հայտնաբերվելու դեպքում` նոր միջոցներ կձեռնարկվեն։

 

Սկզբնաղբյուրը՝ armradio.am