Երևան, 05.12.2020

Կայքի հին տարբերակը

ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

 Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը կանխելու համար ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն և ղեկավարվելով Կառավարության վերը նշված որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվում են ավելի խիստ սահմանափակումներ:

 Համաձայն Պարետի վերը նշված որոշման՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվում են նաև տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումներ, որոնց հիման վրա կազմակերպություններին և ձեռնարկություններին թույլ է տրվում ամբողջությամբ կամ մասնակի իրականացնել իրենց տնտեսական գործունեությունը կամ արգելվում է այն (տես՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշման հավելված № 2):

 Այն կազմակերպությունները և ձեռնարկությունները, որոնց թույլ է տրվել իրականացնել իրենց տնտեսական գործունեությունը, պետք է պահպանեն նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու համար  աշխատողի՝ առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը, որը ամրագրված է ՀՀ  Սահմանադրության 82-րդ հոդվածում: Համաձայն որի «Յուրաքանչյուր աշխատող օրենքին համապատասխան ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք»:

 Աշխատողի սահմանադրական իրավունքն ապահովելու համար Պարետի վերը նշված որոշման հավելված № 3-ով ամրագրված են նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելուն ուղղված կանոնները, որոնց ապահովումը հանդիսանում է գործատուների պարտականությունը:

 Գործատուները պարտավոր են ապահովել աշխատավայրերում ջրի (10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակ), օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների, փակվող աղբամանների (օգտարգործված դիմակները նետելու համար), հեռավար կամ անհատական ջերմաչափերի (օրական առնվազն երկու անգամ չափելու համար) առկայություն, միմյանցից առնվազն 2 մետր հեռավորությամբ աշխատատեղեր, ինչպես նաև ամբողջ աշխատավայրի ախտահանում:

 Հիմք ընդունելով այս որոշման հավելված № 3-ը՝ տեղեկացնում ենք, որ գործատուները պետք է հարգելի համարեն սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով աշխատողների բացակայությունները, բացառել նրանց մուտքը աշխատավայր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ապահովել մեկուսացված անձանց համար հեռավար աշխատանքի հնարավորությունը:

 Պարետի վերը նշված որոշմանն ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք հետևել այս հղմանը՝ https://www.gov.am/files/docs/3985.pdf :