Երևան, 17.02.2020

Կայքի հին տարբերակը

ՀԱՄԿ-ը կարևորում է նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացումը

ՀԱՄԿ-ը կարևորում է նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացումը

ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը դեկտեմբերի 11-ին հյուրընկալեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկու փորձագետների՝ Բարձրագույն կրթության ոլորտի փորձագետ Հասմիկ Տորթյանին և կրթական ոլորտի նախնական /արհետսագործական/ և միջին մասնագիտական կրթության փորձագետ Հիրոմիչի Կատայամային, ովքեր ճանաչողական այցով գտնվում էին Հայաստանում՝ մի շարք հանդիպումներ և քննարկումներ իրականացնելու նպատակով:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Գրիգոր Ղարիբյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի Սոցիալ-տնտեսական և աշխատանքի անվտանգության պաշտպանության բաժնի պետ Կարինե Մադոյանը:

Հիրոմիչի Կատայաման մեկնաբանելով իր այցի նպատակը նշեց, որ ցանկանում է ուսումնասիրել Հայաստանում նախնական /արհեստակցական/ և միջին մասնագիտական կրթության վիճակը, ՀԱՄԿ-ի հետ քննարկել կրթական ոլորտի մի շարք հարցեր, ինչպես նաև ներկայացնել ոլորտին առնչվող միջազգային փորձը:

Էդուարդ Թումասյանն իր խոսքում անդրադարձավ հանրապետությունում մասնագիտական կրթության գործընթացին, նաև հույս հայտնեց, որ փորձագետների հետ նման հանդիպումները կօգնեն ոլորտի խնդիրներին ցուցաբերել միասնական նոր մոտեցումներ: < Ցանկալի է, որ կրթական ոլորտին առնչվող հանդիպումների ընթացքում առաջարկվի ուսումնական ծրագրերում ներառել աշխատանքի պաշտպանության և անվտանգության հարցերը, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության այն կետերը, պայմանները, որոնք վերաբերում են աշխատանքի ընդունմանy, հանգստի կազմակերպմանն ու արձակուրդին, որպեսզի աշխատանքի ընդունվելիս երիտասարդն արդեն տեղեկացված լինի իր իրավունքներին ու պարտականություններին,-իր խոսքում նշեց ՀԱՄԿ-ի նախագահը:

Գրիգոր Ղարիբյանն անդրադարձավ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի / ՄԿՈՒԶԱԿ/ -ի գործունեությանը, նշեց, որ ներկայումս քննարկվում են միջին մասնագիտական կրթության չափորոշիչները, մշակվում է նաև կրթական ոլորտի՝ մինչև 2023 թվականի հայեցակարգը: Նրա բնորոշմամբ, կրթական ոլորտի հիմնական խնդիրը որակյալ մասնագետներ պատրաստելն ու նրանց աշխատանքով ապահովելն է:

Կարինե Մադոյանն իր խոսքում նշեց, որ աշխատանքի անվտանգության նորմերի պահպանման նպատակով աշխատող երիտասարդների համար պարբերաբար անցկացվում են սեմինարներ: Ինչ վերաբերում է կադրերի պատրաստման և աշխատանքի տեղավորման խնդրին, ապա Կ.Մադոյանի համոզմամբ պետությունը ռազմավարություն մշակելիս պետք է հաշվի առնի աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների ուսուցմանը:

Հանդիպման ավարտին երկուստեք շնորհակալություն հայտնեցին ջերմ հանդիպման և միմյանց գործունեությանը ծանոթանալու համար: