Երևան, 17.11.2019

Կայքի հին տարբերակը

Գործատուն աշխատողին 12 տարի արձակուրդ չի տվել. ահազանգ՝ ոլորտային մարմիններից

Գործատուն աշխատողին 12 տարի արձակուրդ չի տվել. ահազանգ՝ ոլորտային մարմիններից

 Դեպք ունենք, որ գործատուն աշխատողին 12 տարի արձակուրդ չի տվել, աշխատողը դիմել է արհմիություն աշխատանքից ազատվելուց հետո. այսօր Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:
Ըստ նրա՝ իրենք միայն իրավունք ունեն միջնորդագիր ներկայացնելու: «Միջնորդագրով որոշ հարցեր լուծում ենք, նաև՝ աշխատողին աշխատանքում վերականգնելու: Միջնորդագիր գրեցինք տվյալ կազմակերպությանը՝ մատնանշելով գործատուի խախտումները, նշելով, որ, համաձայն օրենքի, ազատված աշխատողին այդ ամբողջ տարիների չօգտագործած արձակուրդի դիմաց դրամական փոխհատուցում պետք է տրվի, սակայն, քանի որ գործատուն չկատարեց միջնորդագրի պահանջը, ստիպված օգնել ենք այդ աշխատողին` անվճար կազմելով հայցադիմում, որ աշխատողը դիմի դատարան: Մենք արդեն  մոտ երկու տարի է՝ չունենք լիազորագրով դատարան դիմելու իրավունք»,- նշեց Փիլիպոսյանը:
 ՀԱՄԿ նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը Yerkir.am-ի հետ զրույցում հավելեց, որ եթե նույնիսկ աշխատակիցը արհմիության անդամ է և իրենց կազմում է, միևնույն է, չունեն դատարան դիմելու իրավունք: «Անհատական աշխատանքային հարաբերություններում արհմիությունը իրավասու չէ դիմել դատարան: Առաջարկ է ներկայացվել , որ արհմիությունն ունենա դատարան դիմելու իրավունք՝ լինի կազմակերպության արհմիություն, տարածքային, ճյուղային, թե՝ հանրապետական», - նշեց նա:
Ըստ Բորիս Խարատյանի՝ չունենք դատարաններ, որոնք կզբաղվեն միայն աշխատանքային հարաբերություններով, և դեպքեր են լինում, երբ մեկ տարուց ավելի է տևում դատական գործընթացը, և դա ձեռնտու չէ ո՛չ աշխատողին, ո՛չ էլ գործատուին:
 «Օրինակ՝ եթե աշխատողը գործատուի նախաձեռնությամբ ազատվել է աշխատանքից և դիմել է դատարան` վերականգնելու իր աշխատանքը, ապա այս դեպքում, մինչև դատարանի որոշումը, նա չի աշխատում, իսկ եթե վերականգնելու որոշում կայացվեց, ապա գործատուն պետք է վճարի աշխատողին այդ ժամանակահատվածում հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի չափով»,- փաստեց նա:
 Բորիս Խարատյանի խոսքով՝ մեր Սահմանադրությունը չի տալիս հնարավորություն, որ ունենանք առանձին դատարան, որը կզբաղվի աշխատանքային հարաբերություններով: «Մենք առաջարկում ենք, որ նման վեճերի դեպքում ստեղծվեն անհատական աշխատանքային վեճեր լուծող հանձնաժողովներ` ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում՝ անկախ սեփականության ձևից, արհմիության մասնակցությամբ, որ եթե կա գործատու-աշխատող վեճ, ապա քննվի տեղում` աշխատավայրում, այսինքն՝ տվյալ հանձնաժողովը գործի աշխատավայրում: Թեև դա չի բացառի, որ աշխատողը կամ գործատուն, եթե համաձայն չլինի այդ վճռի հետ, հետագայում դիմի դատարան», - նշեց նա:
 Միքայել Փիլիպոսյանն, իր հերթին, մատնանշեց, որ «Արհմիությունների մասին» օրենքում և Աշխատանքային օրենսգրքում կա արհմիությունների կողմից միջնորդագիր ներկայացնելու իրավունքը, միաժամանակ պետք է ավելանա արհմիության կողմից դատարան բողոքարկելու իրավունքը:
ՀԱՄԿ նախագահի տեղակալը, անդրադառնալով օրենսդրությանը, նշեց, որ ներկայումս կոլեկտիվ պայմանագրերի վերաբերյալ քննարկման փուլում է այն դրույթը, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից հեռացնելու հարցը քննարկվի արհեստակցական կազմակերպության հետ, որպեսզի այն տա իր համաձայնությունը, և եթե արհմիության կողմից համաձայնություն չի տրվում, բնականաբար, գործատուն իրավունք չի ունենում տվյալ աշխատակցին աշխատանքից ազատելու: Բորիս Խարատյանի խոսքով՝ շատ քիչ կոլեկտիվ պայմանագրեր կան, որ պարունակեն այս դրույթը:
Անդրադառնալով կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում արհմիությունների երկու հիմնական գործիքներին` նա նշեց, որ այդ գործիքներից մեկը` գործատուների հետ բանակցություններ վարելը և արդյունքում կոլեկտիվ պայմանագրի կնքումը, քիչ թե շատ իրականացվում է, իսկ երկրորդի դեպքում՝ գործադուլի իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ՀՀ Սահմանադրությամբ և իրականացման մեխանիզմը սահմանվում է օրենքով, կա մեծ խնդիր:
 «Օրինական գործադուլ անցկացնել ՀՀ-ում հնարավոր չէ: Չնայած մեխանիզմը տրված է Աշխատանքային օրենսգրքով, բայց այդ մեխանիզմի իրականացումը բավականին բարդացված է՝ թե՛ գործառույթների իմաստով, թե՛ ժամկետի տևողությամբ: Օրինակ՝ գործադուլ անելու համար անհրաժեշտ է փակ, գաղտնի քվեարկությամբ կոլեկտիվի 2/3 –ի համաձայնությունը, այնուհետև՝ հաշտեցման հանձնաժողով, դատարան, տեղեկացնելու ժամկետներ և այլն»,- նշեց Բորիս Խարատյանը:
Իրավունքների պաշտպանությունն առաջին հերթին պետության գործառույթն է: Իրավունքների կիրառման ապահովության խնդիրը պետությունը պետք է ապահովի իր կարգավորիչ մեխանիզմներով`օրենքներով, կառավարության, գործադիր ու դատական իշխանության միջոցով: Աշխատանքային հարաբերություններում այս ամենը չի աշխատում, որովհետև ժամանակին կար Աշխատանքի տեսչություն, այսօր այն ձևական բնույթ է կրում: Մենք վավերացրել ենք Աշխատանքի միջազգային կազմակերպության համապատասխան կոնվենցիան աշխատանքի տեսչության մասին, հիմա մենք, փաստորեն, ունենք տեսչություն, բայց դրա գործառույթները, իրավունքները, պարտականությունները  չեն համապատասխանում այդ կոնվենցիայի պահանջներին, դրույթներին»,- խոսքը եզրափակեց Բորիս Խարատյանը:
 Ի դեպ, ըստ վիճակագրության՝ ՀԱՄԿ-ն ներկայումս ունի շուրջ 545 կոլեկտիվ պայմանագրեր:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ն օրերս անդրադարձել էր  գործատու-աշխատող հարաբերություններում առկա օրենսդրական բացերին, ինչի պատճառով չի կարգավորվում, օրինակ, արտաժամյա աշխատանքի, թաքնված աշխատող պահելու վերահսկողությունը և այլն:

 

Սկզբնաղբյուրը՝ https://www.yerkir.am/news/view/185869.html