Երևան, 24.09.2020

Կայքի հին տարբերակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ

ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

 Ցանկացած երկրի կայուն զարգացումը, տնտեսական աճը հնարավոր չէ առանց արժանապատիվ աշխատանքի ապահովման, որի  խորհուրդն առավել ընդգծելու նպատակով Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան հոկտեմբերի 7-ը հայտարարել է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր: Աշխատողների իրավունքները պետք է հիմնաքար հանդիսանան երկրի  տնտեսական, ֆինանսական, առևտրային և սոցիալական քաղաքականությունների մշակման համար: Աշխատանքի ոլորտում կայացած սոցիալական գործընկերությունը, առողջ սոցիալական երկխոսությունը, աշխատողների իրավագիտակցության բարձրացումը իրենց աշխատանքային և  դրանց հետ կապված սոցիալական իրավունքների վերաբերյալ լավագույնս կնպաստեն յուրաքանչյուր երկրում արժանապատիվ աշխատանքի կերտմանն ու պահպանմանը:

 Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա  խորհուրդը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի համար իմաստավորվում է պատշաճ աշխատավարձի ապահովման, կայուն աշխատատեղերի ստեղծման, միասնական ուժերով աշխատավոր մարդու աշխատանքային շահերի պաշտպանության, ինչպես նաև աշխատանքի անվտանգության և պաշտպանության խնդիրների լուծման համար արհմիութենական կազմակերպություների համատեղ գործընթացով:

 Յուրաքանչյուր աշխատող ցանկանում է և պետք է ունենա ապահով, արժանապատիվ աշխատանք և արդարացի վարձատրություն, որոնց շնորհիվ նա կհոգա ընտանիքի կարիքները, կունենա առողջությունը չխաթարող աշխատանքային նորմալ պայմաններ: Այս ամենին նպաստող բարեփոխումներն իրենց ամփոփ արտացոլումը գտան 2019թ․ մայիսի 14-ին Աշխատանքի միջազգային կազմակերպության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև ստորագրված «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագում, որով սահմանվեց 2019-2022 թթ. ԱՄԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության գերակայությունները:

 Ծրագիրը կնպաստի օրենսդրական բարեփոխումների միջոցով աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորմանը, զբաղվածության քաղաքականության բարելավմանն ու կոլեկտիվ բանակցությունների ամրապնդմանը: Այն լրացուցիչ խթան կհանդիսանա և հնարավորություն կստեղծի երկրում սոցիալական գործընկերության համակարգի շարունակական զարգացման համար:

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հույս է հայտնում, որ Հայաստանի Հանրապետության 2019-2022 թթ. «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը երկրում կարմատավորի արժանապատիվ աշխատանքը՝ որպես երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության զարգացման կարևոր բաղադրիչ:

 ՀԱՄԿ-ը ճյուղային հանրապետական միությունների հետ միասին հետամուտ կլինի արժանապատիվ աշխատանքի գաղափարի իրականացմանը, արհմիութենական  կազմակերպությունների ակտիվ  գործունեությանն ու  արհմիությունների  շարքերը երիտասարդներով համալրելու գործընթացին: