Երևան, 23.08.2019

Կայքի հին տարբերակը

Արհմիությունների և ԶԼՄ-ների գործընկերային հարաբերությունները նոր թափ են ստանում

Արհմիությունների և ԶԼՄ-ների գործընկերային հարաբերությունները նոր թափ են ստանում

Մայիսի 16-17-ին  Աշխատանքի միջազգային  կազմակերպության  աջակցությամբ ՀԱՄԿ-ի Ուսումնական  կենտրոնը  Ծաղկաձորում կազմակերպեց <Արհմիությունների և լրատվամիջոցների համագործակցությունը> թեմայով  սեմինար, որի  նպատակն էր արհմիություն-ԶԼՄ-ներ գործընկերային  հարաբերությունների ամրապնդումն ու ԶԼՄ-ների  միջոցով արհմիությունների գործունեության  և  կատարած աշխատանքների հանրայնացումը:

Միջոցառմանը  մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի  նախագահի  տեղակալ Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ-ի  կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Գառնիկ Վաղարշակյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառման հիմնական  բանախոսն էր < CONTACT>  Մոլդովայի ՊՈԱԿ-ների  իրազեկման և Աջակցության Ազգային Կենտրոնի  ծրագրերի համակարգող, մարզիչ և գնահատող, Աշխատանքի  միջազգային  կազմակերպության/ԱՄԿ/ փորձագետ Վասիլե Չոարիկը:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում ՀԱՄԿ-ի  նախագահ Է.  Թումասյանը կարևորեց ԱՄԿ-ի 100-ամյակի շրջանակներում անցկացվող սեմինարի նշանակությունը Հայաստանի արհմիությունների  գործունեության  լայնամասշտաբ  լուսաբանման գործում: Նա անդրադարձավ  օրեր առաջ ԱՄԿ-ի, ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիայի և  Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից համատեղ ստորագրած <Արժանապատիվ աշխատանք> Ազգային  ծրագրին: Է.Թումասյանը  նշեց, որ Ազգային  ծրագրում  ներառված են ՀԱՄԿ-ի  կողմից նվազագույն  աշխատավարձի և աշխատանքի  պետական  տեսչության  վերաբերյալ բազմիցս  բարձրաձայնած առաջարկությունները:

Վասիլե Չոարիկը ներկայացրեց Մոլդովայի Հանրապետության արհմիություններում տեղեկատվական աշխատանքի փորձը, արհմիությունների ուժեղ  և  թույլ  կողմերի վերլուծությունը, ներկայացրեց  նաև տեղեկատվական  դաշտում արհմիությունների  կողմից կիրառվող տեխնոլոգիաները, լրատվամիջոցների  ներկայացուցիչներին ծանոթացրեց արհմիությունների  հետ փոխհարաբերությունների  ձևերին, մեթոդներին, հարցազրույցի  վարման  և  վարքի  նորմերին: Հետաքրքիր և աշխույժ էր  մասնավորապես խմբերով  դերային  խաղի, դրա արդյունքների ներկայացման և քննարկման  ընթացքը:

ԶԼՄ-ների  ներկայացուցիչներին ՀԱՄԿ-ի պատմության, խնդիրներին ու  զարգացման  հեռանկարներին  ծանոթացրեց ՀԱՄԿ-ի  նախագահի  տեղակալ Բորիս Խարատյանը: Այնուհետև տեղի ունեցավ  մամլո ասուլիս, որի  ընթացքում Բ. Խարատյանը  պատասխանեց  արհմիությունների  գործունեության վերաբերյալ լրագրողների բազմաթիվ  հարցերին:

Սեմինարի ավարտին Գառնիկ Վաղարշակյանն ամփոփելով արդյունքները հույս  հայտնեց, որ արհմիություններ-լրատվամիջոցներ փոխհամագործակցությունը  կլինի  շարունակական  և որ  մամուլի կողմից արհմիությունների թափանցիկ գործունեության օբյեկտիվ  լուսաբանումների  շնորհիվ հանրության  շրջանում արհմիությունների հանդեպ վստահությունը կամրապնդվի և առավել տեսանելի կլինի: