Երևան, 25.06.2019

Կայքի հին տարբերակը

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման առանձին դեպքերի մասին

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի իրավաբանական բաժինը բազմաթիվ հարցումներ և ահազանգեր է ստանում Հանրապետության տարբեր ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատողներից գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ:

 Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը նախատեսված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով (այսուհետ՝ Օրենսգիրք):

 Բոլոր դեպքերում աշխատանքային պայմանագրի լուծումը հիմնավորվում է օրենքով, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածով` «Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով»: 

 2011թ.-ի հոկտեմբերի 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-991 որոշմամբ սահմանել է, որ «…աշխատանքային պայմանագրի գործողության դադարման հիմքերը և կարգը պետք է նախատեսվեն օրենքով և որոշվեն իրավունքի ուժով, իսկ դադարեցումը պետք է պայմանավորված լինի իրավաչափ պատճառներով, ինչը, իր հերթին, հստակ պետք է նախատեսվի օրենքով…»:

 Վերը նշվածից հետևում է, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը կարող է իրականացվել միայն դրա իրավական հիմքերի և պատճառների առկայության դեպքում, ինչը նույնպես նախատեսված է Օրենսգրքով: ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված է նաև, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատողների թվաքանակի կամ հաստիքների կրճատման կապակցությամբ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողին նույնպես տեղեկացվում է աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի և պատճառի մասին:

 Աշխատանքային պայմանագրի լուծման հիմնավորումները նախատեսված են նաև 2004 թ.-ի մարտի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ-ի կողմից վավերացված Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի 24-րդ հոդվածի ա) կետով, hամաձայն որի՝ աշխատողներին աշխատանքից ազատելու դեպքում աշխատողների պաշտպանության իրավունքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով ՀՀ-ը պարտավորվել է ճանաչել աշխատողին աշխատանքից այնպիսի հիմնավոր պատճառներով ազատելու իրավունքը, որը կապված է նրա ընդունակությունների կամ վարքի հետ, կամ պայմանավորված է գործատուի գործնական պահանջներով: Այս հիմնադրույթներով են պայմանավորված գործատուի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից ազատելու հիմքերը:

 Օրենսգրքի 113-րդ հոդվածի 5-րդ կետով գործատուին իրավունք է վերապահված լուծելու աշխատանքային պայմանագիրը աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում:

 Ասածից հետևում է, որ աշխատողի կողմից թույլ տված արարքը փաստորեն կապված է նրա վարքի հետ: 

 Հոդվածը սահմանում է, որ աշխատողը կարող է տույժի ենթարկվել, եթե պարբերաբար չի կատարել իր պարտականությունները, որը հստակ շարադրված է նույն Օրենսգրքի 121-րդ հոդվածով: Ըստ որի՝ պարբերաբար չկատարելը համարվում է, եթե աշխատողը մինչև տվյալ աշխատանքային կարգապահական խախտում թույլ տալը ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ:

 Աշխատանքային օրենսգրքով նախատեսված է նաև, որ գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում:

 Այս դրույթը ամրագրված է Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ի մասի 3-րդ կետում, որի մասին ավելի ընդարձակ պարզաբանում է տրված Օրենսգրքի 120 հոդվածով աշխատողի զբաղեցրած աշխատանքին չհամապատասխանելու վերաբերյալ:

 Օրենսդիրը անհամապատասխանության համար նախատեսում է երկու հիմնավոր պատճառ՝

   1. առողջական վիճակի վատթարացում, որը պատճառ է դառնում աշխատանքային պայմանագրի լուծման համար, եթե այն խոչընդոտում է աշխատանքը շարունակելուն: Այս դեպքում աշխատողի առողջական վիճակի համապատասխանությունը որոշվում է բժշկա-սոցիալական փորձաքննական եզրակացությամբ,
   2. եթե աշխատողը մասնագիտական ունակությունների անբավարարության պատճառով չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները: Այս դեպքում էլ աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարված աշխատանքին գնահատում է գործատուն օրենքով սահմանված կարգով:

 Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը ավելի ընդլայնված ձևով ամրագրված են նաև Օրենսգրքի 109-րդ հոդվածով, որոնց թվում սահմանված է նաև աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը, իսկ դրա լուծման ընթացակարգը՝ Օրենսգրքի 112-րդ հոդվածով:

 Վերը շարադրանքի բովանդակությունից պետք է եզրակացնել, որ աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ առանց որևէ պետական, տեղեկան ինքնակառավարման մարմինների, գործատուների և այլ պաշտոնատար անձանց միջամտությամբ:

 ՀՀ գործող աշխատանքային օրենսդրությամբ գործատուն իրավունք չունի ստիպելու կամ առաջարկելու աշխատողին լուծելու աշխատանքային պայմանագիրն իր դիմումի համաձայն:

 

 ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժին