Երևան, 25.03.2019

Կայքի հին տարբերակը

«Ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացումը լուրջ վնաս կհասցնի ոչ միայն տնտեսությանը, այլև կնպաստի արտագաղթին»

«Ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացումը լուրջ վնաս կհասցնի ոչ միայն տնտեսությանը, այլև կնպաստի արտագաղթին»

 Հայաստանի լեռնամետալուրգիական արդյունաբերության ոլորտի շուրջ 12 հազար (որից 7000-ը արհմիության անդամներ են) աշխատողների աշխատանքային իրավունքներն ու շահերը պաշտպանող Հայաստանի լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը փետրվարի 2-ին դիմել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Առիթը «Վալեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» և «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունների և ՎՏԲ բանկի միջև առկա տարաձայնությունների հետևանքով գործազրկության եզրին հայտնված 1300 աշխատողների 4 ամիս ձգվող անորոշ վիճակն է:


 Խնդիրը հասունացել էր դեռ վաղուց, երբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչությունը Ալավերդու պղնձաձուլական գործարանին տուգանեց 380 մլն դրամի չափով՝ շրջակա միջավայրի աղտոտման թույլատրելի սահմանը (արտանետումների թիվը 6-7 անգամ գերազանցել էր նորման) անցնելու պատճառով: 
 «Վալլեքս» ընկերության խոշոր վարկի դիմաց Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված էին ՎՏԲ բանկում: Վարկային պարտավորությունները չկատարելու հիմքով բանկը վերցրել է «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որը հնարավոր է, պարտքի դիմաց անցնի ՎՏԲ բանկին, ինչպես դա պատահեց «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի հանքավայրի դեպքում: Միչդեռ հանքավայրի շատ աշխատակիցներ տարիներ առաջ հանքավայրի շահագործման համար իրենց հողերն էժան գնով վաճառել էին «Թեղուտ» ընկերությանը, որն աշխատողներին 50 տարի աշխատատեղ ունենալու բանավոր երաշխիք էր տվել: Սակայն այսօր նրանք զրկվել են ոչ միայն իրենց հողերից, այլև աշխատանքից, իրենց ապրուստը հոգալու հնարավորությունից:
Ալավերդու պղնձաձուլական գործարանը 2018 թ. հոկտեմբերի 19-ին դադարեցրեց աշխատանքը, պատճառաբանելով, որ առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով այլևս ի վիճակի չէ շարունակելու գործունեությունը։ Գործարանը տևական ժամանակ չի աշխատում, իսկ աշխատակիցները ստացել են համապատասխան զգուշացման թերթիկներ: 2019 թ. փետրվարի 20-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները չեղարկեցին աշխատողներին ՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին (ծանուցումները չեղարկվում են երկրորդ անգամ) տրված ծանուցումները։ Ընկերության աշխատողներին կտրվեն նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը։ Այդ ընթացքում ամբողջ անձնակազմին կվճարվի աշխատավարձ «Վալլեքս» խմբի նախագահի անձնական միջոցներից (ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողի վարձատրության համար ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չափով)։
Խնդրի շուրջ ստեղծված անորոշության առիթով Ալավերդու պղնձաձուլական գործարանի 630 աշխատակիցներ բողոքի ակցիա անցկացրին՝ փակելով Ալավերդու միջպետական ճանապարհը:


 Սակայն ծանուցագրերի հետաձգմամբ խնդիրը չի լուծվում, թեև չի մարում նաև ընդհանուր հայտարարի գալու հավանականությունը:
«Իրատես»-ի հետ զրույցում Հայաստանի լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԸ նշեց, որ պղնձաձուլարանի գործունեության հնարավոր կասեցումը կարող է հանգեցնել տնտեսական լուրջ խնդիրների:
-Մենք պաշտպանում ենք աշխատողների շահերը, անկախ նրանից` արհմիության անդամ են, թե ոչ: Գործատուի և արհմիության միջև կնքված կոլեկտիվ պայմանագիրը ենթադրում է բոլոր աշխատողների շահերի պաշտպանություն: Մեզ համար կարևորը աշխատատեղերի պահպանումն է, քանի որ 1300 աշխատողների ու նրանց ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացումը լուրջ վնաս կհասցնի ոչ միայն տնտեսությանը, այլև կնպաստի արտագաղթին: Գործարանի շահագործումը նպաստավոր է հենց Ալավերդի քաղաքի զարգացման համար, կարելի է ասել, որ գործարանը քաղաքի շունչն ու հոգին է,- ասում է Էդուարդ Փահլևանյանը: 
 Նրա համոզմամբ` ՀՀ կառավարությունը լեռնամետալուրգիական արդյունաբերության ոլորտում ամբողջությամբ պետք է ստանձնի համակարգողի գործառույթ, այլապես Ալավերդու պղնձաձուլարանի փակման որոշման հետ կապված շուրջ 650 և Թեղուտի հանքավայրի 1200 աշխատողների աշխատանքային պայմանագրի լուծարման պատճառով ստացվում է, որ մոտ 1800 աշխատողներ Ալավերդու տարածաշրջանում կորցնելու են իրենց աշխատանքը:
 Կառավարությունը փորձում է գտնել իրավիճակային լուծում, ու թեև համաձայն է Ալավերդու պղնձաձուլարանի ընդհատված աշխատանքի վերսկսմանը, միաժամանակ կարծում է, որ պարտավոր է հաշվի առնել նաև Ալավերդու ավելի քան 12 հազար բնակիչների շահերը, ովքեր մշտապես ենթարկվում են թույլատրելի սահմանաչափը գերազանցող արտանետումների ազդեցությանը։
 Է. Փահլևանյանը թեև արդարացի է համարում բնապահպանական նորմերի պահպանումը, այնուհանդերձ որպես խնդրի լուծման ընդունելի տարբերակ է համարում եռակողմ՝ կառավարություն-գործատու-արհմիություն ձևաչափը: 
 -Եթե կառավարությունը հայտարարում է, թե նպաստելու է աշխատատեղերի պահպանմանը, իսկ առայժմ չկա ներդրումների հնարավորություն, ուստի կառավարությանն առաջարկում ենք «Վալլեքս» խմբի մեջ մտնող ձեռնարկությունները շահագործող ընկերությունների համար ստեղծել արտոնյալ պայմաններ՝ հարկային բեռի թեթևացման միջոցով, որպեսզի նրանք լուծում տան բնապահպանական խնդիրներին: Արհմիությունն իր կողմից պատրաստակամություն է հայտնում կողմերի միջև բանակցային գործընթացում ներկայացնելու աշխատողների շահերը,- ասաց Է. Փահլևանյանը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Սկզբնաղբյուրը՝ www.irates.am