Երևան, 25.03.2019

Կայքի հին տարբերակը

Եռակողմ համագործակցությունը շարունակվում է

Եռակողմ համագործակցությունը շարունակվում է

  2018 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված համաձայնագրով Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը երկարեցվել է  մեկ տարով: Այդ առթիվ դեկտեմբերի 26-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ   հանդիպում, որի  ընթացքում ՀՀ  աշխատանքի և  սոցիալական  հարցերի  նախարարի  տեղակալի պաշտոնակատար  Արման  Ուդումյանը, ՀԱՄԿ-ի  նախագահի  տեղակալ Բորիս Խարատյանը և Հայաստանի գործատուների միության  նախագահ Գագիկ Մակարյանը ամփոփեցին  կատարած աշխատանքներն ու խոսեցին առաջիկա անելիքների  մասին:
  Արման Ուդումյանն իր խոսքում կարևորելով Հանրապետական  կոլեկտիվ  պայմանագրի նշանակությունն ասաց, որ պայմանագրի նպատակն է խթանել սոցիալական գործընկերության կայացումն ու զարգացումը, հանրապետական  մակարդակներում կոլեկտիվ բանակցությունների կազմակերպման միջոցով բարելավել աշխատողների աշխատանքային պայմանները:
  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի  նախագահի տեղակալ Բորիս Խարատյանի կարծիքով աշխատողի և գործատուի հարաբերությունները կարգավորելու համար կառավարությունը պետք է կանոններ սահմանի, որպեսզի ապահովի սոցիալական գործընկերություն: Անդրադառնալով կոլեկտիվ պայմանագրին,  նա  նշեց, որ այն  կարող է հնարավորություն ստեղծել համաձայնեցնելու երեք կողմերի շահերը, ովքեր նույն հարցի շուրջ ունեն տարբեր մոտեցումներ: 
<Հույս ունեմ, որ պայմանագրի այն դրույթները, որոնք կատարվել են մասամբ, հաջորդ մեկ տարվա ընթացքում կկարողանանք հասցնել ավարտին>,-ասաց Բ.Խարատյանը:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի  փոխանցմամբ  եռակողմ պայմանագիրը շատ պարտավորեցնող է բոլոր կողմերի համար, որ այն  կարևոր ինստիտուտ է երկրի համար, որտեղ 3 կողմերի շահերը զուգակցվում են և փոխհամաձայնեցման միջոցով լուծվում աշխատանքային գործունեության և սոցիալ-տնտեսական իրավիճակներից բխող խնդիրները:
  Հանդիպմանը մասնակցում  էին  նաև ՀԱՄԿ-ի Հայաստանի առևտրի,  հասարակական  սննդի և սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների ՃՀՄ-ի  նախագահ Շմավոն Մկրտչյանը,  Հայաստանի արդյունաբերության աշխատողների ՃՀՄ-ի  նախագահ Համլետ Դանիելյանը, Հայաստանի  մշակույթի աշխատողների  ՃՀՄ-ի  նախագահ Ժանետա Թորոսյանը և ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի հասարակական  սպասարկման աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Անահիտ Ասատրյանը: