Երևան, 19.12.2018

Կայքի հին տարբերակը

Արհմիություններ-հասարակական կազմակերպություններ երկխոսությունը <Աշխատանքային իրավունքի խթանումը տնտեսական զարգացման համատեքստում. կանայք աշխատանքի շուկայում> ծրագրի շրջանակներում

Արհմիություններ-հասարակական կազմակերպություններ երկխոսությունը <Աշխատանքային  իրավունքի  խթանումը  տնտեսական զարգացման համատեքստում. կանայք աշխատանքի շուկայում> ծրագրի շրջանակներում

  Հոկտեմբերի 4-ին ՕքսԵՋեն հիմնադրամը Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիայի հետ <Աշխատանքային  իրավունքի  խթանում տնտեսական  զարգացման             համատեքստում. Կանայք աշխատանքի շուկայում> ծրագրի շրջանակներում անցկացրեց  քննարկում:

  Միջոցառմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի  նախագահ Էդուարդ Թումասյանը,  ՀԱՄԿ-ի  նախագահի  տեղակալ Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների  նախագահներ, ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական, սոցիալ-տնտեսական  և աշխատանքի  պաշտպանության  բաժինների ներկայացուցիչներ, ՕքսԵՋեն հիմնադրամի  նախագահ Մարգարիտա Հակոբյանը, GSP+ծրագրի հայաստանյան  ներկայացուցիչ Ռուբեն Սարուխանյանը, Հունգարիայի  Արհմիությունների  կոնֆեդերացիայի փոխնախագահ Գորգի Զոլտան  Կարոլին, Լեհաստանի <Կարատ>  կանանց  իրավապաշտպան ցանցի նախագահ Կինգա Յանուտա Նովիկա Լոհմանն և ուրիշներ:

ՀԱՄԿ-ի  նախագահ Է.Թումասյանը ողջունելով  ներկաներին հույս  հայտնեց, որ քննարկման  ընթացքում  գործընկեր  կազմակերպությունների ներկայացուցիչների  փորձն ու գիտելիքները կնպաստեն ՀԱՄԿ-ի աշխատանքների արդյունավետության  բարձրացմանը:

ՕքսԵՋեն հիմնադրամի  նախագահ Մարգարիտա Հակոբյանը կարևորելով աշխատողների աշխատանքային  իրավունքների պաշտպանությունը, նշեց, որ ծրագրի  նպատակն է պարզել, թե Հայաստանի Հանրապետության  կողմից որքանով են արդյունավետ կիրառվում GSP+ ծրագրի շրջանակներում վավերացրած մարդու իրավունքների,   աշխատանքային  իրավունքների պատշաճ կառավարման և  բնապահպանության  վերաբերյալ 27 առանցքային միջազգային  կոնվենցիաների դրույթները:

GSP+ ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Ռուբեն Սարուխանյանն  իր ելույթում անդրադարձավ Հայաստանի  կողմից GSP+ ծրագրին առնչվող միջազգային  պարտավորությունների իրականացմանն ու ծրագրի  խնդիրներին:

Հունգարիայի  Արհմիությունների  կոնֆեդերացիայի փոխնախագահ Գորգի Զոլտան  Կարոլին միջոցառման  մասնակիցներին ներկայացրեց իր երկրում Արհմիությունների դերի բարձրացման  մեխանիզմների, որակավորում ստացած աշխատողների նվազագյույն աշխատավարձի և  նվազագույն  կենսաապահովման զամբյուղի չափի, քաղծառայողների կողմից  գործադուլ  անելու իրավունքների սահմանափակման վերաբերյալ  տեղեկություններ: Նրա  փոխանցմամբ Հունգարիայում աշխատողների 30% -ի սոցիալական  պայմանները  հատում են նվազագույն  շեմը,  իսկ կառավարության  որոշմամբ նվազագույն աշխատավարձը  հավասարվել է  կենսաապահովման  նվազագույն զամբյուղի  չափին:

  Լեհաստանի <Կարատ >  կանանց  իրավապաշտպան  ցանցի  նախագահ Կինգա Յանուտա Նովիկա  Լոհմաննը ներկայացրեց Լեհաստանի արհմիությունների և հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքերը:

ՀԱՄԿ-ի  նախագահի տեղակալ Բորիս Խարատյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանում նվազագույն աշխատավարձի և նվազագույն զամբյուղի սահմանման  մեխանիզմների բացակայությանը, կենսաապահովման  նվազագույն զմաբյուղի և  կենսաապահովման  նվազագույն  բյուջեին,  գործադուլների և դրանց իրականացման  վերաբերող հարցերին:

 Տիկին Կինգա Յանուտա Նովիկա Լոհմաննին հետաքրքրում էր ՀԱՄԿ-ում կանանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքերը: Կանանց և տղամարդկանց հավասարության հարցերով ՀԱՄԿ-ի մշտական գործող հանձնաժողովի նախագահ, Հայաստանի կրթության և գիտության աշխատողների ՃՀՄ-ի իրավաբան Էլեն Մանասերյանը պատասխանելով վերջինիս նշեց, որ ՀԱՄԿ-ում գործում է կանանց հարցերով զբաղվող հանձնաժողով և այն ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող  շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Արհմիությունների և հասարակական  կազմակերպությունների համագործակցության միջև երկարամյա  փորձի արդյունքերին անդարադարձավ նաև ՀՀ առողջապահության աշխատողների ՃՀՄ-ի  նախագահ Գայանե Արմաղանովան,   նշելով, որ  արհմիության գործունեությունն այս  ոլորտում սահմանափակ է այն առումով, որ  առողջապահության  աշխատողները շատ հաճախ աշխատանքը չկորցնելու համար  խուսափում են  բարձրաձայնել ոլորտի խնդիրները: Այնուհանդերձ  նա  չբացառեց  ՀԿ-ների հետ համագործակցության  հեռանկարը:

Հայաստանի մշակույթի աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Ժանետա Թորոսյանի խոսքով  ՀԿ-ների հետ  համագործակցության  երկարամյա  փորձը վկայում է, որ որոշ ՀԿ-ներ արհմիությունների աշխատանքի  հանդեպ  իրենց մակերեսային  մոտեցմամբ փորձում են նսեմացնել վերջիններիս աշխատանքը, գտնելով, թե արհմիությունների գործունեության հիմքը  միայն գործադուլների  կազմակերպումն է:

Արհմիությունների  գործունեության  վերաբերյալ ՀԿ-ների անտեղյակության  մասին մտահոգություն  հայտնեց  նաև ՀՀ թեթև արդյունաբերության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Սրապիոն Առաքելանը:

Միջոցառման ավարտին ՕքսԵՋեն հիմնադրամի  նախագահ Մարգարիտա Հակոբյանը  հույս  հայտնեց, որ կառավարության, արհմիությունների,  գործատուների   և հասարակական  կազմակերպությունների միջև փորձի փոխանակումը կնպաստի   համագործակցության հետագա զարգացմանը: