Երևան, 24.06.2018

Կայքի հին տարբերակը

Նաիրիտցիները՝ սեփական իրավունքների պահանջատեր

Նաիրիտցիները՝ սեփական իրավունքների պահանջատեր

Մայիսի 16-ին Բաղրամյան 26 հասցեում՝ Հայաստանի վարչապետի նստավայրի մոտ հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա բազմաթիվ աշխատակիցներ։ Նրանք պահանջում էին վերագործարկել գործարանը և վճարել անցած չորս ամիսների աշխատավարձերը։

Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանի փոխանցմամբ թեև 2017 թ. վերջին լրացել է Արտակարգ իրավիճակների նախարարության հետ գործարանի անվտանգության աշխատակիցների կնքած պայմանագրերի ժամկետը, սակայն աշխատանքից ազատելու հրաման չի եղել։ Աշխատողները շարունակել են աշխատել, որի համար չեն վարձատրվել:

«Մենք պահանջում ենք, որպեսզի լուծվի 116 աշխատակիցների հարցը, որոնց աշխատանքային պայմանագրերի ժամկետը լրացել է դեկտեմբերի 31-ին։ Մենք չենք ցանկանում, որպեսզի այդ մարդկանց հարցը թողնեն սնանկության հարցերով կառավարչի պատասխանատվությանը։ Հակառակ դեպքում նա ստիպված կլինի վաճառքի դնել գործարանի ունեցվածքը` աշխատավարձի պարտքերը մարելու համար, իսկ սարքավորումների վաճառքը կնշանակի, որ գործարանն այլևս երբեք հնարավոր չի լինի վերագործարկել: Հայտնի է, որ ԱԻՆ-ի ընդհանուր պարտքը կազմում է մոտ 8 միլիոն դրամ:Դա այդքան էլ մեծ թիվ չէ։ Ցանկության դեպքում կառավարությունը կարող է պարտավորեցնել ԱԻՆ-ին վճարել աշխատողների աշխատավարձը», - ասել է Հ.Թադևոսյանը և հույս հայտնել, որ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցի վերաբերյալ դրական որոշում կընդունի:

Մի քանի ցուցարարներ հրավիրվեցին բանակցությունների, որից հետո Հրաչ Թադևոսյանը գործարանի աշխատակիցներին փոխանցեց քննարկման արդյունքերը:

Նաիրիտցիները դադարեցրել են բողոքի ակցիան և սպասում են ՀՀ վարչապետի պատասխանին:

 

ՀԱՄԿ-ի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին