Երևան, 16.11.2018

Կայքի հին տարբերակը

2018թ. Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա կարգախոսն է` «Նոր սերնդի առողջությունը և անվտանգությունը»

Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 28-ը նշվում է որպես Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր:

 2018թ. աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա կարգախոսն է` «Նոր սերնդի առողջությունը և անվտանգությունը»:

 Թեև Աշխատանքի միջազգային կազմակերպությունն ամեն տարի հանդես է գալիս նոր թեմայով, այնուհանդերձ նպատակը մեկն է` հանրության  ուշադրության կենտրոնում պահել առողջ և անվտանգ աշխատանքի մշակույթի տեսլականը, ինչը ենթադրում է աշխատավայրում աշխատողների առողջության պահպանման և անվատնգության  ապահովության երաշխավորում:

Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության վիճակագրության աշխարհում յուրաքանչյուր օր աշխատավայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից մահանում է 6000 մարդ, իսկ տարվա ընթացքում` 2,3 միլիոն:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված «Հայաստան. երեխայի աշխատանքի ազգային հետազոտություն, 2015թ.» վերլուծական զեկույցի համաձայն` Հայաստանում ծանր և վնասակար աշխատանքներում ընդգրկված են եղել երեխաների 9%-ը, որտեղ աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթական գերազանցել է 16 ժամը:  

Մինչդեռ, ՀՀ աշխատանքային օրենսգրքով արգելվում է երեխաների ներգրավումն այնպիսի աշխատանքներում, որոնք բացասական ազդեցություն կարող են ունենալ նրանց առողջության վրա: 

Հայաստանի ազգային օրենսդրությամբ, հիմք ընդունելով ՀՀ կողմից վավերացրած «Նվազագույն տարիքի մասին» ԱՄԿ 138 և «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» ԱՄԿ 182 կոնվենցիաների պահանջները, սահմանվել է մինչև 18 տարեկան երեխայի աշխատելու պայմանները` հաշվի առնելով աշխատաժամանակի կրճատ տևողությունը ըստ տարիքային խմբերի:

Համաձայն վերոնշված հետազոտությանը գյուղական վայրերում աշխատանքում ընդգրկված երեխաների թիվը 8 անգամ գերազանցում է քաղաքում բնակվող իրենց հասակակիցների թվից: Զբաղված երեխաների 4% վարձու աշխատողներ են, որոնց 95 %  աշխատել են բանավոր պայմանավորվածության հիման վրա և չեն օգտվել վճարովի արձակուրդից, կրճատ աշխատաժամանակից և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ երաշխիքներից:  Երեխաների 20% համարվել են ինքնազբաղվածներ:

Երեխայի աշխատելու հիմնական պատճառը նրանց ընտանիքների  աղքատությունն է: Հանրապետությունում սոցիալ-տնտեսական ցածր մակարդակով պայմանավորված մինչև 18 տարեկան երեխաների 37% ապրում են աղքատության, իսկ 3,3% ծայրահեղ աղքատության  պայմաններում:

Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության ոլորտում առաջնահերթ խնդիներից է շարունակում մնալ գործազրկության բարձր մակարդակը:  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն` գործազրկության մակարդակը  2017թ. կազմել է 17,8% (15-75 տարիքային խումբ), երիտասարդության շրջանում (15-29 տարիքային խումբ)` 30,3 %: Երիտասարդության շրջանում գործազրկության բարձր մակարդակը պայմանավորված է մասնագիտական կրթության և աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանելիությամբ:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան գտնում է, որ նշված խնդիրների կարգավորումը կարելի է իրականացնել սոցիալական երկխոսության  միջոցով: Այդ աշխատանքները պետք է ուղղված լինեն Հայաստանի Հանրապետությունում նոր սերնդի և աշխատողների  արժանապատիվ աշխատանքի ապահովմանը, աղքատության և գործազրկության մակարդակի կրճատմանը, ինչպես նաև առողջ ու անվտանգ  աշխատանքային պայմանների  ստեղծմանը:

 

ՀԱՄԿ-ի աշխատակազմի

Սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժին