Երևան, 25.05.2018

Կայքի հին տարբերակը

Առանձին աշխատանքային վեճերի դատական քննման նոր կարգը

Սույն թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը (ՀՕ-110-Ն):

ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքում առանձին ենթաբաժին է հատկացված հատուկ հայցային վարույթների կարգով քննվող վեճերի համար, որի 24-րդ գուխը վերաբերվում է երեք տեսակի առանձին աշխատանքային վեճերով  վարույթին:

Այսուհետ, աշխատանքային պայմանագրի փոփոխման, աշխատանքային պայմանագրի լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը առաջին ատյանի դատարանը, հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո, քննելու և լուծելու է 3 ամսվա ընթացքում:

Այսինքն, նշված երեք տեսակի առանձին աշխատանքային վեճերով գործերը առաջին ատյանի դատարանում լուծում կստանան ավելի սեղմ ժամկետներում:

Ըստ հիշյալ օրենսգրքի, առաջին ատյանի դատարանում գործերի ընդհանուր քննության կարգով սահմանված է, որ հայցադիմումը դատարան ներկայացնելուց հետո  դատարանը գործը վարույթ է ընդունում յոթօրյա ժամկետում: Սակայն առանձին աշխատանքային վեճերով հատուկ վարույթի դեպքում սահմանվել է եռօրյա ժամկետ, որից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատասխանող կողմը (գործատուն) պարտավոր է դատարանին ներկայացնել հետևյալ ապացույցները՝

- վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերի վերաբերյալ ապացույցներ,

- վիճարկվող անհատական իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,

- աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

Ապացույցները չներկայացնելու դեպքում դատարանը կհամարի, որ դրանք գոյություն չեն ունեցել, բացառությամբ այն դեպքերի, երբ գործատուից անկախ պատճառներով դրանք հնարավոր չէ ներկայացնել:

Փաստորեն օրենսգրքի նոր կարգավորմամբ ապացույցները ներկայացնելու պարտականությունը դրված է պատասխանող կողմի (գործատուի) վրա:

Նոր օրենսգրքով աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված գործերը դատաքննության նախապատրաստելիս դատարանը կարող է առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջները, համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ:

Ըստ նոր օրենսգրքի դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատղին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը, ինչպես նաև այն դեպքում, երբ պատասխանողի (գործատուի) կողմից խախտվել է  աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատղին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով սահմանված կարգը:

Միաժամանակ օրենսգրքով նախատեսվում է նաև, որ, եթե վիճարկվող անհատական իրավական ակտն ընդունվել է մեկից ավելի փաստական հիմքերով, ապա դրանցից առնվազն մեկի առկայությունը հաստատելը բավարար է վիճարկվող անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու համար: