Երևան, 21.09.2017

Իրադարձային օրացույց

Արհմիությունները կրթական համակարգում

Արհմիությունները կրթական համակարգում

ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ

 

ՈՒսուցչի աշխատանքը մշտապես համարվել է դժվար և պատասխանատու, քանի որ նրա առջև դրվել է սերունդ կրթելու և դաստիարակելու, պետության մշակած ծրագիրն աշակերտին փոխանցելու դժվարին պարտականությունը, որը ենթադրում է ինքնակրթության և վերապատրաստումների մշտական գործընթաց: Այսօր ժամանակներն այլ են, փոխվել են դասագրքերը, ծրագրերը, աշակերտի և ծնողի պահանջներն ու մոտեցումները դպրոցի, դասավանդման գործընթացի և ուսուցչի նկատմամբ: ՈՒսուցիչների հետ մասնավոր զրույցներում հաճախ կարելի է լսել նրանցից պահանջվող ինքնավերահսկողության և համբերատարության պարտադիր ցուցաբերման, երբեմն էլ ծնողների և դպրոցի տնօրենության կողմից գործադրվող ճնշումների, աշակերտների ոչ պատշաճ վարքի հանդեպ հանդուրժողականության հարկադիր դրսևորման, աշխատանքային իրավունքի խախտման, ցածր աշխատավարձի ու բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ բողոքներ: Դպրոցում կամ մեկ այլ աշխատավայրում աշխատողի աշխատանքային իրավունքի ոտնահարումը հանգեցնում է աշխատանքի արտադրողականության անկման, հարաբերությունների վատթարացման, ընդհուպ աշխատանքից ազատվելու հարկադիր որոշման: Թեև աշխատողների աշխատանքային իրավունքները, նրանց և գործատուների հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, Աշխատանքային օրենսդրությամբ և ՀՀ այլ օրենքներով, սակայն իրականության մեջ և շատ հաճախ աշխատողի իրավունքն ավարտվում է այն կետում, որտեղից սկսվում է աշխատանքը կորցնելու մտավախությունը: «Եթե քեզ պայմանները չեն բավարարում, կարող ես հեռանալ, խնդրողներ շատ կան» բառակույտով թրծված դամոկլյան սուրը շատ աշխատողների (այս դեպքում ուսուցիչների) ստիպում է համակերպվել իրենց պարտադրված կանոններին ու աշխատանքային պայմաններին:

 

ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ՈՒՍՈՒՑՉԻ ԵՎ ԳԻՏԱՇԽԱՏՈՂԻ ԿՈՂՔԻՆ


«Իրատեսի» հետ զրույցում ուսուցիչների աշխատանքային և դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը, դրանց ներկայացումն ու պաշտպանությունն իրականացնող Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության (ՃՀՄ) նախագահ ԳՐԻԳՈՐ ՂԱՐԻԲՅԱՆԸ նշեց, որ ուսուցիչների և գիտության բնագավառի աշխատողների իրավունքների և սոցիալական շահերի պաշտպանության հարցերով կառավարությանը արհմիությունների ներկայացրած մի շարք հարցեր լուծում են ստացել:
-Կառավարությունը որոշման նախագիծ էր մշակել, ըստ որի նախադպրոցական հիմնարկների դաստիարակները չէին օգտվում ամենամյա երկարացված արձակուրդից: ՃՀՄ-ն դիմեց կառավարությանը, նշելով, որ նախադպրոցական հիմնարկների դաստիարակները նույնպես համարվում են մանկավարժական աշխատողներ և պետք է օգտվեն երկարացված արձակուրդից: Խնդիրը դրական լուծում ստացավ: Պակաս կարևոր չէր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին մեր ՃՀՄ-ի ներկայացրած երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող ուսուցիչների՝ սոցապբաժիններին դիմելու և գրանցվելու սահմանափակումների պատճառով հարյուրավոր ուսուցիչների ցուցակներից դուրս մնալու հարցը, որը նույնպես դրական լուծում ստացավ: 2016 թ. օգոստոսին ՃՀՄ-ն նամակով դիմեց ՀՀ վարչապետին, որով հայտնեց 2017-2019 թ. թ. սոցիալական փաթեթի գործարկումը կասեցնելու ՀՀ կառավարության մտադրության վերաբերյալ կրթության և գիտության բնագավառում աշխատող արհմիության անդամների շրջանում ստեղծված անհանգստության մասին: Նրանց զրկել սոցիալական փաթեթով տրվող գումարներից նշանակում է զրկել ոչ միայն հանգստի, այլև ընտանիքի անդամի ուսման վարձի և հիպոթեքային վարկի տոկոսագումարների վճարումները դրա հաշվին կատարելու հնարավորությունից։ Կառավարությունը մեր բարձրացրած հարցին նույնպես դրական լուծում տվեց,- ասաց Գ. Ղարիբյանը:


Զրույցի ընթացքում պարոն Ղարիբյանը նշեց, որ Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի կազմում ընդգրկված են 44 տարածքային, 4 քաղաքային միություններ, 1520 արհեստակցական կազմակերպություն՝ 67560 արհմիության անդամներով, որից պետական դպրոցներում աշխատողների թիվը 57588 է, իսկ նախադպրոցական հիմնարկների աշխատողների թիվը՝ 4670: ՃՀՄ-ի կազմում են նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 27 ինստիտուտների շուրջ 4242 և քոլեջների 1060 աշխատողներ: Տարածքային և քաղաքային արհմիութենական կազմակերպությունները մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ կնքել են կոլեկտիվ պայմանագրեր:


Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի ներկայությունն ապահովված է նաև համաշխարհային արհմիութենական ընտանիքում: ՃՀՄ-ն անդամակցում է 30 միլիոն անդամ ունեցող ՈՒսուցիչների համաշխարհային արհմիութենական կազմակերպությանը, համագործակցում է կրթության և գիտության աշխատողների արհմիության միջազգային կազմակերպության հետ: Վերջերս ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և արհմիությունները կրթական ոլորտում» թեմայով սեմինար, որն անցկացնում էր ԵԱՀԿ-ի միջազգային դիտորդ, մարդու իրավունքների ակտիվիստ, Նիդերլանդների խորհրդարանի նախկին անդամ, քաղաքագիտության դոկտոր Հարի վան Բոմելը:

 

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՔԻԼԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐԸ


Երբ տարեց մի ուսուցչի հետ զրուցում էի դպրոցի և ուսուցչի խնդիրներից, ասաց. «Այսօր կյանքը դժվարացել է, կրթությունն ու դաստիարակությունը դպրոցում արժեզրկվել են, երեկվա իմ միջակ սովորող աշակերտն այսօր դարձել է պատգամավոր, նրա աշխատավարձը 470 հազար դրամ է, իմը՝ 90-100 հազար, բարձրանալու միտում էլ չկա, պատճառաբանում են, թե աշակերտների թիվը նվազում է, իսկ պետության հնարավորությունն այդքան է: Սակայն չեն պատասխանում այն հարցին, թե իրականում աշակերտների թիվն ինչու է նվազում»: Այս ուսուցչի հետ թերևս շատերը կհամաձայնեն, քանի որ աշակերտների թվի խտությունը, ծրագրերի և դասագրքերի անկատարությունը, մանկավարժական նոր մեթոդների կիրառումը, տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը դպրոց, 21-րդ դարի աշակերտ-ուսուցիչ, ծնող-ուսուցիչ, տնօրեն-ուսուցիչ հարաբերությունների ձևավորումը, ուսուցչից պահանջվող աշխատանքի և պատասխանատվության ավելացումը նոր մարտահրավերներ են ուսուցչի համար: Նրա կատարած աշխատանքի և վարձատրության անհամատեղելիությունը մշտապես դժգոհության առիթ է դառնում: Դպրոցների խնդիրները սկսեցին է՛լ ավելի խորանալ, երբ դրանց ֆինանսավորումը որոշվեց աշակերտների թվով:
2016 թ. հուլիսի 1-ի տվյալներով` կրթության բնագավառի աշխատողների միջին աշխատավարձը 122418 դրամ է, իսկ հանրապետության միջին աշխատավարձը՝ 183582 դրամ: Արհմիությունը դիմել է ՀՀ կառավարությանն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կրթական ոլորտի աշխատողների աշխատավարձը հանրապետությունում սահմանված միջին աշխատավարձի մակարդակին բարձրացնելու խնդրանքով, սակայն այդ հարցում դեռևս դրական տեղաշարժ չկա:


Հանրապետությունում միջնակարգ կրթության ծրագրով դասավանդող ուսուցչի աշխատավարձի չափը պայմանավորված է դպրոցի աշակերտների թվով, միջին խտությամբ, հարաբերակցությամբ: Կա ֆինանսավորման հաստատված բանաձև` ըստ աշակերտների թվի: Մանկավարժական աշխատողի՝ դասարանի միջին խտությամբ աշակերտ-ուսուցիչ դրույքաչափ հարաբերակցությամբ հաշվարկած դրույքաչափը ՀՀ-ում կազմում է միջինը շուրջ 95000 դրամ, ինչն այսօրվա պայմաններում վերք չի բուժում: ՈՒստի զարմանալի չէ, որ «ոչ միայն հացիվ»-ը ոչ մի կերպ չի տեղավորվում գնաճից, երկրի սոցիալ-տնտեսական վիճակից դժգոհ, իշխանությունների կողմից լուսավոր ապագայի տեսլականով սնվող հասարակության տրամաբանության շրջանակներում, հատկապես հեռավոր գյուղերում, որտեղ առանց այն էլ մանկավարժների պակաս կա, որտեղ որպես կանոն մեկ ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա, մինչդեռ քաղաքային համայնքներում պատկերը ճիշտ հակառակն է՝ մեկ դրույքը բաժանվում է մի քանի ուսուցիչների միջև: Արդյունքում ուսուցիչը վարձատրվում է ցածր և չի ունենում սոցիալական խթան` ավելի արդյունավետ աշխատելու:


Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Շենգավիթ տարածքային միության նախագահ ՍԻՐԱՆՈՒՇ ԽԼՂԱԹՅԱՆԻ համոզմամբ` կրթության բնագավառի կարևորագույն խնդիրներից մեկը աշխատավարձն է: Ըստ նրա` կան ուսուցիչներ, որոնք աշխատում են 8, 10, 12 ժամ, մինչդեռ դրույքը պետք է կազմի 22 ժամ, որպեսզի ստանա 120 հազար դրամ, սակայն դրա մեջ ներառված են գրավոր աշխատանքների ստուգումը, դասղեկությունը, մեթոդմիավորման վարձատրությունը: Քիչ ուսուցիչներ կան, ովքեր ապահովված են 22 ժամով, կան ուսուցիչներ, ովքեր դասավանդում են 6 ժամ, նրանց ստացած չնչին գումարը բավարարում է միայն հացի համար: Նման դեպքում արհմիութենական կազմակերպությունն իր սեղմ միջոցներից իր աջակցությանը դիմող ուսուցիչներին ցուցաբերում է ֆինանսական մեկանգամյա օժանդակություն: 
-Մեր ուսուցիչներն ի պատիվ իրենց շատ լավ են աշխատում, դեռ 1990-ականներին նրանք ապացուցեցին, որ կարող են աշխատել անգամ ամենածանր պայմաններում: Սակայն այսօր ուսուցչի հեղինակության խնդիր կա. եթե դպրոցը ֆինանսավորվում է աշակերտների թվով, ապա ամեն ինչ արվում է, որ աշակերտը չհեռանա դպրոցից, մեխանիկորեն նրան տրվում է արտոնյալ վիճակ: Այս դեպքում ուսուցչի լծակները աշակերտի վարքագծի կառավարման հարցում թուլանում են: Եթե ուսուցիչն ունենար արժանապատիվ վարձատրություն, թերևս նա հանդուրժեր կրթական նոր համակարգի պահանջները, թեև դարձյալ հանդուրժում են, ես երբևէ չեմ լսել, որ ուսուցիչն աշխատանքից ազատվի ցածր աշխատավարձի պատճառով,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Խլղաթյանը:


Աշխատավարձի բարձրացման պահանջով 2014-ին հանրապետության նախագահին, վարչապետին և Ազգային ժողովի նախագահին ուղղված նամակներում ՀՀ ԳԱԱ Միացյալ արհմիության կոմիտեն իր բողոքն է արտահայտել կառավարության ընդունած՝ պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման որոշման դեմ, քանի որ անտեսվել էր գիտության բնագավառը: Այդ փաստը արհմիությունը որակեց գիտության նկատմամբ իշխանությունների արհամարհական վերաբերմունքի արտահայտություն, երկրի համար գիտության ռազմավարական նշանակության անտեսում, դեպի գիտություն երիտասարդ մասնագետների հոսքի կասեցում, արտագաղթի և ուղեղների արտահոսքի ուժեղացում: Նամակները, ցավոք, արժանացան իշխանությունների համակ լռությանը:

 

«ՓՈՐՁԱՆՔԸ» ՄԻԱՅՆԱԿ ՉԻ ԳԱԼԻՍ


Հանրապետությունում հետզհետե աճող արտագաղթը (որի արդյունքում նվազում է նաև աշակերտների քանակը) և կրթական «բարեփոխումները» հանգեցրին ուսուցիչների անխուսափելի կրճատումների: Գրիգոր Ղարիբյանի փոխանցմամբ` վերջին հինգ տարում կրճատվել է 2816 ուսուցիչ: «Թեև կառավարության նորմատիվային ակտերով աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությամբ պայմանավորված` ուսուցչին մեկ դրույքով ապահովելու դեպքում պետք է ունենանք 26000 ուսուցիչ, բայց իրականում նրանց թիվն այսօր 37174 է: Կարծում եմ` կադրերի պահանջարկի պլանավորման դեպքում նման իրավիճակ չէր լինի»,- ասում է Գ. Ղարիբյանը: 
Որոշ ուսուցիչների համոզմամբ օպտիմալացումն իրականացվել է առանց հստակ չափանիշների: Տնօրեններից շատերն առիթն օգտագործելով ազատվել են անցանկալի ուսուցիչներից, չմտածելով բարեփոխումների երկրորդ փուլի՝ կրթության որակի բարձրացման մասին:


Պարոն Ղարիբյանի և տիկին Խլղաթյանի փոխանցմամբ` եղել են անօրինական կրճատման կամ տնօրեն-ուսուցիչ լարված հարաբերությունների արդյունքում ազատված ուսուցիչների՝ դատարանով վերականգնման դեպքեր:
Գ. Ղարիբյանի փոխանցմամբ` արհմիությունը որոշ չափով կարողանում է պատշաճ կազմակերպել կրթության և գիտության բնագավառի աշխատողների հանգիստը: Ծաղկաձորում մանկավարժների համար գործում է հանգստյան տուն՝ «ՈՒսուցչի տունը»: 24-տեղանոց հանգստյան տանը յուրաքանչյուր տարի 200-ից ավելի ուսուցիչներ հանգստանում են 10-օրյա ուղեգրերով: Ֆինանսական սուղ միջոցները թույլ չեն տալիս արհմիություններին սոցիալական մեծ բեռ վերցնել, ուստի խորհրդային տարիներին ուսուցիչների հանգստի, առողջության համար կազմակերպված լայն հնարավորությունների համեմատ սա այն նվազագույնն է, որ արհմիությունն այսօր անում է ուսուցչի համար:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Սզբնաղբուր՝ http://www.irates.am/hy/1494907097