Երևան, 20.11.2017

Իրադարձային օրացույց

 Ինչպես ստեղծել Արհմիութենական կազմակերպություն

 

 Աշխատանքային հարաբերություններում գործատուների և աշխատողների շահերի բախումը անխուսափելի է, քանի որ գործատուները շահագրգռված են քիչ ծախսերով մեծ եկամուտ ստանալ, իսկ աշխատողները պահանջում են իրենց կատարած աշխատանքի դիմաց արդար և համարժեք հատուցում: 
 Աշխատողը միայնակ ի վիճակի չէ գործատուի կամայականությունների և խախտումների դեմ պայքարելու: Ուստի, աշխատողների արհեստակցական միություններում միավորվելը անհրաժեշտ է, որը կնպաստի տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելուն և աշխատանքային հարաբերություններում դրանց պաշտպանելուն: 
 Բացի դրանից արհեստակցական միության ստեղծումը նպատակ ունի նաև` 
- գործատուի հետ բանակցություններ վարելու և կոլեկտիվ պայմանագրեր կնքելու միջոցով սահմանել լրացուցիչ արտոնություններ, երաշխիքներ ու հատուցումներ կապված աշխատանքային հարաբերությունների հետ.
- գործատուի հրավերով մասնակցել արտադրական ծրագրերի մշակմանը և դրանց կենսագործմանը.
- գործատուին ներկայացնել առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, ձեռքի աշխատանքի թեթևացման, արտադրական նորմաների վերանայման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ.
- գործատուի հետ համագործակցել արհեստակցական միության մասնակցի (անդամի) պարգևատրման և խրախուսման հարցերում:
 Արհեստակցական միությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, գործադուլներ, զանգվածային այլ միջոցառումներ, դրանց հետ կապված բանակցություններ վարել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, այլ կազմակերպությունների, նրանց պաշտոնատար անձանց հետ:
 Հայաստանի Հանրապետությունում արհեստակցական կազմակերպություն (միություն) ստեղծելու յուրաքանչյուր անձի իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների համընդանուր հռչակագրով և միջազգային իրավունքի այլ նորմատիվ ակտերով, իսկ դրա իրականացման մեխանիզմը սահմանված է ՙԱրհեստակցական միությունների մասին՚ ՀՀ օրենքի 4-րդ և 9-րդ հոդվածներով, որոնց համաձայն` Արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա հիմնադիրների (առնվազն 3 աշխատողի) նախաձեռնությամբ հրավիրված ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ և այդ որոշմամբ էլ հաստատվում է արհմիության գարծունեությունը կանոնակարգող հիմնական փաստաթուղթը` նրա կանոնադրությունը, որը իր մեջ ներառում է`
- արհեստակցական կազմակերպության անվանումը.
- գործունեության առարկան և նպատակները.
- կառուցվածքը. 
- մասնակից (անդամ) դառնալու ու մասնակցությունից (անդամակցությունից) դուրս   
 գալու կարգը.
- անդամների իրավունքներն ու պարտականությունները.
- գտնվելու վայրը.
- վերակազմավորման և լուծարման կարգը.
- կանոնադրությունում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարգը.
- մուտքի վճարների, անդամավճարների չափը, մուծումների կարգն ու գույքի ձեռք բերման այլ աղբյուրներ: 
 Արհեստակցական միությունը համարվում է ստեղծված նրա պետական գրանցման պահից, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կոկմից:
 Անդամակցելով արհեստակցական միությանը աշխատողների համար հնարավորություն է ստեղծվում պաշտպանելու իրենց աշխատանքային իրավունքներն ու շահերը:

 Լրացուցիչ տեղեկատվություններ ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի իրավաբանական բաժին կամ արհեստակցական կազմակերպությունների համապատասխան ճյուղային հանրապետական միություն: