Երևան, 24.10.2017

Իրադարձային օրացույց

Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի 2017 թվականի նիստը

Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի 2017 թվականի նիստը

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ 2017 թ. փետրվարի 10-ին  տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը:
   Նիստի օրակարգում ընդգրկված էր «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի hայեցակարգը, որի նպատակն է մատնանշել կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորման համապատասխան հիմքերն ու ուղղությունները:
  Հանդիպմանը քննարկվեց նաև  «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկման  մասնակիցները ներկայացրեցին  այն փոփոխություններն ու լրացումները, որոնք ուղղված են աշխատանքային հարաբերություններում գործատուների կողմից վարվող փաստաթղթաշրջանառության բեռի թեթևացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերի կարգավորմանը, աշխատաժամանակի ռեժիմի և հանգստի ժամանակի կարգավորմանը, միջին ամսական աշխատավարձի հաշվարկման կարգի հստակեցմանը:
  Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններով  հանդես եկան նաև ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ՀՀ  պետհիմնարկների, առևտրի, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման, Հայաստանի առևտրի, հասարակական սննդի և սպառկոոպերացիայի ձեռներեցության, Հայաստանի մշակույթի, Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճհմ-ների  նախագահները:

  Պարոն  Խարատյանը ներկայացնելով կոնֆեդերացիայի  դիրքորոշումը նշեց, որ  սույն օրենքի նախագծով գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար սահմանվում են աշխատանքային հարաբերությունների կարգավորման այլ դրույթներ, քան նախատեսված են գործող Աշխատանքային օրենսգրքում:

Նման փոփոխությունները և լրացումները հակասում են ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի պահանջին, որը սահմանում է. «Բոլորը հավասար են օրենքի առջև»: Փոփոխությունները  հակասում են նաև Սահմանադրության 29-րդ հոդվածի՝ խտրականության արգելման սկզբունքին: 

Քննարկման ավարտին պարոն Ասատրյանը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ամբողջական և ընդգրկուն տարբերակն ունենալու նպատակով մասնակից կողմերին առաջարկեց  ներկայացնել առաջարկությունների լիարժեք փաթեթ: