Երևան, 17.10.2018

Կայքի հին տարբերակը

Կայացել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

  2016թ. սեպտեմբերի 24-ին կայացել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Ա. Ասատրյանը: ՀԱՄԿ-ի կողմից նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամներ Բ. Խարատյանը, Ա. Ասատրյանը, Շ. Մկրտչյանը, Ս. Առաքելյանը, Գ. Արմաղանովան և ՀԱՄԿ-ի աշխատակազմի բաժնի պետ Կ. Մադոյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝

1. Զբաղվածության կարգավորման 2017թ. ծրագրի նախագիծը.

2. «Արժանապատիվ աշխատանք» նոր ծրագրի մշակումը:

3. Այլ հարցեր

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թ. Ավետիսյանը ներկայացրեց զբաղվածության կարգավորման 2017 թվականի պետական ծրագրի նախագիծը:

  Զբաղվածության կարգավորման պետական ծրագրի նպատակը բնակչության կայուն և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց` ըստ առաջնահերթությունների կայուն զբաղվածության ապահովմանը և ինքնազբաղվածության խթանմանը, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց, երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը:

  Հարցի առնչությամբ ծավալվեցին քննարկումներ, որտեղ կարծիքներ հայտնեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ Շ. Բարսեղյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության Արագածոտնի գործատուների տարածքային միության նախագահ Պ. Գաբրիելյանը:

  Բ.Խարատյանը նկատեց, որ թեև ծրագիրն արդեն իսկ արժանացել է Հանրապետական համաձայնեցման կոմիտեի (կոմիտեի անդամ է նաև ինքը` Բ.Խարատյանը) դրական եզրակացությանը, այնուամենայնիվ, կան մտահոգիչ փաստեր, մասնավորապես բնակչության գործազրկության աճը: Գործազրկության մակարդակը այլ երկրների համեմատությամբ ՀՀ-ում առանց այն էլ կրկնակի բարձր է: Այս առնչությամբ Բ. Խարատյանն առաջարկեց ձևավորել նոր մոտեցումներ, կիրառել առավելապես հեռանկարային ծրագրեր:

  Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Ս. Առաքելյանը տեղեկացրեց, որ  Զբաղվածության  պետական գործակալության և Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառում ՃՀՄ-ի աջակցությամբ և մասնակցությամբ «Սասստեքս» և «Լենտեքս» ՍՊԸ-ներում գրանցվել է շուրջ 350 գործազուրկ և աշխատանք փնտրող:

  Զբաղվածության կարգավորման 2017թ. ծրագիրն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

  Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետ Ա. Մարտիրոսյանը ներկայացրեց "Արժանապատիվ աշխատանք" նոր ծրագրի մշակման կազմակերպչական հարցերը: Նա անդրադարձավ նաև այն փաստին, որ 2016թ. մայիսին Ժնևում կայացած Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնֆերանսի ժամանակ Հայաստանի պատվիրակությունը, ի դեմս` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի, Գործատուների հանրապետական միության նախագահ Գ. Մակարյանի և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բ. Խարատյանի պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄԿ Գլխավոր տնօրեն Գայ Ռայդերի հետ Հայաստանում «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը սկսելու վերաբերյալ:

Քննարկման ժամանակ որոշվեց «Արժանապատիվ աշխատանք»-ի նոր ծրագրի մշակման համար ստեղծել աշխատանքային խումբ և ծրագրի նախագիծը ներկայացնել  սոցիալական գործընկերների քննարկմանը:

  Օրակարգի 3-րդ հարցի կապակցությամբ հանձնաժողովի անդամ, ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի,  հասարակական  սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական միության նախագահ Ա.Ասատրյանը անդրադարձավ պետական աշխատողներին տրվող սոցփաթեթի 2017-2019 թվականների միջնաժամկետ ծրագրում «հանգստի բաղադրիչի» կասեցման վերաբերյալ հայտարարության կապակցությամբ ճյուղային արհմիության` ՀՀ վարչապետին ուղղված նամակին:

  Նշված հարցի կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  պաշտոնակատար Ա.Ասատրյանը պարզաբանեց, որ միայն պետական բյուջեի հաստատումից հետո պարզ կլինի սոցփաթեթում ներառված  ծառայություններից օգտվելու ընթացակարգը:

  Նիստի ավարտին Ա.Ասատրյանը գործընկերներին հրավիրեց հոկտեմբերի 7-ին կայանալիք ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի,  հասարակական  սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական միության 85-ամյակին նվիրված միջոցառմանը: