Երևան, 22.10.2017

Իրադարձային օրացույց

Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածությունը կազմում է 49 տոկոս. ԱՐՄԵՆՊՐԵՍ

Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածությունը կազմում է 49 տոկոս. ԱՐՄԵՆՊՐԵՍ

 Հայաստանում ստվերային զբաղվածությունը կազմում է 49 տոկոս, գործազրկության մակարդակը` 17 տոկոս: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը` ներկայացնելով Ազգային վիճակագրական տվյալները:

 «Հարցերի հարցը շարունակում է մնալ աշխատանքի վարձատրությունը, որ պետք է լինի արժանապատիվ: Դա ամրագրված է նաև մեր նոր Սահմանադրությունում: Ըստ միջազգային նորմերի` արժանապատիվ վարձատրության հիմքում աշխատավարձի նվազագույն չափն է: Դա Հայաստանում կազմում է 55 հազար դրամ, որը չգիտես ինչպես է հաշվարկված»,-ասաց Բորիս Խառատյանը:  

 ՀՀ աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը պարզաբանեց, որ վերը նշված ստվերային զբաղվածության ցուցանիշն ավելի շատ ոչ ֆորմալ զբաղվածություն է ենթադրում:

 «Այդ նշված 49 տոկոսը միայն առանց պայմանագրի աշխատողների թիվը չէ, այլ, ասենք, աշխատողների, որոնց աշխատավարձի մի մասն է ձևակերպված, կամ այն անձանց, ովքեր գյուղատնտեսության մեջ զբաղված են, բայց նրանք այս կամ այն կերպ ձևակերպված չեն: Կան անձինք, որոնք զբաղված են ոչ ֆորմալ ոլորտում, վարձու աշխատող են կամ փոքր ձեռնարկատիրությամբ են զբաղվում»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:

 Անդրադառնալով նվազագույն աշխատավարձի ցուցանիշին` Թադևոս Ավետիսյանը նշեց, որ այն հաշվարկվում է` հաշվի առնելով մի քանի գործոններ: Ըստ նրա` հաշվի չի առնվում միայն աշխատողի կենսապահովման մակարդակը, այլ նաև աշխատողի տնտեսական արդյունավետությունը և այլ գործոններ: Թադևոս Ավետիսյանը նշեց, որ բոլոր բարձրացված խնդիրներն իրենց ուշադրության կենտրոնում են: Նա ներկայացրեց Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները: Մասնավորապես, փոփոխություններ, որոնք վերաբերում են մինչև 14 տարեկան երեխաների աշխատանքի իրավունքների իրացմանը,  աշխատանքային պայմանագրի բովանդակությանը: Մասնավորապես, սահմանվել է պահանջ այն մասին, որ պայմանագրում ներառվի ամենամյա արձակուրդի տեսակն ու տևողությունը: Որոշ լուծումներ են առաջ քաշվել առաջին անգամ աշխատանքի շուկա մուտք գործող անձանց իրավունքների հետ կապված: Մասնավորապես, կապված փորձաշրջան սահմանելու հետո: Ըստ նոր փոփոխությունների ` փորձաշրջանի ժամկետը սահմանելուց բացի պետք է սահմանվեն նաև փորձաշրջանի պայմանները: Թադևոս Ավետիսյանի տեղեկացմամբ` հանվել է նաև աշխատանքային գրքույկի կիրառման պահանջը, որը ուժի մեջ կմտնի 2017 հունվարի 1-ից: Մինչ այդ սահմանվելու է կարգ աշխատանքային գրքույկների տեղեկատվությունը լիազոր մարմնին փոխանցելու համար:

 

Հոդվածը կարող եք կարդալ այստեղ