Երևան, 04.08.2020

Կայքի հին տարբերակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ

ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Հարգելի հայրենակիցներ

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Աշխատանքի օրվա  կապակցությամբ, մաղթում արժանապատիվ աշխատանք` հանուն ձեր ընտանիքների բարեկեցության և Հայաստանի Հանրապետության  անխափան զարգացման:

  Անժխտելի է այն, որ լիարժեք կյանքի ապահովման գրավականը աշխատանքն է, սակայն հանրապետությունում հետզհետե նոսրանում են  աշխատավորության  շարքերը, ինչը խիստ մտահոգիչ է: Հայ աշխատավորը դեգերում է  օտար ափերում՝ իր և իր ընտանիքի գոյության  պահպանման  միջոցներ գտնելու նպատակով: Մինչդեռ քարաստաններ ծաղկեցնող մեր հայրենակցին աշխատանք է  պետք  հենց  իր հայրենիքում: Օտար եզերքները շենացնելու փոխարեն նա ուզում է իր երկիրը դարձնել  բարեկեցիկ, որպեսզի   հողագործն ու աշխատավոր մարդը ապրի արժանապատիվ կյանքով,  իսկ սահմանը պահող զինվորի թիկունքը լինի ապահով:

  Հնարավոր չէ  շրջանցել Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան չորսօրյա  պատերազմը, որը  ցույց  տվեց հայրենիքի համար օրհասական  պահին  բանակին ու զինվորին աջակցելու պատրաստակամ աշխատավորի՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու պատրաստակամությունը, անկախ նրանից, թե սոցիալական  ինչ վիճակում է  գտնվում:

  Այսօր, առավել քան  երբևէ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մտահոգվելով աշխատավորի բավարար կենսամակարդակի ապահովման խնդրով շարունակում է ՀՀ  կառավարությանը հիշեցնել նվազագույն կենսամակարդակի և նվազագույն սպառողական զամբյուղի համատեղելիության անհրաժեշտության մասին: Տարեցտարի գրանցվող  գործազրկության աճն ու կենսամակարդակի անկումը փաստող վիճակագրությունը կոնֆեդերացիային  պարտավորեցնում է կրկնապատկել աշխատողների աշխատանքային իրավունքերի ու շահերի պաշտպանության, աշխատանքի անվտանգությանն ու կենսամակարդակի բարելավմանն ուղղված ջանքերը:

  Աշխատանքի օրվա կապակցությամբ կրկին շնորհավորում եմ արհմիության անդամներին և բոլոր աշխատողներին, մաղթում Հայաստանի շենացման վերընթաց ուղին կերտելու հաստատակամություն, ուժ  ու եռանդ:

 

Հայաստանի արհմիությունների

կոնֆեդերացիայի նախագահ

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ