Երևան, 04.08.2020

Կայքի հին տարբերակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔԻ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

  Աշխատանքի միջազգային կազմակերպությունը  (ԱՄԿ)  աշխատանքի անվտանգությունը համարելով աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնական ուղղություններից մեկը,  ապրիլի 28-ը հայտարարել է Առողջ և անվտանգ աշխատանքի համաշխարհային օր, որը 2003 թվականից ի վեր նշվում է աշխարհի հարյուրից ավելի երկրներում: Օրվա  խորհուրդը առողջ և անվտանգ աշխատանքի մշակույթի տարածումն է:

  Հայաստանի Հանրապետության աշխատանքային  օրենսգրքի համաձայն աշխատողների առողջության և անվտանգության պահպանումը պարտավոր է ապահովել գործատուն: Սակայն որոշ  գործատուներ խուսափում են բավարար միջոցներ ներդնել աշխատանքի անվտանգության պայմաններ ստեղծելու համար:

  Արդյունքում աշխատավայրերում շարունակում են  տեղի ունենալ դժբախտ դեպքեր: 2015 թվականի ընթացքում գրանցվել է դժբախտ պատահարի 45 դեպք, որոնցից 5-ը՝ մահացու ելքով:  Հաշվառված հաշմանդամներից 2101-ը հաշմանդամ են դարձել աշխատանքային խեղման, իսկ 278-ը` մասնագիտական հիվանդության  արդյունքում:

  Դեռևս չլուծված է մնում 2004թ. օգոստոսից հետո լուծարված կազմակերպություններում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժված շուրջ 800 անձանց հասանելիք վնասի փոխհատուցման գումարների չվճարման հարցը, ներդրված չէ նաև աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության  համակարգը:

  Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունը և վերահսկողությունը պետք է իրականացնի համապատասխան պետական մարմինը, ի դեմս պետական տեսչության, որը 2013 թվականին  ՀՀ կառավարության  որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ միաձուլման  ձևով  վերակազմավորվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում որպես առանձին  կառույց և կոչվում է Առողջապահական  պետական  տեսչություն: Այդ որոշմամբ փաստորեն դադարեցվել է Աշխատանքի պետական տեսչության գործունեությունը որպես առանձին կառույցի:

  Այսօր հանրապետությունում աշխատանքի պաշտպանության ոլորտի խնդիրները բազմաթիվ են և դրանք անհապաղ լուծման կարիք ունեն:

  Արհմիությունների կոնֆեդերացիան  գտնում է, որ առողջ և անվտանգ աշխատանքի ոլորտում պետական քաղաքականությունը պետք է նպատակաուղված լինի աշխատավորների կյանքի, առողջության և աշխատունակության պահպանմանը: Այս ոլորտին առնչվող օրենսդրության պահպանումը  յուրաքանչյուր գործատուի համար պետք է դառնա գործունեության նորմ, որը աշխատանքի պաշտպանության պետական ռազմավարության  բացակայության  արդյունքում հնարավորություն է  տալիս որոշ գործատուների խուսափել աշխատանքի նորմերի պահպանման  պատասխանատվությունից:

 

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի

նախագահ   Էդուարդ Թումասյան