Երևան, 21.09.2017

Իրադարձային օրացույց

 

Կ  Ա  Ն  Ո  Ն  Ա  Դ  Ր  Ո Ւ  Թ  Յ  Ո Ւ  Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ»

արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 1

«Հայաստանի արհմիությունների կոն‎‎ֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների       հանրապետական        միությունը       (հետագայում` ՀԱՄԿ)` արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունների (հետագայում՝ ՃՀՄ) կամավոր միավորում է, որն ստեղծված է նրանց գործունեությունը համախմբելու  և համակարգելու, ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու  նպատակով։

 

Հոդված 2

ՀԱՄԿ-ը`

կարևորում է աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը, դրանց ներկայացումը և պաշտպանությունը  Հայաստանի Հանրապետության կառավարության և գործատուների հանրապետական միության հետ փոխհարաբերություններում և

ընդունում է, որ արժանապատիվ աշխատանքի հասանելիությունը անփոխարինելի է երկրում կայուն զարգացման պայմանների համար:

 

Հոդված 3

Աշխատողների համար համապարփակ և հավասար տնտեսական և սոցիալական զարգացում ապահովելու նպատակով ՀԱՄԿ-ը`

ՃՀՄ-ների միջոցով և համատեղ ապահովելու է աշխատողների արդյունավետ ներկայացուցչությունը և օրինական իրավունքների պաշտպանությունը,

մասնակցելու է աշխատանքային, սոցիալական, տնտեսական և իրավական շահերը շոշափող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին և տրամադրելու է  եզրակացություններ, այդ թվում` փորձագիտական,

աշխատողների աշխատանքային իրավունքներն ու շահերը առավել արդյունավետ ներկայացնելու և պաշտպանելու համար միջոցներ է ձեռնարկելու աշխատանքի ոլորտում բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության համակարգի կայացման, զարգացման ու ամրապնդման կապակցությամբ, նախաձեռնելու է հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետության կառավարության և գործատուների հանրապետական միության  հետ, հսկողություն է իրականացնելու  դրա  կատարման  ուղղությամբ,

աջակցելու է  ՃՀՄ-ների այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են արհմիությունների անդամակցության բարձրացմանը և ամրապնդմանը:

 

Հոդված 4

ՀԱՄԿ-ը հանդես  է  գալու  աշխատանքային հարաբերությունների, զբաղվածության, աշխատանքի պաշտպանության, աշխատողների առողջության, սոցիալական և կենսաթոշակային ապահովության,  արհմիութենական գործունեության երաշխիքների ընդլայնման ուղղությամբ,

 

Հոդված 5

ՀԱՄԿ-ի գործունեության սկզբունքներն են՝ օրինականությունը, համերաշխությունը, ժողովրդավարությունը, կամավորությունը,  իրավահավասարությունը, կոլեգիալությունը, հրապարակայնությունը:

 

Հոդված 6

ՀԱՄԿ-ն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, քաղաքական կուսակցություններից և այլ կազմակերպություններից, նրանց հաշվետու չէ և նրանց կողմից վերահսկողության ենթակա  չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 7

ՀԱՄԿ-ը համագործակցելու և աջակցելու է ՃՀՄ-ներին այլ երկրների արհմիությունների և միջազգային արհմիութենական միավորումների, աշխատանքային, սոցիալ-տնտեսական և հումանիտար հարցերով զբաղվող  այլ կազմակերպությունների հետ կապերի հաստատմանը:

 

Հոդված 8

ՀԱՄԿ-ը ուսումնասիրելու  և տարածելու է միջազգային և ՃՀՄ-ների  փորձը, կազմակերպելու է արհմիութենական   կադրերի ուսուցումը  և վերապատրաստումը։

 

Հոդված 9

ՀԱՄԿ-ը դեմ է խտրականության բոլոր ձևերին և հավասարապես ներկայացնելու և  պաշտպանելու է աշխատողների աշխատանքային իրավունքները և շահերը:

 

Հոդված 10

ՀԱՄԿ-ը գենդերային հավասարությունը համարում է արհմիությունների գործունեության կարևոր բաղկացուցիչ մաս սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի ապահովման համար:

 

Հոդված 11

ՀԱՄԿ-ը աջակցում է երիտասարդության լայն ինտեգրմանը արհմիութենական շարժման մեջ` համարելով երիտասարդությունը արհմիությունների ռազմավարական ներուժ:

 

Հոդված 12

ՀԱՄԿ-ը բաց է այն ՃՀՄ-ների համար, որոնք ընդունում են սույն կանոնադրությունը և պարտավորվում են կատարել դրա դրույթները:

           

ՀԱՄԿ-ին ՄԱՍՆԱԿՑԵԼԸ (ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ), ՀԱՄԿ-ի  ԱՆԴԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 13

ՀԱՄԿ-ի անդամ կարող է լինել  ՃՀՄ-ն, որն ընդունում է սույն կանոնադրությունը, մասնակցում է ՀԱՄԿ-ի գործունեությանը,  սահմանված չափով և ժամկետում մուծում  է  անդամավճարը։

           

Հոդված 14 

ՀԱՄԿ-ի կազմում ՃՀՄ-ները պահպանում են  իրենց ինքնուրույնությունը և իրավաբանական  անձի կարգավիճակը,  ունեն իրենց արհմիության անդամների թվին համամասնորեն  հավասար իրավունքներ  և պարտականություններ:

 

Հոդված 15 

ՃՀՄ-ն մուծում է մուտքի վճար` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների միաձուլման դեպքում, նոր ստեղծված ՃՀՄ-ն ՀԱՄԿ-ի խորհրդի որոշմամբ ՀԱՄԿ-ին անդամակցում է առանց սահմանված մուտքի վճարը վճարելու:

 

Հոդված 16 

ՃՀՄ-ի անդամակցումը դադարեցվում է.

1. ՀԱՄԿ-ի կազմից  իր դիմումի համաձայն դուրս  գալու,

2. ՀԱՄԿ-ի  կազմից հեռացվելու,

3. ՃՀՄ-ի լուծարման դեպքերում։

  

Հոդված 17 

ՀԱՄԿ-ի կանոնադրության պահանջները չկատարելու, այդ թվում` մեկ օրացուցային տարվա ընթացքում չորս ամիս անդամավճար չմուծելու կամ սահմանված չափից պակաս մուծելու, ՀԱՄԿ-ի ղեկավար մարմինների որոշումները   խախտելու կամ չկատարելու դեպքում ՃՀՄ-ն ՀԱՄԿ-ի խորհրդի որոշմամբ կարող է հեռացվել ՀԱՄԿ-ի կազմից:

 

Հոդված 18 

ՀԱՄԿ-ի անդամ  ՃՀՄ-ն  իրավունք ունի.

  1. ՀԱՄԿ-ի բարձրագույն և ղեկավար մարմիններում պատվիրակելու իր ներկայացուցչներին, ետ կանչելու նրանց կամ փոխարինելու:

  2. Իր   ներկայացուցիչների միջոցով մասնակցելու ՀԱՄԿ-ի ղեկավար և վերստուգող  մարմինների  աշխատանքներին:

  3. ՀԱՄԿ-ի ղեկավար մարմիններին ներկայացնելու ՀԱՄԿ-ի գործունեությանը վերաբերող փաստաթղթերի նախագծեր, առաջարկություններ, ստանալու դրանց վերաբերյալ  պատասխաններ:

  4.Դիմելու ՀԱՄԿ-ի  ղեկավար մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում, միջազգային կազմակերպություններում իր իրավունքներն ու շահերը ներկայացնելու և պաշտպանելու միջնորդությամբ:

  5. Մասնակցելու ՀԱՄԿ-ի, Հայաստանի Հանրապետության կառավարության, գործատուների հանրապետական միության և տարբեր  կառույցների  կողմից կազմակերպվող քննարկումներին ՀԱՄԿ-ի մարմինների հրավերով:

  6. Տեղեկացնելու ՀԱՄԿ-ի նախագահին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով    արհմիութենական և հանրային միջոցառումներ, գործադուլներ և հավաքներ կազմակերպելու մասին և ստանալու ՀԱՄԿ-ի աջակցությունը:

  7. Ստանալու ՀԱՄԿ-ի աջակցությունը օտարերկրյա արհեստակցական միությունների,  միջազգային արհմիութենական միավորումների և հասարակական կազմակերպությունների  հետ  համագործակցելու նպատակով:

  8. Ստանալու ՀԱՄԿ-ից տեղեկատվություն արհմիութենական շարժման և գործունեության մասին:

  9.Արհմիութենական կադրերի ուսուցման և վերապատրաստման նպատակով սահմանված կարգով օգտվելու ՀԱՄԿ-ի հնարավորություններից.

  10. Մասնակցելու  ՀԱՄԿ-ի  ծրագրերի մշակմանը.

  11. Խորհրդի կողմից սահմանված կարգով օգտվելու ՀԱՄԿ-ի գույքից:

  12. Խորհրդի կողմից սահմանված կարգով ՃՀՄ-ի արհմիության անդամներին ներկայացնելու ՀԱՄԿ-ի և արհմիութենական միջազգային խրախուսանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պարգևների և կոչումների։

 

Հոդված 19    

  ՀԱՄԿ-ի  անդամ  ՃՀՄ-ն պարտավոր է.

  1. Կատարել ՀԱՄԿ-ի  կանոնադրության պահանջները, ՀԱՄԿ-ի ղեկավար մարմինների որոշումները, իրենց տրված լիազորությունների սահմաններում:

  2. Յուրաքանչյուր ամիս մուծել  անդամավճար՝

արհմիության մինչև 2000 անդամի համար` 5000 դրամ,

արհմիության 2001-ից մինչև 5000 անդամի համար`  10000 դրամ

արհմիության 5001-ից մինչև 10000 անդամի համար` 15000 դրամ

արհմիության 10001-ից մինչև 20000 անդամի համար` 20000 դրամ

արհմիության 20001-ից մինչև 30000 անդամի համար`  25000 դրամ

արհմիության 30001-ից ավելի անդամի համար` 30000 դրամ:

  3. ՀԱՄԿ-ի գործկոմի կողմից հաստատված ձևով և սահմանված կարգով ներկայացնել վիճակագրական տվյալներ:

  4. Մշտապես մասնակցել ՀԱՄԿ-ի նպատակների իրականացման գործընթացներին:

  5. ՀԱՄԿ-ի մարմինների առաջարկությամբ իր ղեկավար մարմիններում քննարկել ՀԱՄԿ-ի մարմինների ներկայացրած նյութերը և արդյունքների մասին սահմանված կարգով տեղեկացնել ՀԱՄԿ-ին:

  6. Պահպանել արհմիութենական համերաշխությունը, ամրապնդել արհմիությունների միասնականությունը, հարգել ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների անդամակցությունը և  միմյանց իրավունքները:

 

ՀԱՄԿ-ի  ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 20 

ՀԱՄԿ-ի մարմիններն են ՀԱՄԿ-ի համագումարը (այսուհետ՝ համագումար),  ՀԱՄԿ-ի խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ), ՀԱՄԿ-ի գործադիր կոմիտեն (այսուհետ՝ գործկոմ), ՀԱՄԿ-ի նախագահը, ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովը։

Խորհուրդը և գործկոմը ՀԱՄԿ-ի  ղեկավար մարմիններն են։

ՀԱՄԿ-ի ղեկավար մարմինները, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովը կազմավորվում են լիազորությունների  հինգ տարի ժամկետով։

           

Հոդված 21 

ՀԱՄԿ-ի բարձրագույն մարմինը  համագումարն է, որը  հրավիրվում է ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ` մասնակցությամբ ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների կողմից համամասնորեն պատվիրակած պատվիրակների։   

 

Հոդված 22 

ՀԱՄԿ-ի  խորհրդի  որոշումը համագումարի հրավիրման, օրակարգի նախագծի, ժամկետի, անցկացման տեղի և ՃՀՄ-ների ներկայացուցչական նորմի մասին ընդունվում է համագումարի բացումից երեք ամիս առաջ և ամենաուշը 60 օր առաջ ուղարկվում է անդամ ՃՀՄ-ներին:

Համագումարի պատվիրակների ընտրության կարգը որոշում է անդամ ՃՀՄ-ն:

 

Հոդված 23

Խորհրդի որոշմամբ կարող է հրավիրվել արտահերթ համագումար խորհրդի անդամների ձայների 2/3-ով։ Խորհրդի որոշումը արտահերթ  համագումարի հրավիրման, օրակարգի նախագծի, ժամկետի,  անցկացման տեղի և ՃՀՄ-ների ներկայացուցչական նորմի մասին  ընդունվում է արտահերթ համագումարի բացումից  մեկ ամիս առաջ և ամենաուշը 20 օր առաջ ուղարկվում է անդամ ՃՀՄ-ներին:

  

Հոդված 24     

Համագումարը համարվում է իրավազոր, եթե նրա աշխատանքներին մասնակցում է համագումարի պատվիրակների ընդհանուր թվի  ոչ պակաս, քան 2/3-ը:

 

Հոդված 25     

Համագումարի   որոշումը  համարվում  է  ընդունված,  եթե  քվորումի  առկայության  դեպքում   որոշման օգտին քվեարկում է համագումարի տվյալ նիստին մասնակցող պատվիրակների պարզ մեծամասնությունը։ Քվեարկության կարգը (բաց կամ փակ (գաղտնի),  որոշում է համագումարը։ ՀԱՄԿ-ի նախագահի և տեղակալի (տեղակալների) ընտրության այլընտրանքային թեկնածուների առկայության դեպքում ընտրությունը կատարվում է փակ  քվեարկությամբ:

 

Հոդված 26     

Համագումարը.

  1. Լսում է հաշվետու ժամանակահատվածում ՀԱՄԿ-ի ղեկավար մարմինների և վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունները, ընդունում է համապատասխան որոշումներ:

  2. Հաստատում է ՀԱՄԿ-ի  կանոնադրությունը և վերստուգիչ հանձնաժողովի կանոնակարգը, կատարում է  լրացումներ ու փոփոխություններ նրանցում:

  3. Հաստատում է ՀԱՄԿ-ի գործունեության ծրագիրը:

  4. Ընտրում է ՀԱՄԿ-ի նախագահ,  նախագահի  տեղակալ(ներ)   հինգ տարի ժամկետով,  ետ է կանչում նրանց այդ պաշտոններից:

  5. Կազմավորում  է խորհրդի կազմը՝ յուրաքանչյուր անդամ ՃՀՄ-ի կողմից համամասնորեն պատվիրակած ներկայացուցիչներով`

արհմիության մինչև 2000 անդամի համար` խորհրդի 1 անդամ,

արհմիության 2001-ից մինչև 5000 անդամի համար`  խորհրդի 2անդամ

արհմիության 5001-ից մինչև 10000 անդամի համար` խորհրդի 3 անդամ

արհմիության 10001-ից մինչև 20000 անդամի համար` խորհրդի 4 անդամ

արհմիության 20001-ից մինչև 30000 անդամի համար`  խորհրդի 5անդամ

արհմիության 30001-ից ավելի անդամի համար` խորհրդի 6 անդամ:

  6. Կազմավորում  է գործկոմի կազմը՝  յուրաքանչյուր անդամ ՃՀՄ-ից պատվիրակած մեկական ներկայացուցչով:

  7. Կազմավորում է վերստուգիչ հանձնաժողովի կազմը՝ յուրաքանչյուր անդամ ՃՀՄ-ից պատվիրակած մեկական ներկայացուցչով:

  8. Որոշում է կայացնում ՀԱՄԿ-ի  վերակազմակերպման  և լուծարման մասին` պատվիրակների ձայների 2/3-ով:               

  9. Ընդունում է որոշումներ, բանաձևեր, դիմումներ, հայտարարություններ։

10. Որոշում է կայացնում ՀԱՄԿ-ի նախագահի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին:

 

Հոդված 27    

Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ՀԱՄԿ-ի գործունությունը ղեկավարում է խորհուրդը:

Խորհուրդը հրավիրվում է գործկոմի որոշումով  առնվազն տարին մեկ անգամ  և այդ մասին ամենաուշը տասն օր առաջ տեղյակ է պահվում խորհրդի անդամներին:

Խորհուրդն իրավազոր է, եթե նրա աշխատանքներին մասնակցում է խորհրդի անդամների ոչ պակաս,  քան 2/3-ը: Խորհրդի որոշումը համարվում է ընդունված, եթե քվորումի առկայության դեպքում որոշման օգտին քվեարկում է  նիստին մասնակցող խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը: Քվեարկության ձևը (բաց կամ փակ)  որոշում է խորհուրդը: 

Խորհրդի նիստը վարում է ՀԱՄԿ-ի նախագահը կամ նախագահի տեղակալը:

           

Հոդված 28     

Խորհուրդը.

  1. Հրավիրում է  համագումար:

  2.Իրագործում  է  համագումարի որոշումները, սույն կանոնադրության պահանջները:    

  4.Ընդունում է որոշումներ խորհրդի մշտական գործող հանձնաժողովների և դրանց կազմավորման մասին, հաստատում է դրանց  աշխատակարգը և անվանական կազմերը:

Խորհրդի մշտական գործող հանձնաժողովների նախագահները մասնակցում են խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով:

  5. Հաստատում է ՀԱՄԿ-ի կազմում նոր ճյուղային միության ընդունման և ՀԱՄԿ-ի կազմից  հեռացման կարգը:

  6.Լսում և ընդունում է ի գիտություն գործկոմի գործունեության մասին հաշվետվություններ, հաղորդումներ:

  7. Հաստատում է ՀԱՄԿ-ի բյուջեն, ֆինանսական  ստուգումների արդյունքները:

  8. Իր անդամների 1/3 պահանջով հրավիրում է խորհրդի արտահերթ նիստ:  

  9. Առաջարկում է համագումարին որոշում ընդունել ՀԱՄԿ-ի նախագահի, տեղակալի (տեղակալների)  լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու մասին:

Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ՀԱՄԿ-ի նախագահի սեփական նախաձեռնությամբ լիազորությունները դադարեցնելու դեպքում որոշում է կայացնում ՀԱՄԿ-ի նախագահի պարտականությունները ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալի, իսկ անհնարինության դեպքում` գործկոմի անդամներից մեկի վրա դնելու մասին:

  10. Ընդունում է որոշում խորհրդի անդամի լիազորությունների հաստատման, կասեցման, ՃՀՄ-ի կողմից  նրա  ետ կանչման կամ փոխարինման մասին:

  11. Հաստատում է արհեստակցական կազմակերպության անդամության տոմսի միասնական ձևը.

  12. Հաստատում է ՀԱՄԿ-ի պատվոգրով և պատվո կրծքանշանով  պարգևատրելու     կարգերը և  դրանց  ձևերը:

  13. ՀԱՄԿ-ի կազմից ՃՀՄ-ի դուրս գալու, ինքնալուծարքի կամ հեռացման դեպքում կարգավորում է ՀԱՄԿ-ի հետ վերջինիս  ‎‎ֆինանսական և գույքային հարցերը:              

  14. Հաստատում է գործկոմի որոշումը գործկոմի կազմի փոփոխության վերաբերյալ:                         

  15. Հաստատում է խորհրդի կազմում ՃՀՄ-ի կողմից պատվիրակած ներկայացուցիչների թվաքանակը ՃՀՄ-ներում միավորված արհեստակցական մջությունների արհմիության անդամների թվաքանակի փոփոխման դեպքում:  

 

Հոդված 29    

Խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ՀԱՄԿ-ի  գործունեության  ղեկավարումը  իրականացնում է գործկոմը։

 

Հոդված 30     

Գործկոմի նիստը հրավիրում է ՀԱՄԿ-ի նախագահը  ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ և այդ մասին ամենաուշը հինգ աշխատանքային օր առաջ տեղյակ է պահում  գործկոմի  անդամներին։ ՀԱՄԿ-ի նախագահը հրավիրում է գործկոմի նիստ նաև գործկոմի անդամների 1/3-ի պահանջով։

Գործկոմի նիստը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են գործկոմի անդամների ոչ պակաս, քան 2/3-ը։ Որոշումներն ընդունվում են, եթե քվորումի առկայության դեպքում որոշման օգտին քվեարկում է նիստին մասնակցող գործկոմի անդամների  պարզ մեծամասնությունը։

 

Հոդված 31     

Գործկոմը.         

  1. Ընդունում է որոշում  խորհրդի նիստի հրավիրման, դրա օրակարգի նախագծի, անցկացման տեղի և ժամկետի մասին:

  2. Լսում է ՀԱՄԿ-ի նախագահի տարեկան հաշվետվությունը գործունեության մասին:

  3. Որոշում է ընդունում ՀԱՄԿ-ի մասնակցությամբ  հիմնադրամների, տնտեսական ընկերությունների, ՀԱՄԿ-ի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների  ստեղծման և լուծարման  մասին:

  4. Պատվիրակում է և ետ է կանչում  ՀԱՄԿ-ի  ներկայացուցիչներին տարբեր հիմնադրամներում:

  5. Որոշում է ընդունում արհմիութենական կադրերի և ակտիվի ուսուցումը և վերապատրաստումը կազմակերպելու մասին:

  6. ՀԱՄԿ-ի  անդամ ՃՀՄ-ի միջնորդությամբ որոշում է ընդունում  արհմիության անդամներին ՀԱՄԿ-ի և արհմիութենական միջազգային խրախուսանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պարգևների և կոչումների ներկայացնելու մասին:

  7. Քննարկում  է ՀԱՄԿ-ի  տարեկան բյուջեն, ֆինանսական հաշվետվությունը և ներկայացնում է խորհրդի հաստատմանը:

  8. Հաստատում է ՀԱՄԿ-ի աշխատակազմի հաստիքային ցուցակը:

  9. Որոշում է ընդունում միջազգային արհեստակցական միություններին  ՀԱՄԿ-ի անդամակցության և դուրս գալու մասին:

  10. Իրականացնում է համագումարի  և  խորհրդի կողմից պատվիրակած այլ գործառույթներ։

  11. Ընդունում է որոշումներ, բանաձևեր, դիմումներ, հայտարարություններ:

  12. Քննարկում է գույքի օտարման պայմանագրերը և ներկայացնում է խորհրդի հաստատմանը:

  13. Որոշում է կայացնում օրենքով սահմանված կարգով արհմիութենական  և հանրային միջոցառումներ, գործադուլներ և հավաքներ  կազմակերպելու մասին:

  14. Ընդունում է որոշում գործկոմի անդամի լիազորությունների հաստատման, կասեցման, ՃՀՄ-ի կողմից նրա ետ կանչման կամ փոխարինման մասին:

  15. Երեսուն օրվա ընթացքում քննարկում է ՀԱՄԿ-ի կազմում ՃՀՄ-ի ընդունման կամ դուրս գալու մասին ՃՀՄ-ի ղեկավար մարմնի որոշումը և ներկայացնում է խորհրդի  հաստատմանը:

 

ՀԱՄԿ-ի ՆԱԽԱԳԱՀԸ, ՀԱՄԿ-ի ՆԱԽԱԳԱՀԻ  ՏԵՂԱԿԱԼ(ՆԵՐ)Ը

Հոդված 32        

ՀԱՄԿ-ի նախագահը և նախագահի   տեղակալ(ներ)ը կազմակերպում են  համագումարի, խորհրդի և գործկոմի որոշումների կենսագործումը,  ղեկավարում են ՀԱՄԿ-ի աշխատակազմի աշխատանքները, համակարգում են ՀԱՄԿ-ի մասնակցությամբ հիմնադրամների, տնտեսական  ընկերությունների, ՀԱՄԿ-ի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների  աշխատանքները:

           

Հոդված 33          

ՀԱՄԿ-ի նախագահը.

1. Առանց լիազորագրի ներկայացնում և պաշտպանում է  ՀԱՄԿ-ի և  ՃՀՄ-ների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, միջազգային և այլ կազմակերպություններում:

2. Կազմավորում է ՀԱՄԿ-ի աշխատակազմը և իրականացնում է աշխատակազմի   ընդհանուր ղեկավարումը, հաստատում է աշխատակազմի   աշխատակարգը և  ներքին կարգապահական կանոնները:

3. Կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, արձակում է կարգադրություններ  աշխատակազմում աշխատանքի ընդունելու և աշխատանքից արձակելու  մասին:

4. Ստորագրում է համագումարի, խորհրդի, գործկոմի որոշումները և պայմանագրերը:

5. Պարբերաբար տեղեկացնում է ՃՀՄ-ների ղեկավարներին իր կողմից արված հայտարարությունների,վարած բանակցությունների արդյունքների, ընդունած որոշումների մասին:

6. Խորհրդի կողմից տրված  իրավասությունների շրջանակներում տնօրինում է ՀԱՄԿ-ի  գույքը և դրամական միջոցները,  հանդիսանում է ՀԱՄԿ-ի վարկի կարգադրիչը:

7. Վարում է գործկոմի նիստերը:

8. Հաշվետու է համագումարին,  խորհրդին և գործկոմին:

 

Հոդված 34    

ՀԱՄԿ-ի նախագահի  տեղակալ(ներ)ը.

1.Կազմակերպում  է/են ՀԱՄԿ-ի մարմինների որոշումների իրագործումը, կատարում են  ՀԱՄԿ-ի  նախագահի հանձնարարականները:

2. Նախապատրաստում է/են համագումարի, խորհրդի, գործկոմի, ՀԱՄԿ-ի  նախագահի կողմից հրավիրվող խորհրդակցությունների նյութերը:

 

Հոդված 35      

ՀԱՄԿ-ի  նախագահի բացակայության դեպքում ՀԱՄԿ-ի նախագահի հանձնարարությամբ տեղակալներից մեկն  իրականացնում է  ՀԱՄԿ-ի  նախագահի լիազորությունները ։

 

Հոդված 36      

ՀԱՄԿ-ի նախագահը և  տեղակալ(ներ)ը  ի պաշտոնե  ՀԱՄԿ-ի համագումարի պատվիրակներ են, խորհրդի և գործկոմի անդամներ  են:

 

ՀԱՄԿ-ի ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 37      

Վերստուգիչ հանձնաժողովը ստեղծվում է ՀԱՄԿ-ի ֆինանսատնտեսական գործունեության, անդամավճարների  հաշվարկման և մուտքագրման, ՀԱՄԿ-ի ֆինանսական միջոցների ճիշտ ծախսման, ՀԱՄԿ-ի ղեկավար մարմինների որոշումների կատարման  և ՀԱՄԿ-ի գույքի օգտագործման վերահսկողությունը իրականացնելու նպատակով:

 

Հոդված 38       

Վերստուգիչ հանձնաժողովը ինքնուրույն է իր գործողություններում, ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ՀԱՄԿ-ի կանոնադրությամբ, ՀԱՄԿ-ի համագումարի կողմից  հաստատված  իր կանոնակարգով և հաշվետու է  համագումարին։

 

Հոդված 39       

Վերստուգիչ հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել ՀԱՄԿ-ի ղեկավար մարմինների անդամները,  ՀԱՄԿ-ի աշխատակազմի աշխատակիցները։

 

Հոդված 40       

Վերստուգիչ  հանձնաժողովի նախագահը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է ՀԱՄԿ-ի խորհրդի և գործկոմի նիստերի աշխատանքներին։

 

Հոդված 41       

Վերստուգիչ  հանձնաժողովի գործունեության  հետ կապված ծախսերը կատարվում են ՀԱՄԿ-ի բյուջեի  հաշվին հանձնաժողովի նախագահի միջնորդությամբ:

 

ՀԱՄԿ-ի  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 42      

ՀԱՄԿ-ի  սեփականությունը գոյանում է մասնակից (անդամ) ՃՀՄ-ների անդամավճարներից, մուտքի վճարներից, ՀԱՄԿ-ի  մասնակցությամբ հիմնադրամների, տնտեսական ընկերությունների, ՀԱՄԿ-ի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների մուծումներից,   իրավաբանական և ֆիզիկական անձանց  նվիրատվություններից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից։

 

Հոդված 43       

ՀԱՄԿ-ի  սեփականություն կարող է հանդիսանալ օրենքով չարգելված ցանկացած գույք, որի միջոցով կարող է ապահովվել ՀԱՄԿ-ի կանոնադրական պահանջների իրականացումը։

 

Հոդված 44       

ՀԱՄԿ-ի  սեփականությունը տնօրինվում, օգտագործվում և օտարվում է խորհրդի կողմից սահմանված կարգով։

 

Հոդված 45        

ՀԱՄԿ-ի  տարեկան բյուջեի կատարման մասին հաշվետվությունը՝ վերստուգիչ հանձնաժողովի ստուգումների ակտի հետ միասին ներկայացվում և հաստատվում է խորհրդում՝ օրացուցային տարվա ավարտից հետո, առաջին եռամսյակի ընթացքում։ Բյուջեի հաշվետվությունը ներկայացնում է ՀԱՄԿ-ի նախագահը կամ նախագահի  տեղակալը։         

ՀԱՄԿ-ն  կարող է ունենալ բանկային հաշիվներ, այդ թվում արտարժութային։

           

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված  46        

ՀԱՄԿ-ն <Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիա> իրավաբանական անձանց միության  իրավահաջորդն է։

 

Հոդված 47          

ՀԱՄԿ-ի անվանումն է՝

Հայերեն լրիվ՝ □Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա□ արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միություն, հայերեն կրճատ՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա,  հայերեն  հապավումը՝ ՀԱՄԿ։

Ռուսերեն՝ «Конфедерация профсоюзов Армении» республиканский союз профессиональных организаций Армении.

Անգլերեն՝ «Confederation of Trade Unions of Armenia» the Republican Union of Professional organizations of Armenia.

 

Հոդված 48          

ՀԱՄԿ-ն  ունի հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով իր  անվանումով կնիք, դրոշմ,  շղթայական կորաձև բազմանկյան տեսքով  իր  խորհրդանիշը,  դրոշը՝ 1։2 հարաբերակցությամբ երկնագույն պաստառից՝ վերևում զետեղված ՀԱՄԿ-ի խորհրդանիշով։

        

Հոդված 49     

ՀԱՄԿ-ի գտնվելու վայրն է. Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վ. Սարգսյան 26/3, Հայաստանի արհմիությունների կոն‎‎ֆեդերացիա, հեռ. 54-52-37։