Երևան, 24.10.2017

Իրադարձային օրացույց

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

   Նոյեմբերի 24-25-ը Հանրային ծառայությունների ինտերնացիոնալը (Public Service International) Հայաստանում անցկացրեց կլոր սեղան` «Աշխատանքային միգրացիա և արհմիությունների իրավունքները» թեմայով, Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիությունների ֆեդերացիայի (European Public Service Unions) և Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:     

   Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 25 ներկայացուցիչներ Ֆրանսիայի, Շվեդիայի, Բելգիայի, ՌԴ-ի, Բուլղարիայի, Մոլդովայի, Լիտվայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Հայաստանի հանրային ծառայությունների արհմիություններից:

   Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, Հանրային ծառայությունների ինտերնացիոնալի գլխավոր քարտուղար Ռոզա Պավանելլին, Աշխատանքի միջազգային կազմակերպության Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչ Սերգեյուս Գլովացկասը:

   Հայաստանի արհմիությունները ներկայացնում էին Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գայանե Արմաղանովան, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Անահիտ Ասատրյանը, Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Սեդա Հարությունյանը, Հայաստանի մշակույթի և ԶԼՄ-ների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Ժանետա Թորոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Վանիկ Բաբաջանյանը:

   ՀԱՄԿ-ի նախագահը ողջունեց ինտերնացիոնալի գլխավոր քարտուղարի առաջին այցը տարածաշրջան` Հայաստան, և առաջարկեց երկօրյա այցի ընթացքում հնարավորինս ծանոթանալ Հայաստանի որոշ տեսարժան վայրերին:

   Ինտերնացիոնալի գլխավոր քարտուղար Ռ.Պավանելլին, ողջունելով մասնակիցներին, ներկայացրեց հանրային ծառայությունների, ինչպես նաև այդ ծառայություններում միգրանտների համար այսօր առկա խնդիրները։ Ըստ նրա` հանրային ծառայությունների մասնավորեցման և աութսորսինգի հետևանքով աշխատողները այսօր տարբեր պրոբլեմների առաջ են կանգնած։ Հաշվի առնելով, որ հենց հանրային ծառայություններն են պատասխանատու ծայրահեղ վիճակներում, կոնֆլիտկներում հասարակությանը առաջին օգնություն ցուցաբերելու գործում (որպես օրինակ մեջբերելով Փարիզի և Բեյրութի դեպքերը), բանախոսը առաջարկեց ուշադրություն դարձնել հատկապես հանրային ծառայողների աշխատանքի որակին, սթրեսի մակարդակը վերացնելուն, աշխատանքային միգրացիայի խնդիրները լուծելուն:

   ԱՄԿ Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչ Ս.Գլովացկասը ևս ներկայացրեց միգրացիոն խնդիրները և դրանցում Աշխատանքի միջազգային կազմակերպության դերը: Եվրոպան այսօր հեղեղված է փախստականներով, Եվրոպայի երկրները սահմաններ են փակում փախստականների առաջ, իսկ կատարվածը, ըստ մասնակիցների, անթույլատրելի է: Այս առնչությամբ քննարկվեցին արհմիությունների անելիքները: Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր երկրում միգրացիայի հետ կապված իրավիճակը:

   Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գ.Արմաղանովան անդրադարձավ մեր հանրապետությունում` մասնավորապես առողջապահության ոլորտում առկա միգրացիոն հոսքին:

   Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Ա.Ասատրյանը, անդրադառնալով միգրացիայի խնդիրներին, ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև վերջին տարիներին Հայաստանում ապաստան գտած սիրիահայ միգրանտների մեծ թվաքանակի վրա: Ըստ նրա` 2011-ից ի վեր Հայաստան են ներգաղթել մոտ 16000 սիրիահայեր, որոնց ցուցաբերվող աջակցությունը չի սահմանափակվում միայն ՀՀ կառավարության նախաձեռնություններով: Ա.Ասատրյանը նկատեց, որ Հայաստանը ընդունում է նաև միգրանտներ այլ երկրներից և համոզմունք հայտնեց, որ Եվրոպան կհաղթահարի այսօրվա դժվարությունները:

   Ամփոփելով քննարկումը` Ռոզա Պավանելլին ասաց, Եվրոպան պետք է օրինակ վերցնի Հայաստանից՝ եթե երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի պես փոքր երկիրը կարող է ընդունել 16000 փախստական, միթե ուժեղ և մեծ Եվրոպան չի կարող նույնը անել, օրինակ 1 միլիոն մարդ տեղավորել։

   Քննարկումներից հետո մշակվեց առաջիկա տարիների աշխատանքների ծրագիր: Հնչեցին տարբեր առաջարկություններ: Հայաստանի մշակույթի և ԶԼՄ-ների աշխատողների հանրապետական արհմիության նախագահ Ժ.Թորոսյանն իր ելույթում նշեց, որ միայն միասնականությամբ ու համախմբվածությամբ հնարավոր կլինի լուծել արհմիությունների առջև ծառացած խնդիրները:

   Ա.Ասատրյանը նշեց, որ մեր հանրապետությունում` պետական և տեղական ինքնակառավարման ոլորտում հաճախ խախտվում են արհմիությունների իրավունքները այդ կառույցների ղեկավարների կողմից և առաջարկեց սոցիալական երկխոսությունը զարգացնելու ուղղությամբ տեղեկատվական աշխատանքներ տանել, հատկապես պետական և տեղական կառավարման մարմինների ղեկավարների շրջանում:

   Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին և տարածաշրջանում հաճախակի հանդիպումներ ունենալու հույս հայտնեցին: