Երևան, 13.07.2020

Կայքի հին տարբերակը

Հանրապետական  կոլեկտիվ պայմանագիրը՝

 սոցիալական  գործընկերության  երաշխիք

 

  2015 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության  կառավարությունը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և Հայաստանի գործատուների հանրապետական  միությունը՝ ՀՀ աշխատանքային  օրենսգրքի համաձայն, ստորագրել են Հանրապետական  կոլեկտիվ  պայմանագիր, որով սահմանվում են  սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ և Կողմերի համատեղ գործողությունները դրանց իրականացման համար:

  Պայմանագիրը ստորագրել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

  Կոլեկտիվ պայմանագիրը կնպաստի սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կայուն զարգացմանը` ուղղված երկրում զբաղվածության արդյունավետ ապահովմանը, արժանապատիվ աշխատանքի խրախուսմանը, սոցիալական գործընկերության և համերաշխության կայացմանն ու զարգացմանը:

  Պայմանագիրը միտված է նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտներում քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում սոցիալական գործընկերների հնարավորինս լայն մասնակցության ապահովմանը, ինչպես նաև գործատուների  և  արհմիությունների ինստիտուցիոնալ  և  գործառնական կարողությունների զարգացմանը:

  Պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով, նախատեսվում է ձևավորել եռակողմ հանձնաժողով` կողմերի ներկայացուցիչների հավասար թվաքանակով:

  Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը կգործի երեք տարի ժամկետով: