Երևան, 20.08.2019

Կայքի հին տարբերակը

Տարածաշրջանային սեմինար

Տարածաշրջանային սեմինար

  Աշխատանքի միջազգային կազմակերպությունը և Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Ուսումնահետազոտական կենտրոնի հետ համատեղ  հունիսի 3-4-ին Ծաղկաձորում անցկացրեց սեմինար՝ <<Աշխատանքի անվտանգության ոլորտում նախազգուշական միջոցների կիրառումը նորանկախ պետությունների  արհմիությունների քաղաքականության ամրապնդման գործում>> թեմայով:

  ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը ողջունելով սեմինարի մասնակիցներին ներկայացրեց ՀԱՄԿ-ի կառուցվածքը և վերջին տարիներին արհմիությունների կոնֆեդերացիայում իրականացված բարեփոխումները։ Համոզմունք հայտնեց, որ երկօրյա աշխատանքային մթնոլորտում փոխանակված փորձն ու գաղափարներն արդյունավետ կլինեն նրանց հետագա աշխատանքային գործունեության ընթացքում:   

  Սեմինարին զեկուցումով հանդես եկավ  Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ գլխավոր մասնագետ Սերգեյուս Գլովացկասը, որը ներկայացրեց ԱՄԿ-ի նպատակները և խնդիրները տարածաշրջանում։ Նա իր ելույթում վկայակոչելով աշխատողի առողջությանը սպառնացող վտանգավոր աշխատանքների ցանկը, ինչպես նաև աշխատավայրում արձանագրված վթարների և մահացու դեպքերի վիճակագրությունը, նշեց, որ դրանք պայմանավորված են աշխատանքի անվտանգության նորմերի խախտմամբ:

  Սեմինարի աշխատանքներին մասնակցում էին և  զեկուցումներով հանդես եկան   արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի  խորհրդական Օլգա Նիկոլայեն, ԱՄԿ-ի Մոսկվայի ներկայացուցիչ Վալենտին Մոկանը, Օքսաննա Գերասիմովան, ՀՀ առողջապահության նախարարության  աշխատանքային օրենսդրության նորմերի պահպանման վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը։

  Սեմինարի աշխատանքներին մասնակցում էին  Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Տաջիկստանի արհմիությունների ներկայացուցիչները, որոնք իրենց ելույթներում համառոտակի ներկայացրեցին աշխատանքի պաշտպանության ոլորտում իրավիճակը և խնդիրները: Սեմինարի առաջին օրը մասնակիցները ներկայացրին աշխատանքի պաշտպանության և տեխնիկական անվտանգության վերաբերյալ սեփական մոտեցումներն ու դիրքորոշումը:

  Սեմինարի երկրորդ օրը Եվրոպական արհմիություների ինստիտուտի փորձագետ Վիկտոր Կեմպան իր զեկույցում հանգամանալից ներկայացրեց բյուջեի կազմում ներառված  ծրագրերի նախապատրաստման գործնական քայլերը։

  Ձևավորվեցին   աշխատանքային խմբեր, որոնք  առանձին-առանձին կազմեցին աշխատանքի անվտանգության նորմերի պահպանման նորարարական նախագծեր և գործնական քայլերի տարբերակներ:

  Ամփոփելով սեմինարի աշխատանքները ԱՄԿ-ի խորհրդական Օլգա Նիկոլայեն հույս հայտնեց, որ նման հանդիպումներն ու ծրագրերը հնարավորություն են ընձեռում հաղորդակցվելու միմյանց հետ, մտքեր փոխանակելու, սովորելու միմյանցից, քանզի ԱՄԿ-ի նպատակն է ամբողջ աշխարհում ունենալ աշխատանքի անվտանգության և նորմերի պահպանման որակյալ համակարգ, որպեսզի ոլորտի մասնագետներն ավելի հիմնավոր մոտենան իրենց խնդիրների լուծմանը և կարողանան կյանքի կոչել դրանք:

  ՈՒՀԿ-ի ղեկավար Գառնիկ Վաղարշակյանը  իր ելույթում  նշեց, որ սեմինարը  գործնական աջակցություն բերեց մասնակիցներին և մաղթեց հետագա ակտիվ համագործակցություն արհմիութենական աշխատանքում։