Երևան, 20.10.2020

Կայքի հին տարբերակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ  ՈՒՂԵՐՁԸ

ՀԱՂԹԱՆԱԿԻ  ՕՐՎԱ  ԱՌԹԻՎ

 

  70 տարի առաջ խորհրդային ժողովուրդն ամենակարևոր և թանկ հաղթանակը գրանցեց ֆաշիստական Գերմանիայի դեմ մղվող պատերազմում։ Խորհրդային Միության մարդկային և ռազմական բոլոր ռեսուրսներն օգտագործվել են գլխավոր նպատակի համար` ոչնչացնել ֆաշիստական զավթիչներին, ովքեր սպառնում էին ոչ միայն  մեր, այլև արտերկրի  ժողովուրդների  գոյությանը: Այդ  պատերազմում Խորհրդային Միությունն ամենամեծ թվով զոհերն է ունեցել` միլիոնավոր մարդիկ են զոհվել, տանջանքի ենթարկվել համակենտրոնացման ճամբարներում, անհետ կորել։

  Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին մեր պատմության ամենափայլուն էջերից է: Հայազգի զինվորականների ավանդն այս պատերազմում հսկայական է եղել: Ինչպես նշել է խորհրդային մարշալ Ժուկովը. «Հայ մարտիկները` զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով»: Հայրենական մեծ պատերազմը գոյամարտ էր ամբողջ հայ ժողովրդի համար, ուստի զարմանալի չէր, որ Խորհրդային Միության, ինչպես նաև արտերկրում բնակվող հայերն ակտիվ մասնակցություն ունեցան պատերազմին: Շուրջ 650000 հայ մասնակցեց պատերազմին, որից շուրջ  350000-ը զոհվեց:

  Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է ինչպես Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, այնպես և Շուշիի ազատագրման օրերը։

  Մեր պարտքն է հարգանքի  տուրք  մատուցել այդ  սարսափելի պատերազմների զոհերի հիշատակին, ովքեր կյանքով են հատուցել մեր ապագայի համար։ Այսօր Հայրենական մեծ պատերազմի  վետերաների  շարքերը սակավամարդ են, ուստի պարտավոր ենք  նրանց և Արցախյան  հերոսամարտի վետերաներին վերաբերվել ակնածանքով ու խոնարհումով, քանզի նրանց ենք պարտական մեր կյանքով ու խաղաղության համար:

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է բոլորին տոնի առթիվ և մաղթում, որ Հայաստան աշխարհն այլևս պատերազմ չտեսնի և նրա երկնքում հավերժ թևածի խաղաղությունը:

 

Էդուարդ Թումասյան                

Հայաստանի արհմիությունների 

կոնֆեդերացիայի նախագահ