Երևան, 22.10.2017

Իրադարձային օրացույց

ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

Սպասված սեմինարներ

  2010թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնի հետ համատեղ անցկացրեց սեմինարներ “ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները” թեմայով, որի շուրջ պարզաբանումներ տվեց ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի վարիչ Միքայել Փիլիպոսյանը: Սեմինարները նախատեսված էին ճյուղային միության ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ Թալինի, Արարատի տարածքների, Գեղարքունիքի մարզի անդամ կազմակերպությունների արհմիության անդամների համար: Սեմինարներին մասնակցեցին ավելի քան 120 աշխատողներ, մասնավորապես արհեստակցական կազմակերպությունների ղեկավարներ, գործատուներ, հաշվապահներ, կադրերի գծով և այլ աշխատողներ: Բարձրացված հարցերը բազմաթիվ էին, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

  Նմանատիպ սեմինարներ նախատեսվում են անցկացնել նաև  առաջիկայում հանրապետության մյուս մարզերի արհմիության անդամների համար:

 

 

Տեղեկանք
Վարդենիսի տարածքի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության Տորֆավան, Գեղաքար, Ակունք համայնքների անդամ կազմակերպությունների աշխատանքային պայմանները ուսումնասիրելու մասին

 

2011 թվականի օգոստոսի 23-ին անդամ կազմակերպությունների աշխատանքային պայմանները ուսումնասիրելու նպատակով ես` ՃՀՄ աշխատանքի պաշտպանության գլխ. մասնագետ Ա.Ասատրյանս և Վարդենիսի տարածքի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Ա.Մանուկյանը այցելեցինք Վարդենիսի տարածքի  Տորֆավան, Գեղաքար և Ակունք համայնքներ: Ուսումնասիրության արդյունքները ներկայացնում եմ ստորև:
Տորֆավան համայնքը ունի 530 բնակիչ, նախկին ադրբեջանաբնակ գյուղ է, ներկայումս բնակեցված  է փախստականներով: Համայնքի ղեկավարը Ահարոն Խաչատրյանն է: Քանի որ համայնքը չունի սեփականաշնորհված հողեր, նրա սեփական եկամուտը շատ քիչ է: Համայնքը չունի սեփական վարչական շենք, բայց համայնքի բնակիչներից մեկի սեփական շինությունը վերանորոգվել է հասարակական կազմակերպությունների միջոցով, և երկու սենյակները օգտագործվում են որպես գյուղապետարանի աշխատասենյակներ, մնացած տարածքը` որպես համայնքային կենտրոն,որտեղ կա նաև փոքր դահլիճ: Աշխատանքային պայմանները բավարար են, “Շեն” հասարակական կազմակերպությունը ապահովել է գյուղապետարանին գույքով: Գյուղապետարանի աշխատողները վեցն են: Միջին աշխատավարձը 60000 դրամ է: Չկան միայն աշխատանքի համար անհրաժեշտ համակարգիչ և տպիչ:
Համայնքը չունի ո′չ դպրոց, ո′չ մանկապարտեզ: Դպրոցահասակ 85 երեխաներ հաճախում են մոտակա Լուսակունք և Վանեվան համայնքների դպրոցները: Սակայն դա դժվարությունների հետ է կապված. ձմռանը,  երբ ճանապարհները սառում են, երեխաների համար շատ դժվար է մոտ 3 կմ գնալ մոտակա գյուղը: Մանկապարտեզի խիստ կարիք կա, մինչև 5 տարեկան 30 երեխաներ կան համայնքում: 
Գեղաքար համայնքի բնակիչների թիվը 167 է: Համայնքի ղեկավարն է Աշոտ Խաչատրյանը: Գյուղապետարանը չունի սեփական շենք , սակայն օգտագործում է համայնքի դատարկ տներից մեկը, որը նորոգման կարիք ունի: Գյուղապետարանում 6 աշխատող կա: Միջին աշխատավարձը 43 000 դրամ է: Չունեն համակարգիչ և տպիչ: Համայնքի բյուջեն 7 մլն. դրամ է դոտացիայի հետ միասին, որից սեփական միջոցները 3 մլն. դրամ են: Հարկերը մեծ դժվարությամբ են հավաքվում: Համայնքի մեծ խնդիրներից է խմելու ջուրը, որը  10 կմ երկարության  ջրագծով գալիս է Ախպրաձորի համայնքից, և քանի որ ջրագիծը մաշված է , ջուրը տեղ չի հասնում:  Գազը  գյուղում նույնպես բացակայում է:
Ակունք համայնքի բնակիչների թիվը 4758 է: Համայնքի ղեկավարը Ա.Ղարիբյանն է: Համայնքում խորհրդային ժամանակներում կառուցված  մշակույթի տան մեծ շենքից միայն  պատերն են մնացել: Ներկայումս նորոգվում է դրա տանիքը, և տեղադրվում են պատուհանները: Գյուղապետարանը տեղակայված է նույն շենքում: Փաստորեն, աշխատողների համար պայմանները բավարար չեն: Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ ծրագիրը, որի միջոցով նորոգվում է մշակույթի տունը, շարունակական բնույթ է կրելու և գումարների առկայության դեպքում այն քիչ-քիչ կնորոգվի: Մշակույթի տունը ունի նաև մոտ 800 տեղանոց դահլիճ, բայց այն հնարավոր չէ օգտագործել, որովհետև գույք բոլորովին չկա: Գյուղապետարանում աշխատում է 26 մարդ, միջին աշխատավարձը 70000- 80000 դրամ է: Գործում է մանկապարտեզ, ուր հաճախում են 80 երեխաներ, սակայն ջեռուցում չլինելու պատճառով աշխատում է միայն տարվա տաք ժամանակ: 
Համայնքն ունի չլուծված խնդիրներ` գյուղամիջյան ճանապարհները նորոգման կարիք ունեն, ջրագիծը մաշված է` կառուցված  60-ական թվականներին: Համայնքի համար կարևորագույն խնդիրներից այժմ  գյուղտեխնիկայի բացակայությունն է. բերքը հավաքելու համար կոմբայն է անհրաժեշտ:


ՃՀՄ աշխատանքի պաշտպանության գլխ. մասնագետ          Ա.Ասատրյան

 

ՏԵՂԵԿԱՆՔ
Տաշիրի տարածքի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության որոշ անդամ կազմակերպությունների աշխատանքային պայմանները ուսումնասիրելու մասին

 

  2011 թվականի օգոստոսի 25-26-ին ՃՀՄ աշխատանքի պաշտպանության գլխավոր մասնագետ Ա.Ասատրյանը և գլխ. հաշվապահ Ջ.Թամրազյանը այցելեցին Տաշիր` տեղում գործնական օգնություն ցույց տալու նպատակով: Նույն օրը  այցելեցին 2 համայնք` Միխայլովկա և Նորաշեն:
  Միխայլովկա համայնքում /գյուղապետ Լևոն Դիլբարյան, հեռ.093-261888/ բնակվում է 900 մարդ, որից գրանցված են` 646-ը: Համայնքի բյուջեն 8 մլն. դրամ է, որից 2.7 մլն.-ը դոտացիան է: Համայնքը հիմնականում բնակեցված է փախստականներով: Գյուղապետարանի շենքը նորոգված է և  ապահովված գույքով: Գյուղապետարանի աշխատողները 6-ն են: Միջին աշխատավարձը 60000 դրամ է: Այնտեղ կա 260 տեղանոց դահլիճ: Գործում է պարի խումբ: Սակայն համայնքն ունի մեծ խնդիր: Համայնքի դպրոցի երկու մասնաշենքերը վերանորոգվել են վերջին տարիներին, իսկ երրորդը շատ վատ վիճակում է, տանիք չկա,  միայն պատերն են մնացել: Մասնաշենքի նորոգումը համայնքի համար կարևոր նշանակություն ունի, քանի որ համայնքում չկա մանկապարտեզ, դպրոցն էլ չունի սպորտդահլիճ, նորոգումից հետո, նախատեսնում է այդ շենքում մանկապարտեզ և սպորդահլիճ բացել:  Բացի այդ, կա դպրոցի տարածքի պարսպապատման անհրաժեշություն: Մասնաշենքը նորոգելու և տարածքը պարսպապատելու համար մոտ 200 մլն. դրամ ներդրում է հարկավոր, ինչը համայնքը չի կարող իրականացնել սեփական միջոցներով: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց նաև,  որ այդ աշխատանքների կատարման ծախսերի նախահաշիվը կազմված է:
  Նորաշեն համայնքում բնակվում է 1150 մարդ: Համայնքի ղեկավարը Արմեն Բաղդասարյան է /հեռ.093-475448/: Գյուղապետարանը տեղակայված է խորհրդային ժամանակաշրջանում կառուցված երկհարկանի տիպային շենքում և զբաղեցնում է շենքի 2 սենյակները: Աշխատանքային պայմանները բավարար են: Համայնքում կա մանկապարտեզի տարիքի 40 երեխա, բայց մանկապարտեզ չի գործում, քանի որ շենքը կիսաքանդ վիճակում է: Համայնքի ղեկավարն ասաց, որ մանկապարտեզի գույքի հարցը արդեն լուծված է, կազմված է նաև նորոգման նախահաշիվը:  Տվյալ պահին նորոգվում է մշակույթի տան երկհարկանի շենքը:

ՃՀՄ աշխատանքի պաշտպանության  գլխ.մասնագետ   Ա.Ասատրյան

 

 

80 - ԱՄՅԱ   ՀՈԲԵԼՅԱՆ

 

     

 

  2011 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական միությունը հանդիսավոր նշեց Հայաստանի պետհիմնարկների աշխատողների արհմիության 80-ամյակը:

 Հանդիսավոր նիստի մասնակիցներն էին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպոթյունների ճյուղային հանրապետական միության անդամ կազմակերպությունների առաջնորդները: Հրավիրվածների թվում էին հաև ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բ.Խարատյանը և Խ.Առաքելյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի պատասխանատու քարտուղար, ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Լ.Խաչատրյանը:

 Հանդիսավոր նիստը բացեց ՃՀՄ նախագահ Ե.Հակոբովան, նա ներկայացրեց Հայաստանի պետհիմնարկների աշխատողների արհմիության 80-ամյակի կապակցությամբ  լույս տեսած  “Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության պատմություն 1931-2011 թթ.” գիրքը: Շնորհավորելով բոլորին հոբելյանի առիթով` Ե.Հակոբովան նշեց նաև, որ այդ հոբելյանը վառ ապացույցն է նրա, որ  անկախ պետական, քաղաքական և սոցիալական փոփոխումներից, գիտակցելով հանդերձ չլուծված խնդիրների առկայությունը, արհմիությունը, այնուամենայնիվ, արժանապատվությամբ, վստահորեն քայլելով անցավ 80-ամյա սահմանագիծը: Իր ելույթն ավարտելիս ՃՀՄ նախագահ Ե.Հակոբովան ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանին հանձնեց ճյուղային միության նախագահության շնորհակալագիրը` գործնական աջակցություն ցուցաբերելու և սերտ համագործակցության համար:

  Հանդիսավոր նիստի մասնակիցներին ողջունեց նաև ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը, նա կարևորեց արհմիության 80-ամյակը նշելու գաղափարը, հիշատակեց արհմիության նախկին լիդերներին, արհմիությանը կոչ արեց շարունակել իր ակտիվ աշխատանքը և  ՃՀՄ նախագահ Ե.Հակոբովային հանձնեց պատվոգիր` շեշտելով, որ առաջին անգամ ՀԱՄԿ-ը պատվոգրի է արժանացնում ոչ թե անձի, այլ կազմակերպությանը` Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը աշխատողների շահերի պաշտպանության, սոցիալական գործընկերության զարգացման, արհմիութենական համերաշխության և հանրապետական միության կազմավորման  80-ամյակի կապակցությամբ:

  Շնորհավորական խոսքով հանդես եկան  նաև ՃՀՄ նախագահության անդամներ և անդամ կազմակերպությունների ղեկավարներ: Ելույթների հիմնական միտքն այն էր, որ չնայած արհմիությունը կայացել է և զբաղվում է և′ աշխատանքային պայմանների բարելավման, և′ սոցիալական խնդիրների լուծմամբ, բայց կան դեռ չլուծված խնդիրներ, որոնց համար արհմիությունը պետք է շարունակի պայքարել: Ելույթ ունեցողները առանձնահատուկ նշեցին արհմիության պատմությանը նվիրված գրքի կարևորագույն նշանակությունը արհմիության հետագա զարգացման  համար:

  80-ամյակին նվիրված տոնակատարությունն ավարտվեց “Արարատ” ռեստորանում հանդիսավոր ճաշկերույթով:

 

Տրանսպորտի թանկացումն ազդելու է  նաև  արհմիության  անդամների սոցիալական վիճակի  վրա

 

Հարցազրույց Հայաստանի պետհիմնարկների,  տեղական  ինքնակառավարման մարմինների  և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի  նախագահ Անահիտ Ասատրյանի  հետ

 

 

 

-Դուք  ընդգրկված եք Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ստեղծված տրանսպորտի  հարցերի քննարկման  հանձնաժողովի  կազմում: Ինչո՞վ է  հիմնավորվում տրանսպորտի թանկացումն ու  ի՞նչ  առաջարկներ են հնչում այն  կանխելու  ուղղությամբ:

 

-Մինչ  հանձնաժողովի ձևավորումը  մեր միության անդամներով  մասնակցել ենք տրանսպորտի սակագնի թանկացման  դեմ իրականացվող ակցիաներին, քանի որ այդ  թանկացումը խիստ  ազդելու է  նաև  արհմիության  անդամների սոցիալական վիճակի  վրա: Հանձնաժողովի  երկու նիստերի  ժամանակ ներկայացվեց  ուղեվարձի գնի  ձևավորման  վրա ազդող հիմնական  բաղադրիչների  հաշվարկները, որոշվեց հաշվարկը  կատարել  հաստատված  չափորոշինչներին համապատասխան:

 

-Բայց  չէ որ  հանձնաժողովի  խնդիրն է հիմնականում զբաղվել ոլորտի ուսումնասիրմամբ ու թերությունների  հայտնաբերմամբ:

 

-Իրականում  այդպես պետք է  լինի, սակայն նիստերում քննարկվում էր  մեկ ամսվա  կտրվածքով վարորդի աշխատավարձի և տրանսպորտային  միջոցի` հիմնականում չինական  ավտոբուսի և <Գազել>  մակնիշի  միկրոավտոբուսի մաշվածության,  վառելիքի ծախսերին,  ինչպես  նաև տեխնիկական  շահագործման  հաշվարկին ու  տրանսպորտի սակագնին վերաբերող հարցեր: Թեև  կարծում եմ, որ ուղեվարձի  բարձրացման խնդիրը հանձնաժողովի  իրավասության շրջանակներից  դուրս է: Դեռ 2012 թ.-ին քաղաքապետը հաստատել էր բոլոր երթուղիների չվացուցակը, ըստ որի դրանք  պետք է սպասարկեին առավոտյան  07:00-ից  մինչև 23:00-ն` միջինը 10 րոպե  հաճախականությամբ:

Ըստ  հաշվարկի, օրինակ,  միկրոավտոբուսի աշխատանքային  ժամի  տևողությունը  կազմում 16 ժամ, սակայն  վարորդը  ֆիզիկապես  չի  կարող աշխատել այդ  տևողությամբ: Կարծում եմ, որ պետք է  հստակեցվի  տրանսպորտային  միջոցի  ժամանակացույցը, որպեսզի  ուղևորն  իմանա, թե  երբ է  ժամանում  իրեն անհրաժեշտ  տրանսպորտը:

 

- Քննարկվե՞լ է արդյոք սպասարկող  տրանսպորտի որակի  հարցը:

 

-Իհարկե, քննարկվել է: Սպասարկման  որակի հարցը հնարավոր  է  կարգավորել անհրաժեշտ  մեթոդների կիրառման  դեպքում: Նախ,  վարորդը  չպետք է անձամբ  հավաքի  վարձավճարը, և քանի որ հավաքած գումարների  մի  մասն իրեն է պահում, ուստի  շահագրգռված է ուղևորասրահում հավաքել  հնարավորինս  շատ ուղևորներ,  որով արդեն իսկ  խախտվում է ուղևորների սահմանված  թվով  երթևեկելու կանոնը: Իսկ եթե վարորդին  արգելվի հավաքել վարձավճարները, ապա  նա ավելորդ ուղևոր  չի  վերցնի: Իհարկե,  նիստերի ժամանակ  տոմսի և տոմսավաճառի  հաստիքի  վերաբերյալ  քննարկում  չի եղել, քանի որ այն ընդգրկված չէ քաղաքային  տրանսպորտի  բարելավման  կարճաժամկետ  ծրագրերի շրջանակներում: Տեսնենք, թե հետագա  նիստերում քննարկումներն  ինչպես  կընթանան:

 

-Որպես ՃՀՄ-ի  նախագահ ուրիշ  ի՞նչ  հարց է  Ձեզ  մտահոգում:

 

-Մեզ  համար մտահոգիչ  է  նաև  վերջերս  բուռն արձագանքի արժանացած պարտադիր կուտակային  կենսաթոշակային  համակարգի հարցը: 1974 թ. հունվարի 1-ից  հետո  ծնված աշխատողների աշխատավարձից եկամտահարկի  հետ  մեկտեղ  գանձվելու է  նաև 5 տոկոս կուտակային  կենսաթոշակի  բաղադրիչը: Սակայն  արհմիության  աշխատողների աշխատավարձից / 70-100 հազար դրամ/ լրացուցիչ 5 տոկոսի գանձումը կբարդացնի նրանց սոցիալական  վիճակը:

Հարցն այն է, թե  20 տարի  հետո   կուտակած կենսաթոշակով ու այս  գնային անկայուն  քաղաքականության  արդյունքում հնարավոր  կլինի՞  նորմալ  ապրել: Այս  պայմաններում, երբ  նույնիսկ միջին աշխատավարձ ստացողը հազիվ է  կարողանում  հոգալ ընտանիքի  կարիքները, անթույլատրելի է ապագա թոշակի հետ  կապված  ֆինանսական  բեռը բարդել նրա ուսերին: Տարիքային  որոշ  խմբերի  համար կուտակային  կենսաթոշակային  վճարների սահմանումը  տրամաբանական  կհամարվեր , եթե 1974 թ.-ից  հետո  ծնված մարդիկ չվճարեին  նաև եկամտային  հարկում  ներառված,  նախկինում պարտադիր սոցիալական ապահովագրության  վճարները, որոնք  եկամտային  հարկի զգալի  մասն են  կազմում: Փաստորեն,  օրենքը տարիքային  խտրականություն է  սահմանում, քանի որ այդ թվից  հետո  ծնվածները կրկնակի են  վճարում, թե  ներկայիս թոշակառուների թոշակների և թե ապագայում ստանալիք  իրենց թոշակների համար: