Երևան, 11.12.2017

Իրադարձային օրացույց

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Տ Ե Ղ Ե Կ Տ Վ ՈՒ Թ Յ Ւ Ն

 Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության 4-րդ համագումարի պատվիրակների անունից 2012թ. հունիսի 29-ին բաց նամակ է ուղարկվել Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին` առողջապահության ոլորտում աշխատողների շահերի պաշտպանության նպատակով:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ՝   ՊՆ.    Ս.  ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

 

ԲԱՑ  ՆԱՄԱԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ IV-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՑ

 

Հերթական համագումարի պատվիրակները, ներկայացնելով ճյուղի ավելի քան քսան հազար աշխատողների շահերը, լուրջ մտահոգություն են հայտնում առողջապահության ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակի կապակցությամբ:

Վերջին տարիներին տագնապալի չափերի են հասնում բժիշկների  նկատմամբ բռնության դեպքերը: Մասնագիտական պարտականությունները կատարելիս  բուժաշխատողներն «արժանանում են» վիրավորանքների, ենթարկվում ծեծի, իսկ Գյումրիում շտապ օգնության բժշկի այցն ավարտվեց վերջինիս մահով: Համագումարի պատվիրակները խիստ դատապարտում են նաև հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու դեպքը, որը դարձավ  Վահե Ավետյանի մահվան պատճառ:

Համագումարի մասնակիցները գտնում են, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է նախ և առաջ առողջապահության ոլորտում առկա խորը համակարգային խնդիրներով: Առ այսօր բոլոր իրականացվող բարեփոխումները, այդ թվում` համավճարային նոր համակարգի ներդրումը, չեն լուծում ամենակարևոր` բնակչության լայն շերտերի համար բժշկական ծառայությունների հասանելիության խնդիրը:

Մարդկանց օրեցօր աճող դժգոհությունը ոլորտից առավել հաճախ վեր է ածվում ագրեսիայի հիվանդների հետ անմիջական շփման մեջ գտնվող բժիշկների հանդեպ:

Գոյություն ունեցող հիմնախնդիրները շարունակ կխորանան, քանի դեռ  պետության կողմից առողջապահության` որպես ազգի անվտանգության կարևորագույն ինստիտուտի, ֆինանսավորման մակարդակը շարունակում է մնալ ընդամենը ՀՆԱ-ի 1,5 %-ի սահմանում, քանի դեռ ճյուղում պահպանվում է կանխիկ, ֆորմալ կամ ոչ ֆորմալ վճարումներ կատարելու անհրաժեշտությունը բուժսպասարկում ստանալու պահին, հատկապես բուժծառայությունների գների զգալի աճի պայմաններում, քանի դեռ չի գործում պարտադիր բժշկական ապահովագրությունը` որպես քաղաքացիների սոցիալական պաշտպանության համակարգ, քանի դեռ  օրենսդրական մակարդակով կանոնակարգված չեն «հիվանդ և նրա հարազատներ - բուժաշխատող»  հարաբերությունները, հստակեցված չեն նրանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունները:

Համագումարի պատվիրակները հույս են հայտնում, որ Դուք` որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երաշխավոր, կդրսևորեք քաղաքական կամք և կձեռնարկեք անհետաձգելի միջոցներ` ապահովելու որակյալ և մատչելի բժշկական օգնություն ստանալու յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքը և բուժաշխատողների աշխատանքի անվտանգության իրավունքը:

IV-րդ համագումարի պատվիրակների անունից`

 

 

ՀՄ  ՆԱԽԱԳԱՀ`                             Գ. ԱՐՄԱՂԱՆՈՎԱ

                                                                     

ք. Երևան       29 հունիսի` 2012թ.

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

  Հայաստանի Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը 14.04.2011թ անցկացրեց սեմինար-խորհրդակցություն, որը կազմակերպված էր Աշխատանքի պետական տեսչության նախաձեռնությամբ` համաձայն  ՀԱՄԿ-ի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության:

  Սեմինարը վարել են ՀԱԱԱԿ ՀՄ նախագահ Գայանե Արմաղանովան, ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Լևոն Խաչատրյանը, Աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ Արմեն  Սմբատյանը  և  ԱՊՏ աշխատանքի պայմանների վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Հարությունյանը:        

  Գ. Արմաղանովան իր ներածական խոսքում ներկայացրեց սեմինարի նպատակը և խնդիրները` միտված իրազեկելու աշխատողներին իրենց աշխատանքային իրավունքների մասին:

  Արմեն Սմբատյանը հակիրճ ներկայացրեց ԱՊՏ  գործունեությունը` նշելով, որ հիմնականում իրենց սեմինարներին մասնակցում են վարչական աշխատողներ, իսկ նման ձևաչափով հանդիպում անցկացվում է առաջին անգամ:  Առողջապահության ոլորտում ստուգումների ժամանակ առավել հաճախ հանդիպող աշխատանքային օրենսդրության կիրառման հետ կապված խնդիրները պարզաբանելուց հետո նա հանգամանալից  պատասխանեց հնչած բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերվում էին աշխատանքային պայմանագրերին, ամենամյա արձակուրդներին, աշխատավարձերին,  հավելավճարներին և  հավելումներին:

  Սեմինարին մասնակցել են Երևան քաղաքի տարբեր բուժհաստատություններից 45 արհմիության անդամներ:

Ամփոփելով սեմինարի աշխատանքները` Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության նախագահ Գ. Արմաղանովան  և ԱՊՏ աշխատակիցները հույս հայտնեցին, որ նմանատիպ  հանդիպումները երկուստեք կարևորություն են ներկայացնում և  հետագայում պետք է կրեն շարունակական բնույթ: