Երևան, 28.10.2020

Կայքի հին տարբերակը

ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

(հարցերը մեր կողմից չեն խմբագրվում)

Հարց.

Կարո՞ղ են տեղափոխել  կամ երկարաձգել ամենամյա արձակուրդի օրերը, քանի որ դրանք համընկել են ՀՀ-ում արտակարգ դրության հիման վրա սահմանված անձանց պարտադիր ինքնամեկուսացման օրերի հետ:

 

Պատասխան.

 Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի  167-րդ հոդվածի՝ աշխատողի ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ, եթե  աշխատողը գտնվել է անաշխատունակության վիճակում կամ ձեռք է բերել նպատակային արձակուրդի տեսակներից  մեկի իրավունքը (տես՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդված),  կամ մասնակցել է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ  կարգով է աշխատողը ներգրավվել այդ աշխատանքներում:

 Օրինակ՝  բժիշկն իր հիմնական աշխատավայրից վերցրել է իր ամենամյա արձակուրդը և որպես կամավոր՝ աշխատում է մեկ այլ բժշկական հաստատությունում՝ միանալով համաճարակի անհապաղ կանխարգելման աշխատանքներին:

 Եթե  վերը նշված պատճառներն առաջացել են մինչև ամեամյա արձակուրդն սկսվելը, ապա ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ, որը, որպես կանոն, տրամադրվում է  նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում՝ սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը:

 Իսկ եթե դրանք առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:



Հարց.

Գործատուն բանավոր տեղեկացրել  է հաստիքների գալիք կրճատումների մասին՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Արդյո՞ք գործատուն իրավունք ունի իրականացնել  հաստիքների կրճատում, իսկ եթե այո, ապա ինչ կարգով:

 

Պատասխան.

 Հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, գործատուն պարտավոր է  աշխատողին գրավոր ծանուցել աշխատանքային պայմանագրի լուծման մասին ոչ  ուշ, քան երկու ամիս առաջ: Այդ գրավոր ծանուցման մեջ պետք է նշված լինեն «1) աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը, իսկ աշխատողին այլ աշխատանք առաջարկելու դեպքում` նաև պաշտոնի անվանումը, աշխատավարձի չափը կամ այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայության մասին, 2) աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը:»: 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ  հոդվածի 1 մասի 2-րդ կետի՝ գործատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լուծել աշխատողի հետ կնքնված անորոշ ժամկետով, ինչպես նաև որոշակի ժամկետով (նախքան դրա գործողության ժամկետի լրանալը) կնքված աշխատանքային պայմանագիրը` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում:

 Գործատուն կարող է լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, եթե  իր հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նոր աշխատանք՝ համապատասխան մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին, և աշխատողը մերժել է այդ առաջարկը:  Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է՝ առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

 Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության 115-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը ՝ գործատուն պարտավոր է աշխատողին տրամադրել ազատ ժամանակ՝ նոր աշխատանք փնտրելու համար, որի տևողությունը չի կարող պակաս լինել ծանուցման ժամանակահատվածում ներառվող աշխատաժամանակի տասը տոկոսից, իսկ ազատ ժամանակը պետք   է տրամադրվի միայն աշխատողի կողմից առաջարկված ժամանակացույցով: Այդ ժամանակահատվածում պետք է պահպանվի աշխատողի միջին աշխատավարձը, որը պետք է հաշվարկվի` հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձի չափը: Հարկ ենք համարում նշել, որ վերը նշված գրավոր ծանուցումն ուժը կորցրած պետք է ճանաչել, եթե ծանուցման ժամկետը լրանալուց հետո անցել է հինգ օրից ավելի ժամանակ, և գործատուն չի լուծել աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը:

 Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ գրավոր ծանուցման համար սահմանված ժամկետների չպահպանման, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերի հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը կարող է դիմել դատարան՝ անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում:



Հարց.

Ո՞ր դեպքերում գործատուն չի կարող լուծել աշխատանքային պայմանագիրը:

 

Պատասխան.

 Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի ՝ գործատուին արգելվում է լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, բացառությամբ այն դեպքերի, եթե «աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով»:

 Գործատուին արգելվում է նաև լուծել աշխատանքային պայմանագիրը  աշխատողի  արձակուրդում  գտնվելու ժամանակահատվածում, հղի կանանց հետ (հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը), երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում (բացառությամբ՝  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին,3-րդ, 5-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերի), ինչպես նաև  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նախատեսված դեպքերում:

 Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այս վերը նշված սահամանափակումները չեն  կարող կիրառվել կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) հետևանքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս:

 Գործատուն կարող է լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, եթե վերը նշված ժամակահատվածները ավարտվել են և աշխատողը չի ներկայացել աշխատանքի:

 Միաժամանակ տեղեկացնում ենք, որ աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել սույն Օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերը:



Հարց.

Ելնելով Հայաստանի  Հանրապետությունում տիրող իրավիճակից՝ հեռավար՝ տանից աշխատելու դեպքում արդյո՞ք գործատուն կարող է առաջադրանքներ ուղարկել և պահանջնել աշխատել « Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրված ոչ աշխատանքային, հիշատակի, ինչպես  նաև հանգստյան օրերին:

 

Պատասխան.

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 156 -րդ հոդվածի՝ «Ոչ աշխատանքային օրերին՝ Տոնական և հիշատակի օրերին արգելվում է աշխատողներին ներգրավել աշխատանքում, բացառությամբ այն աշխատանքների, որոնց դադարեցումն արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, կամ որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման, ինչպես նաև անհետաձգելի նորոգման և բեռնման կամ բեռնաթափման աշխատանքների կատարման համար: 
Հղի կանայք, մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց  համաձայնությամբ»:
Հիմք ընդունելով վերը նշվածը՝ «Տոների և հիշատակի մասին » ՀՀ օրենքի դրույթները նույնպես տարածվում են նաև հեռավար աշխատողների վրա  և գործատուն կարող է հեռավար աշխատողներին ևս հանգստյան, տոնական և հիշատակի ոչ աշխատանքային  օրերին ներգրավել աշխատանքի միայն հիշյալ օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:
Գործատուն կարող է ներգրավել  աշխատանքի հանգստյան օրերին և ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրերին նաև այն աշխատողներին, որոնք կնքել են ժամանակավոր աշխատանքային պայմանագիր (երկու ամիս ժամկետով): Այս դեպքում աշխատողներն այդ օրերին աշխատելու համար վճարվում են ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով՝ համաձայն Աշխատանքային օրենսգրքի 101-րդ հոդվածի:

 



Գոհար Մարտիրոսյան

Հարց.

ԲՈւՀ-ի ամբիոնների միավորման կապակցությամբ ծանուցվել եմ հնարավոր կրճատման մասին: Կրճատման պարագայում կլինի՞ արդյոք վերջնահաշվարկ և որքա՞ն կկազմի այն:

 

Պատասխան.

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն աշխատանքային պայմանագիրը կրճատման կապակցությամբ լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե աշխատանքային օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
 Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումներ, եթե աշխատողը  ունի չվճարված աշխատավարձ, չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում և այլ վճարներ:
 Վերջնահաշվարկ ստանալու դեպքում դրա չափը որոշվում է չվճարված վճարումների չափով: 
 Բացի այդ, աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով:



Հայկ Փայտյան

Հարց.

Բարև Ձեզ, նախ կցանկանայի կարևորել արհմիությունների կարևորությունը և իմ աջակցությունը հայտել՝ լինելով արհմիության անդամ իմ աշխատավայրում:
Մի հարց ունեմ, որի պատասխանը արհմիությունների մասին օրենքում չեմ գտնում: Եթե դժվար չէ, կարո՞ղ եք ինձ ուղարկել ՃՀՄ-երի կազմի ձևավորման մասին ՀՀ օրենքը կամ համապատասխան փաստաթղթերը… Եվ քանի որ նախատեսնում եմ իմ ակտիվ մասնակցությունն ունենալ արհմիությունների ծավալած հանրօգուտ գործունեության մեջ, հնարավորության դեպքում կցանկանայի նաև հանդիպել Ձեր ներկայացուցչի հետ:

 

Պատասխան.

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ պարբերության համաձայն արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում է, որը միավորում է տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) գործող արհեստակցական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են տվյալ ճյուղի առավելագույն թվով աշխատողներ:
Ձեզ հետաքրքրող այլ հարցերի կապակցությամբ կարող եք դիմել ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժին (ք. Երևան, Վ. Սարգսյան 26/3), մենք աշխատում ենք շաբաթվա բոլոր օրերին ( բացի շաբաթ և կիրակի օրերին), ժամը  9:00-18:00-ն:

Կատարող՝ իրավաբանական բաժին
հեռ.  (010) 58-21-49



Հովսեփ Մարտիրոսյան
Հարց.

Խնդրում են ներկայացրեք, հարազատի կամ բարեկամի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով, կա արդյոք կարգ աշխատանքից բացակայելու համար:

Պատասխան.
Հայասատանի Հանրապետության աշխատանաքային օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն  ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում աշխատողի պահանջով կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ ոչ պակաս 3 օրից:



Հայրապետ Հայրապետյան

Հարց.

Ես հաշվապահ եմ, խնդրում եմ ինձ ուղարկել աշխատանքային գրքույկների հանձնման-ընդունման ակտի ձև: Եթե հնարավոր է xl տարբերակով:

 

Պատասխան.

Կից ներկայացվում է ՀՀ կառավարության 2016թ. օգոստոսի 18-ի N882-Ն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքային գրքույկները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու կարգը սահմանող հավելվածի ձևը:

Բեռնել

 

Կատարող՝ իրավաբանական բաժին

հեռ.  (010) 58-21-49



ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, թե մեր երկրում առկա տնտեսական իրավիճակում երկար հանգստանալը ճոխություն է, ուստի առաջարկել էր հանդես գալ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ, որով 2019 թվականից սկսած Ամանորի տոները կկրճատվեն:

Կառավարությունն այս որոշումը հիմնավորում է հետևյալ կերպ. «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոների ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ ՈՒստի առաջարկվում է տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը, այսինքն` ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը»։ Բացի այդ, կառավարության համոզմամբ, նախածննդյան տոների ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից, ուստի իր հիմնավորման մեջ նշում է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացուցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը: Սրան գումարենք 15 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան»:

Գործադիրը, հղում անելով տարբեր երկրներում տարվա ընթացքում ոչ աշխատանքային օրերի վիճակագրությանը, եզրակացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվն արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած ու առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը, ուստի համարում է, որ հայ աշխատավորը հանգստյան օրերի պակաս չունի:


«Իրատեսի» հետ զրույցում Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների արհմիության նախագահ ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ նշեց, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով դեռ 2010 թվականին սահմանվել է ամենամյա վճարովի արձակուրդի տևողությունը, որը կազմում է 20 աշխատանքային օր, և ոչ թե 28 օրացուցային, ինչպես նշված է կառավարության հիմնավորման մեջ:
«Աշխատողը ստանում է արձակուրդային գումար այդ 20 աշխատանքային օրերի համար, հետևաբար շաբաթ և կիրակի օրերի համար, որոնք ընդհանուր հանգստյան օրեր են, արձակուրդային գումար չի հաշվարկվում: Նույն տրամաբանությամբ կառավարությունը կարող էր հաշվարկել նաև ամբողջ տարվա շաբաթ և կիրակի օրերը և նշել, որ մենք ունենք ևս 100-ից ավելի արձակուրդային օրեր։ Կառավարության ներկայացրած այլ երկրների արձակուրդների չափերի վերլուծությունը վստահություն չի ներշնչում»,- համոզված է Ա. Ասատրյանը:

Անդրադառնալով եկեղեցական տոներից հետո, ըստ ավանդույթի՝ Ննջեցյալների հիշատակման օրվա փոխարեն շաբաթ օրերին աշխատելու պարտադրանքին, Ա. Ասատրյանը նշում է, որ այդ կապակցությամբ արհմիության անդամներից բազմաթիվ բողոքներ են ստանում:
«Կարծում ենք, որ դրանք չպետք է փոխարինվեն շաբաթ օրերով։ Քանի որ քաղաքացին և նրա ընտանիքը պետության հիմքն են, ուրեմն այն, ինչ որ արվում է, ի վերջո պետք է արվի հօգուտ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, իսկ քաղաքացին ունի իր անձնական կյանքը, ընտանիքի անդամների հետ ունի պլանավորված միջոցառումներ, ծնունդ, կնունք, հարսանիք, ի վերջո շաբաթ-կիրակնօրյա հանգստի իրավունք և այլն։ Մեռելոց է՝ շատ լավ, բայց աշխատողի շաբաթ օրը թող մնա շաբաթ, որպես հանգստի հնարավորություն: ՈՒստի այն կարծիքին եմ, որ Ննջեցյալների հիշատակության օրվա (մեռելոց) կապակցությամբ տրամադրված հանգստյան օրվա փոխարեն շաբաթ օրն աշխատելու պարտադրանքով խախտվում է աշխատողի հանգստի իրավունքը»:

Ա. Ասատրյանը աշխատողի հանգստի իրավունքի խախտում է համարում նաև հանգստյան օրերին իրականացվող շաբաթօրյակները, որոնց շատ հաճախ հարկադրաբար մասնակցում են հիմնականում պետական հիմնարկների, ուսումնական հաստատությունների, քաղաքապետարանի աշխատակիցները: «Ես ամենևին դեմ չեմ, որ համայնքի բնակիչները միահամուռ օգտակար գործ անեն իրենց համայնքի համար: Բայց իրականում շաբաթօրյակները բոլորովին այլ բնույթ են կրում: Համայնքի բնակիչների մեծ մասը չի էլ ուզում մասնակցել շաբաթօրյակներին, փոխարենը դրանց հարկադրաբար մասնակցում են աշխատողները: Համոզված եմ, որ այդ շաբաթօրյակները ոչ մի օգուտ չեն տալիս հանրությանը, քանի որ մաքրությունը կամ ծառատունկը շատ ավելի լավ կարող են իրականացնել այն մարմինները, որ կոչված են դրա համար։ Ինչպես մեր վարչապետը կասեր՝ «որտեղի՞ց ձեր մեջ էս պոլիտբյուրոն», եկեք վերջ տանք անիմաստ շաբաթօրյակներին, որովհետև երբ մի բան մարդկանց սրտից չի բխում, այլ պարտադրվում է, երբեք չի կարող արդյունավետ լինել»,- համոզմունք հայտնեց Ա. Ասատրյանը:

Ինչ վերաբերում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ կառավարության հիմնավորմանը, ապա նա վստահեցնում է, որ օրենքի նախագծի փոփոխությամբ աշխատողների սոցիալական վիճակն էլ ավելի կվատանա:
«Եթե այժմ աշխատողը երկու օր ավելի հանգստանալով ստանում է այդ օրերի աշխատավարձը, ապա այսուհետ այդ նույն գումարի համար քրտինք պետք է թափի, հավելյալ ծախսեր անի աշխատանքի գնալ-գալու, ընդմիջմանը սնվելու համար, բացի դրանից զրկվելու է նաև ամանորյա լիարժեք հանգստի հնարավորությունից: Բազմիցս ականատես եմ եղել, երբ երկարատև տոն օրերին չեն աշխատում նաև այն ծառայությունները, որոնք պետք է անխափան աշխատեն, որպեսզի երկիրը ապրի իր բնականոն կյանքով։ Այստեղ, իրոք, խնդիր կա, որն արժանի է ուշադրության, չպետք է սահմանափակվել միայն ձևական հերթապահություններ սահմանելով: Ի դեպ, հարկ է հիշել, որ տոնական օրերին աշխատողները ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185 հոդվածի համաձայն պետք է վարձատրվեն կրկնակի»:

Սովորաբար, աշխատողների շահերին առնչվող առաջարկություններն ու նախագծերը հարկ է որ քննարկվեն աշխատողների ներկայացուցիչների՝ արհմիությունների և շահագրգիռ կողմերի հետ: Ա. Ասատրյանի փոխանցմամբ` Հանրապետական եռակողմ կոլեկտիվ պայմանագրով հստակ ամրագրված է, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը մինչև համապատասխան մարմնի կողմից դրանց ընդունումը ներկայացվում են Հանրապետական եռակողմ հանձնաժողովի կարծիքին, սակայն շատ օրենքներ և նախագծեր բոլորովին չեն քննարկվում եռակողմ ձևաչափով։ Այս նախագծի մասին նա տեղեկացել է կառավարության նիստից մեկ օր առաջ, կառավարության կայքից։ «Քանի որ եռակողմ հանձնաժողովը նախագահում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, և օրակարգն էլ նա է ձևավորում, եռակողմի քննարկմանը հիմնականում դրվում են այն նախագծերը, որոնք կամ մշակվում են այդ նախարարության կողմից, կամ գտնվում են այդ նախարարության իրավասության ներքո: Սակայն կառավարության պարտականությունն է մնացած նախագծերը ներկայացնել եռակողմ հանձնաժողովի քննարկմանը: Իսկ երբ դա չի արվում, արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք. ժողովրդավարական պետությունում ընդունվում են իրավական ակտեր, որոնց ժողովուրդը մինչև վերջին պահը տեղյակ էլ չի լինում»,- զրույցի ավարտին ասաց Անահիտ Ասատրյանը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

 

Սկզբնաղբյուրը՝ www.irates.am



Արթուր Բաղդասարյան

Հարց.

  Խնդրում եմ պատասխանել, արդյո՞ք կարող ենք աշխատանքային կոնտրակտի /պայմանագիր/ պատճեն վերցնել և ըստ ո՞ր հոդվածի:

Պատասխան.

  Ձեր հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի՝ գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին այն կնքելուց անմիջապես հետո: Նշված ժամկետում չհանձնելու դեպքում գործատուն պարտավոր է ցանկացած ժամանակ աշխատողի պահանջով նրան հանձնել աշխատանքային պայմանագրի օրինակներից մեկը:



Կարինե Եսայան

Հարց.

Կարող է արհեստակցանան միության ղեկավարը /նախագան/, որը միաժամանակ աշխատանքային պայմանագրով աշխատում է գործատուի մոտ և ստանում է համ իր պաշտոնավարման աշխատավարձը, համ արհմիության պաշտոնը վարելու համար աշխատավարձ, ազատվել աշխատանքից գործատուի մոտ /թոշակի տարիքի, կամ դիմումի հիման վրա/ սակայն մնալ արհեստակցական միության ղեկավարի պաշտոնի տակ և ստանալ վարձ:

Պատասխան.

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն արհեստակցական միության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինները, այդ թվում նաև արհեստակցական կազմակերպության նախագահը, ընտրվում են արհեստակցական միության բարձրագույն մարմնի կողմից` հինգ տարի ժամկետով: Եթե գործատուի հետ աշխատանքային պայմանագրով աշխատող և միաժամանակ արհեստակցական կազմակերպության նախագահի վճարովի պաշտոնը զբաղեցնող աշխատողը գործատուի հետ լուծում է աշխատանքային պայմանագիրը, ապա նա կարող է շարունակել արհեստակցական կազմակերպության նախագահի վճարովի պաշտոնը` մինչև նախագահի պաշտոնում ընտրված ժամկետի ավարտը:



Գուրգեն Դավթյան

Հարց.

Տարիքային կենսաթոշակի անցնելուց հետո կնքվել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, այն լուծելու դեպքում վճարելու են արձակման նպաստ թե՞ ոչ:

Պատասխան.

Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագիրը լուծվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ արձակման նպաստը աշխատողին տրվում է օրենսգրքի 129-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, որտեղ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում արձակման նպաստ նախատեսված չէ:



Խնդրում եմ, պարզաբանել, թե ո՞ր դեպքում է կնքվում որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր և արդյո՞ք գործատուն իրավունք ունի անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը լուծել և կնքել որոշակի ժամկետով պայմանագիր:
Պատասխան. 
 ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն որաշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները:
 Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև` ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով, համատեղությամբ աշխատանք կատարողների, սեզոնային աշխատանքներ կատարողների, ժամանակավոր (մինչև երկու ամիս) աշխատանքներ կատարողների, ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ, օտարերկրացիների` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի  վավերականության ժամկետով, տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և վաթսուներեք տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող  և վաթսունհինգ տարին լրացած անձանց հետ` գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում, գործատուն իրավունք ունի լուծել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը և կնքել որոշակի ժամկետով պայմանագիր:



Արդյո՞ք գործատուն իրավունք ունի նվազեցնել աշխատողի աշխատավարձի չափը և ո՞ր դեպքերում:
Պատասխան. 
Աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը գործատուն կարող է փոփոխել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում, ինչի մասին գործատուն աշխատողին պետք է ծանուցի օրենքով սահմանված ժամկետներում: 



ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու ի՞նչ կարգ գոյություն ունի:

Պատասխան.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի համաձայն  միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է  հաշվարկման միասնական կարգ: 
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակի (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: 



Անուշ Մնացականյան

   Խնդրում եմ սեղմ ժամկետներում, տալ իրավական կարծիք այն մասին, թե արդյոք համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի <<բ>> ենթակետի (65 տարին լրանալու) հիմքով աշխատանքից ազատելիս պետք է վճարվի արձակման նպաստ, թե ոչ` նշելով համապատասխան իրավական հիմքերը:

Պատասխան.

   <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի <<բ>> ենթակետով աշխատանքային պայմանագրի լուծումը համապատասխանում է որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծմանը և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածով նախատեսված է աշխատանքային պայմանագրի լուծման այն դեպքերը, որոնք աշխատողին իրավունք են տալիս արձակման նպաստ ստանալու համար: Սակյան, Ձեր կողմից նշված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքն աշխատողին արձակման նպաստ ստանալու իրավունք չի տալիս:



 Աշխատանքային գրքույկները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և դրանք աշխատողներին հանձնելու մասին


 <<Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության 2015թ. հունիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքով (այսուհետ` օրենք) ուժը կորցրած է ճանաչվել նաև օրենսգրքի 90 հոդվածը, որը վերաբերվում է աշխատանքային գրքույկների վարմանը: Աշխատանքային գրքույկում ներառված տեղեկատվության  պահպանման անհրաժեշտությունից ելնելով, օրենքով սահմանվել են օրենսգրքի 90-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչելու մասին անցումային դրույթներ: Այդ դրույթներով գործատուի վրա պարտավորություն է դրվել 2017թ. հունվարի 1-ից հետո երկու տարվա ընթացքում իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ Կառավարության լիազորված պետական կառավարման մարմին` աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը կենսաթաշակային համակարգի տվյալների շտեմարան (այսուհետ` շտեմարան) ներառելու համար և տարածքային բաժնից ստացած գրքույկները սահմանված կարգով  հանձնել աշխատողներին:
 Հիշյալ օրենքի դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանարպետության Կառավարությունը, ղեկավարվելով անցումային դրույթների պահանջներով,  2016թ. օգոստոսի 18-ի 882-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) սահմանել է <<Աշխատանքային գրքույկները Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու մասին>> կարգ:  
 Որոշմամբ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը շտեմարանում ներառելու համար ՀՀ Կառավարության լիազորված կառավարման մարմին է ճանաչվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն), որն էլ գործատուի կողմից ներկայացված աշխատանքային գրքույկները ընդունում և գրքույկներում առկա տեղեկատվությունը շտեմարանում ներառում, այնուհետև վերադարձնում է գործատուին իր տարածքային բաժինների (այսուհետ` տարածքային բաժին) միջոցով: Սահմանվել է նաև աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուի կողմից աշխատանքային գրքույկն աշխատողին հանձնելու կարգն ու պայմանները:
Ըստ կարգի, աշխատանքային գրքույկները գործատուն  տարածքային բաժին է ներկայացնում որոշակի խմբաքանակներով: Աշխատանքային գրքույկների թվաքանակը յուրաքանչյուր խմբում չի կարող 50-ից ավել լինել: Նախատեսված է նաև ըստ աշխատողների թվաքանակի աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամանակացույց:  Այսպես, ծառայությունը մինչև 2017թ մարտի 1-ը պատշաճ եղանակով ծանուցում է գործատուին աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամկետի մասին: Ծանուցումը պարունակում է նաև հետադարծ կապի տվյալներ`էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար:
Գործատուն, մինչև իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները տարածքային բաժին ներկայացնելը, աշխատանքային գրքույկում լրացված վերջին էջից հետո նշում է աշխատանքային գրքույկի լրացված բոլոր էջերի թիվը և ստորագրում, կնիքի առկայության դեպքում` կնքում, նշելով նաև իր զբաղեցրած պաշտոնը և անուն ազգանունը: 
Գործատուն ներկայացուցչի միջոցով իր  մոտ վարվող աշխատանքային գրքույկները  ներկայացնում է ցանկացած տարածքային բաժին` ստորագրված և կնքված հանձնման-ընդունման ակտով` երկու օրինակից, ակտում ներառելով գործատուի անվանումը և ՀՎՀՀ-ն, ներկայացուցչի անուն ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, տվյալ ակտին կից ներկայացվող աշխատանքային գրքույկների թիվը, վարձու աշխատողի (ում աշխատանքային գրքույկը ներկայացվում է) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, աշխատանքային գրքույկի սերիան ու համարը: Ընդ որում, մինչև 10 աշխատող ունեցող գործատուի դեպքում ակտը լրացվում է տարածքային բաժնում: Ակտը և գրքույկները ներառվում են տարածքային բաժնում վարվող համապատասխան մատյանում:
Ակտը մատյանում հաշվառելուց հետո տարածքային բաժինը լրացնում է ստացական` երկու օրինակից, որից մեկը կնքվում և կցվում է ակտի մեկ օրինակին և տրվում է գործատուի ներկայացուցչին, իսկ մյուսը` մնում է տարածքային բաժնում: Գործատուի ներկայացուցչին տրված ստացականի օրինակում նշվում է գրքույկների վերադարձման օրը: Աշխատանքային գրքույկները գործատուին են վերադարձվում դրանք տարածքային բաժին ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում: Հաշվի առնելով տարածքային բաժին ներկայացված աշխատանքային գրքույկների թիվը տարածքային բաժինը կարող է երկարաձգել աշխատանքային գրքույկների վերադարձման ժամկետը` ոչ ավել քան երկու ամիս ժամկետով: 
Աշխատանքային գրքույկներում տարածքային մարմինների կողմից անհամապատասխանություն..



  Ի՞նչ տարբերություն կա աշխատանքային պայմանագրերի և քաղաքացիաիրավական պայմանագրերի միջև, չէ՞ որ հաճախ երկու դեպքում էլ նույնանման աշխատանքներ են կատարվում:

Պատասխան.

   Աշխատանքային պայմանագրի հասկացությունը տրված է ՀՀ աշխ.օր-ի 83 հոդվածում, համաձայն որի աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի աշխատանք: Այսինքն պայմանագրի առարկան աշխատանք կատարելն է: Քաղաքացիաիրավական պայմանագրի կողմեր են հանդիսանում պատվիրատուն և կատարողը, իսկ պայմանագրի առարկան աշխատանքի արդյունքն է: Հաջորդ տարբերիչ հատկանիշը աշխատանքի կազմակերպման բնույթն է, որով աշխատողը պարտավորվում է ենթարկվել գործատուի մոտ սահմանված ներքին կարգապահական կանոններին: Մինչդեռ քաղաքացիաիրավական պայմանագրով կատարողը աշխատանքները կատարում է իր ռիսկով: Մյուս տարբերությունը աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունների անձամբ կատարելն է, իսկ քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում պարտավորությունների կատարումը հնարավոր է նաև այլ անձանց ներգրավելու միջոցով:



Առավել հաճախ ծագող հարցերը կարդալ ամբողջությամբ այստեղ


2015թ. ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններ

Ուղղեք Ձեր հարցը առցանց